«Համանախագահների համար անհրաժեշտ էր հավաստիանալ, որ ապրիլյան «քառօրյա պատերազմը» չի ստիպել կողմերին հրաժարվել Մինսկի խմբի ձեւաչափից եւ լուծումները փնտրել միայն ռազմաճակատում: 20 տարուց ավելի ձգվող բանակցությունների ընթացքում բազմաթիվ են եղել դեպքեր, երբ կողմերը մերժել են այս կամ այն առաջարկը, ավելացրել կամ պակասեցրել են տարբեր կետեր եւ մեխանիզմներ առաջ քաշած տարբերակներում, ունեցել են ռազմական սրացումներ, սակայն, թերեւս, առաջին անգամ է, որ լուրջ քննության է ենթարկվում հենց բուն ձեւաչափի կենսունակության եւ դրա արդյունավետության հարցը:
Ակնհայտ է, որ դրական տեղաշարժ խաղաղ կարգավորման հարցում դեռ չկա, ինչի արդյունքում զոհվում են մարդիկ: Ադրբեջանն օգտագործում է ամեն հնարավոր առիթ եւ միջոց իր մասին հիշեցնելու համար: Համանախագահների համար կարեւոր էր հասկանալ կողմերի, հատկապես՝ Հայաստանի տրամադրությունները (որը սկսեց խաղարկել նաեւ Արցախին բանակցային սեղան վերադարձնելու տարբերակը), հարցեր ուղղել Սերժ Սարգսյանին ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծի մասով, ինչպես նաեւ՝ Ադրբեջանից պարզել վերջինիս ռազմական արկածախնդրության դրդապատճառները եւ քաղաքական հաշվարկները եւ միգուցե նաեւ՝ հովանավորներին», «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանն` ամփոփելով Վիեննայում օրերս կայացած հանդիպումը` ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ եւ պաշտոնական Բաքվից` ձեռքբերված պայմանավորվածություններից հրաժարվելու հայտարարությունները:
Ինչ վերաբերում է Կասպրշիկի լիազորություններին ընդլայնմանը, ապա մեր զրուցակիցը նկատեց. «Եթե Ադրբեջանը մերժի այդ հանձնառությունը (ինչը լրիվ հավանական է, քանի որ Ադրբեջանը պետք է փորձի խուսափել իրեն փակուղի տանող առաջարկներից), հայկական կողմը պետք է պնդի, որ գոնե եղած լիազորությունների շրջանակում Կասպրշիկն ի վերջո գործի ավելի արդյունավետ: Չէ՞ որ Կասպրշիկը մշտադիտարկում է անցկացնում արդեն բազում տարիներ, եւ որեւէ մեկ անգամ հասցեական ոչ մի զեկույց չի եղել նրա գրասենյակի կողմից»:
Գեւորգ Մելիքյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ` մայիսի 24-ի տպագիր «Առավոտ»-ում:
Կարդացեք նաև
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ