Մայիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Սիրիայից և Իրաքից Հայաստան ժամանած Ասորի Ուղղափառ Եկեղեցու շուրջ 50 ուխտավորների` ուղեկցությամբ Մեծ Բրիտանիայի Ասորի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Մար Աթանաս եպիսկոպոսի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացնելով ուխտավորներին` Մար Աթանաս եպիսկոպոսը նշեց, որ Հայաստան են ժամանել` ծանոթանալու առաջին քրիստոնյա ժողովրդի հարուստ մշակույթին ու հոգևոր արժեքներին:
Վեհափառ Հայրապետը, իր հայրապետական պատգամը փոխանցելով Քույր Եկեղեցու ուխտավորներին, մասնավորապես նշեց, որ երկու դավանակից Եկեղեցիների պատմական առնչությունները հասնում են մինչև հեռավոր դարերի խորքեր: Հայոց Հովվապետն ընդգծեց, որ երկու քրիստոնյա ժողովուրդները պատմության ընթացքում հաճախ ստիպված են եղել սեփական կյանքով հատուցել քրիստոնեական հավատքի ու արժեքների համար, ինչի վկայությունն են նաև Օսմանյան Թուրքիայում իրականացված զանգվածային կոտորածները, որոնց զոհ գնացին միլիոնից ավել հայեր և հարյուր հազարավոր ասորիներ: Նորին Սրբությունը փաստեց, որ զորեղ հավատքի ու Տիրոջ Ս. Հարության նկատմամբ հավատքի շնորհիվ է, որ երկու ժողովուրդները կարողացել են դիմագրավել այդ բոլոր արհավիրքներին ու փորձություններին:
Նորին Սրբությունը, վերստին իր գնահատանքը փոխանցելով ուխտավորներին, հորդորեց, որ իրենց ամուր, աննկուն ու հաստատուն հավատքով մշտապես շարունակեն նեցուկ լինել Սիրիայի և Իրաքի քրիստոնյաներին: Վեհափառ Հայրապետը նաև իր եղբայրական սիրո ջերմ բարեմաղթանքները փոխանցեց Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Եփրեմ Բ-ին` աղոթելով Ասորի Եկեղեցու ողջ հոգևորականաց դասի համար:
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և փախստականներին վերաբերող խնդիրներին: Այս առնչությամբ Աթանաս եպիսկոպոսը անդրադարձավ Մերձավոր Արևելքում տիրող ճգնաժամային իրավիճակին, որի հետևանքով տարածաշրջանի խաղաղ բնակչությունը կանգնած է ոչնչացման լուրջ սպառնալիքի առջև:
Միասնական Տերունական աղոթքից հետո հանդիպումն եզրափակվեց հայրապետական «Պահպանիչ» աղոթքով:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ու Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:
Ասորի Ուղղափառ Եկեղեցու ուխտավորները Մայր Տաճարում մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագին:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին