Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողներն ու իրավաբանները քառօրյա պատերազմի վերաբերյալ կդիմեն միջազգային դատարան

Մայիս 23,2016 12:10

Լրագրողներն ու իրավաբանները հանդես են եկել նախաձեռնությամբ ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ` ընդդեմ Ադրբեջանի  դիմել միջազգային դատարան: «Մեդիա կենտրոնում» «Լրագրողների ու իրավաբանների առաջիկա քայլերը Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցում» թեմայով քննարկմանը լրագրողներն ու իրավաբանները հայտարարեցին, որ դեռ գտնվում են փաստահավաք փուլում:

«Մեդիա և իրավունք» ՀԿ-ի նախագահ Լիլիթ Լալայանը փաստեց, թե ականատես ենք եղել, որ մեր քաղաքացիական հասարակությունը, բացի անհատական դրսևորումներից, չի նախաձեռնում  ինչ-որ հստակ քայլեր. «Հետևաբար լրագրողներս ու իրավաբանները երկար ժամանակ մտածեցինք` ինչ անել, և նախաձեռնություն ստեղծեցինք, որ հակառակորդի կողմից ռազմական հանցագործությունը վիճարկենք միջազգային դատարանում»: Ըստ Լիլիթ Լալայանի` լրագրողների գործունեությունը պիտի լինի փաստահավաք, իսկ իրավաբանները կգնան դատական գործընթացը կազմակերպելու ուղղությամբ:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, թե շփոթմունք կա, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելիս իրավունք չկա այլ դատարան դիմելու: Նա պարզաբանեց, որ նման խնդիր չկա: Ըստ փաստաբանի`քառօրյա պատերազմի վերաբերյալ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցը բացի քաղաքականից պետք է ունենա նաև իրավական լուծում: Նա այս առիթով տեղեկացրեց. «Գործիքներից են Միջազգային քրեական դատարանն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ): ՄԻԵԴ-ի դեպքում դիմողը լինում է զոհը, այն անձը, որը տուժել է տվյալ իրավիճակից, իսկ Միջազգային քրեական դատարան կարող է դիմել մեր պետությունը, ՄԱԿ-ի անվտանգության  խորհուրդը և Միջազգային քրեական դատարանի կազմում գտնվող դատախազը, որը կարող է իր նախաձեռնությամբ հարուցել գործ: ՄԻԵԴ-ում պետությունն է պատասխանողը: Իսկ Միջազգային քրեական դատարանը այլ մակարդակում է գտնվում: Այն քրեական դատարան է. պատասխանատվության է ենթարկում ոչ թե պետությանը, այլ քաղաքացիներին»:

Նիկոլայ Բաղդասարյանը վստահեցրեց, որ եթե տեսներ, որ ուղի չկա միջազգային դատարանում հաջողության հասնելու, չէր նախաձեռնի այս գործը. « Մենք համադրում ենք մեր ձեռքի տակ գտնվող փաստերը միջազգային պայմանագրերի հետ, որ համոզվենք, որ ուղի կա և նոր հայտարարենք նախաձեռնության մասին: Ես համոզված եմ, որ ուղի կա և մենք հաջողության կհասնենք»:

Լիլիթ Լալայանն էլ նշեց, որ կա ցուցակ, թե որ լրատվամիջոցներն են լուսաբանել քառօրյա պատերազմի օրերին կատարված իրադարձությունները, ուստի նամակներ են ուղարկել այդ լրատվամիջոցներին և խնդրել ոչ միայն տրամադրել այն նյութերը, որոնք հրապարակվել են, այլ նաև հում նյութերը, որոնք չեն հրապարակվել: Օրինակ` Ադրբեջանի կողմից այնպիսի զինատեխնիկա է օգտագործվել, որն արգելված է.  Սմերչի լուսանկար, ՊՆ-ի կողմից ապացույցներ և դրանք բոլորը հավաքվում են: Լիլիթ Լալայանը շեշտեց, որ ապացույցներն էլ պիտի լինեն առանց հակափաստարկի հնարավորության:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031