Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Ամեն օրը տղաների համար օրհասական է»

Մայիս 22,2016 15:39

ՀՀ նախագահ, Վեհափառ Տեր, ՀՀ վարչապետ և ՀՀ Պաշտպանության նախարար, տղաների առողջության վերականգնումը Ձեր բարոյական որոշումներից են կախված, խնդրում ենք շտապել

Չնայած օրը կիրակի է ու կառավարությունը հանգստանում է, բայց կա հրատապ մի մարդասիրական խնդիր, որը կիրակի ու հանգիստ չի ճանաչում:

Այդ խնդիրը կապված է այն զինվորների առողջության հետ , ովքեր ապրիլյան պատերազմի ժամանակ ծանր վիրավորումներ են ստացել և որքան էլ մեր բժիշկները, իրենց կաշվից դուրս գալով, անում են Հայաստանում հնարավոր ամեն ինչ, այդ տղաների կյանքն ու դրա հետագա որակը կախված է արտերկրում նրանց բուժման հնարավորությունից:

Այնտեղ էլ չեն երաշխավորում տղաների առողջության 100% վերականգնում, սակայն երաշխավորում են նրանց ֆիզիկական ինքնուրույնության ավելի բարձր աստիճան: Որքան տեղյակ եմ, նման կարիք ունեն չորսը:

Վիրավորներից երկուսի՝ Արման Լազգիյանի և Ռուբեն Առաքելյանի համար գերմանական համապատասխան կլինիկաներից ստացվել են նրանց բուժման ու վերականգնման համար անհրաժեշտ գումարի վերաբերյալ թղթերը, որոնք ներկայացվել են առողջապահության և պաշտպանության նախարարություններին: Գումարի մի մասը, ինչպես մայիսի 18-ին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետը, անձամբ է տվել, նաև ասաց, որ այո՛, ունենք ՀՀ օրենք՝ անհրաժեշտության դեպքում վիրավոր զինվորների բուժումը արտերկրում կազմակերպելու մասին ու ավելացրեց, որ եթե օրենքն էլ չլիներ, մեր բարոյական պարտքն է մեր զինվորների առողջությունը վերականգնելու համար ամեն ինչ անել: Սա շատ պատասխանատու հայտարարություն է, որն ի լուր աշխարհի ԱԺ ամբիոնից արեց ՀՀ վարչապետը և շատ ամոթ կլինի, եթե իր խոսքերին տեր չկանգնի: Այս խնդրի լուծման շահագրգիռ անձերից մեկն էլ, չենք կարող ուրանալ, առողջապահության նախարարն է:

Սակայն ծնողների անուններով բացված հաշվեհամարներում կուտակվածը դեռևս բավարար չէ տղաների բուժման համար պահանջվող գումարից: Քանի որ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված ինչ-որ հանձնաժողով այդպես էլ այն կարծիքին է, որ Հայաստանում էլ կարող են բուժումը շարունակել, հետևաբար ակնհայտ է, պետբյուջեից ոչ մի լումա չի փոխանցվելու, չնայած վերոնշյալ օրենքով արտերկրում բուժման նպատակի համար պետական բյուջեից հատկացված գումարը նաև կյանքի որակին է վերաբերում, որն այս պարագայում անվերապահորեն պետք է իրականացվի:

Ես չէ, որ պետական պաշտոնյաներին ու օլիգարխներին պիտի համոզեմ, թե որքան կարևոր է այս 19-ամյա տղաների համար բուժումը արտերկրում կազմակերպելը, որովհետև իրենք իրենց փորձից գիտեն՝ հենց երկու անգամից ավել են փռշտում, թռնում են Եվրոպա բուժզննման ու բուժման, իսկ որոշները, իրավունք ունեմ ենթադրել, նույնիսկ պետբյուջեի հաշվին: Ստացվում է, ծնողները պետբյուջեից հույսները կտրեն, բա որտեղի՞ց էս մարդիկ գտնեն այն գումարները, որոնց կյանքում չեն տեսել: Իհարկե հայ ժողովուրդն օգնել ու օգնում է, բայց միևնույն է՝ բավարար չի:

 Հիմա նորից գանք «Մարտիկ» հիմնադրամին, որի կանոնադրական նպատակներից մեկը բարեգործությունն է և ըստ Azdarar.am կայքի հաշվետվության, այնտեղ կա 1,2 մլն դոլար: Հիշում եք, որ նրան էլ ենք դիմել, խոստացել են մինչև երեքշաբթի պատասխանել: Ծնողները հուսով են, որ ՀՀ նախագահը, Վեհափառ Հայրապետն ու ՀՀ պաշտպանության նախարարը կկայացնեն ու կստորագրեն այն որոշումը, որով զինվորների առողջության վերականգման համար անհրաժեշտ մնացած գումարը կհատկացնի այս հիմնադրամը: Այդ դեպքում այն 12404 հայերը, ովքեր ներդրում են արել այդ հիմնադրամին, վերջապես կհասկանան, թե նաև ինչի՞ վրա են ծախսվում «Մարտիկ» հիմնադրամի գումարները, նամանավանդ որ այդ պահանջը ձևավորվել է հենց իրենց կողմից:

Ամեն օրը տղաների համար օրհասական է:

ՀՀ նախագահ, Վեհափառ Տեր, ՀՀ վարչապետ և ՀՀ Պաշտպանության նախարար, տղաների առողջության վերականգնումը Ձեր բարոյական որոշումներից են կախված, շտապե՛ք:

Անահիտ ԲԱԽՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031