Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Քառօրյա պատերազմի արդյունքների վերանայումը պատիվ չի բերում իրենց հայ համարող քաղաքական գործիչներին»

Մայիս 22,2016 16:04

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մայիսի 21-22-ը կայացավ «Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ համաժողովը», որին մասնակցում են խորհրդարանական 15 կուսակցություններ` ՀՀ-ից եւ Արցախից: ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն Aravot.am-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց` տեղեկացնելով, որ քննարկել են համաժողովի մասնակիցների համատեղ հայտարարության եզրափակիչ տեքստը, նաեւ կուսակցական գործունեությանը վերաբերող շատ հարցեր, այդ թվում` միջազգային հարթակներում հայկական երկու պետություններին հուզող ազգային եւ պետական խնդիրների շուրջ համախմբված եւ համատեղ աշխատանքի հնարավորությունները:

Մեր զրուցակցի փոխանցմամբ` համատեղ հայտարարության տեքստի շուրջ բազում առաջարկություններ են եղել, դրանք կամփոփի խմբագրական խորհուրդը, եւ, ամենայն հավանականությամբ, վաղը երեկոյան կտրամադրի լրատվամիջոցներին:

«Իհարկե, մենք տարբեր ենք, ներկայացնում ենք տարբեր կուսակցություններ, բայց այս երկու օրերին Արցախում փորձել ենք գտնել ու բյուրեղացնել այն, ինչը մեզ միավորում է. իսկ մեզ միավորում է շահագրգռվածությունը` երկու հայկական պետությունների քաղաքական համակարգերի կայունության, քաղաքացիների շահերի արտահայտման եւ առաջխաղացման եւ, իհարկե, ազգային իղձերի իրականացման ճանապարհին, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման եւ միջազգային ճանաչման հետ կապված խնդիրներում միասնական արժեհամակարգը: Մեզ հաջողվել է աշխատել, համաժողովը ստացվեց, դա բոլորի գնահատականն էր: Կարեւոր էր, որ բազմակարծության իրական քննարկումների միջավայրում կարողացանք ընդհանուր հայտարարի գալ այն հարցերի շուրջ, որոնք ընդհանրական կարեւորություն ունեն քաղաքական դաշտի համար»,-նկատեց Արմեն Աշոտյանը:

Նա նշեց, որ համաժողովի շրջանակում ԼՂ հակամարտության կարգավորման եւ ԼՂՀ միջազգային ճանաչման խնդրի շուրջ ռազմավարական տարաձայնություններ չեն արձանագրվել. «Դետալներում կարող են լինել տարբեր մոտեցումներ եւ տարբեր քաղաքական շարժառիթներով պայմանավորված հրապարակային ելույթներ, սակայն իրականության մեջ, ինչպես քառօրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո, կարծում եմ, քաղաքական գիտակից վերնախավը պարտավոր է դրսեւորել միասնականություն, հատկապես` ազգային եւ պետական անվտանգությանը վերաբերող հարցերում»: 



Արմեն Աշոտյանի գնահատմամբ` համաժողովն ապացուցեց, որ կուսակցություններն իրար հետ շփվելու կարիք ունեն, որովհետեւ քաղաքական պայքարը չափազանց փոքր տեղ է թողնում միջկուսակցական երկխոսության եւ երկրի առանցքային խնդիրների շուրջ հայեցակարգային մոտեցումների բյուրեղացման համար. «Բոլոր մասնակիցները գրեթե միաբերան պնդում էին, որ աշխատանքային գրաֆիկը պետք է լինի ոչ միայն պլենար նիստերով, այլեւ աշխատախմբերով` ավելի խորքային եւ մանրակրկիտ քննարկումների համար. այս մեկ ու կես օրն անգամ չբավարարեց, որպեսզի կարողանայինք բոլոր հարցերին անդրադառնալ: Փորձեցինք տարբերակել կարեւոր հարցերը: Մյուս դիտարկումն էլ նա էր, որ այս ձեւաչափը պետք է շարունակական լինի` որպես երկխոսության եւ բազմակարծության հարթակ, որտեղ ձեւավորվում է միասնականություն: Միանշանակ է, որ համաժողովը կմնա գրանցված արցախյան հողում, մենք մտադիր ենք հաջորդ տարիներին ընդլայնել կուսակցական կառույցների ցանկը»:

Լուսանկարը՝ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը՝ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Արմեն Աշոտյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե Արցախում ինչ գնահատականներ էին հնչում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի՝ անմշակ հողերի վերաբերյալ դիտարկմանը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` 800 հեկտար կորցնելու մասին հայտարարությանը:

«Արցախում, առհասարակ, քաղաքականության հանդեպ առկա է այնպիսի վերաբերմունք, որը, կարծում եմ, նախանձելի է եւ որը պետք է որդեգրվի նաեւ Հայաստանում: Արցախի ժողովրդի, ինչպես նաեւ Հայաստանի ժողովրդի մի զգալի մասի մոտ առաջնայինը երկրորդականից տարբերելու հստակ իմաստություն կա. քաղաքական այս կամ այն հրապարակային ելույթներն ու քննարկումներն Արցախում երբեք սկզբունքներ չեն փոխել: Մենք ենք փորձում պարբերաբար Հայաստանում ավելի բուռն քննարկումներ ձեւավորել ընթացիկ հայտարարությունների եւ ելույթների շուրջ, եւ երբեմն որոշ շրջանակներ փորձում են ստվերել կարեւորը»,- այսպես արձագանքեց ՀՀԿ փոխնախագահը, ապա հավելեց.

«Կարծում եմ` երկրորդականն առաջնայինից տարբերելու հմտություն ունենք, եւ հայաստանյան ներքաղաքական երբեմն անհրապույր անցուդարձն Արցախում չի ազդում մտածելակերպի եւ աշխատանքների վրա: Ամեն մի մաստակ ունի իր պիտանելիության ժամկետը: Անգամ եթե «մաստակ» ենք սարքում որեւէ թեմա, ակնհայտ է, որ որոշ ժամանակ անց թեման պետք է դուրս գա շրջանառությունից, որովհետեւ քառօրյա պատերազմի արդյունքների ռեւիզիան, որն այսօր փորձում են իրականացնել որոշ քաղաքական շրջանակներ, դատապարտելի է: Դատապարտելի է պարտվողականության սերմանումը, մեր զինվորների եւ ժողովրդի սխրանքների թերագնահատումը, պետականության գոյության պայմաններում պետականության նկատմամբ հարգանքի բացակայության դրսեւորումը: Այս ամենն է պարսավելի ու դատապարտելի, սա իրականում խնդիր կդառնա, եթե զանգվածային լինի եւ «համաճարակի» վերածվի:

Հայաստանում քննարկումների նման մթնոլորտն այսօր շատ մակերեսային է եւ նեղ-սեգմենտալ: Այն, ինչ թվարկեցի, դատապարտելի է: Քառօրյա պատերազմի արդյունքների վերանայման դրսեւորումները պարզապես պատիվ չեն բերում իրենց հայկական համարող քաղաքական ուժերին եւ իրենց հայ համարող քաղաքական գործիչներին»,-եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ համաժողովի մասին Aravot.amզրուցել է նաեւ ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ Արթուր Թովմասյանի, նաեւ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանի  հետ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Հազար ներողութիւն,
    սակայն հողային կորուստի/ռազմական նահանջի նիւթը երկրորդական չի:

    Այո, կարգ մը քաղաքական գործիչներ անուղղամիտ կերպով շահագործում են այդ նիւթը: Սակայն դա չի նշանակում թէ էական նիւթ չէ:

    Եկէք պատկերացնենք մի վարկեան որ մենք սահմանագիծը առաջացուցած ըլլայինք, թեկուզ համեմատաբար փոքր չափով: Այդ իրողութիւնը որպէս երկորդական, աննշան նի՞ւթ էինք արժեւորելու…

    Այս նիւթից պէտք չէ փախչիլ:

    Կամ ետ առնենք այդ դիրքերը,
    կամ ել ընդունինք որ նշանակալից խնդիր է այդ:

    Ես ինքս հաստատօրէն համոզված եմ որ յառաջիկային վերատիրանալու ենք խնդրոյ առարկայ դիրքերին:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031