Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ Ազնավուրը. «Մինչ կուլիսներում սերն էր սպասում ինձ, ես նվաճեցի Փարիզը»

Մայիս 22,2016 16:23

«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ, հեգնանքով և արհամարհանքով լի ժպիտներ.«Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»…Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար…»

Աշխարհահռչակ երաժիշտ Շառլ Ազնավուրի խոսքերն են՝ իր ու իր անցած ճանապարհի մասին: «Եթե ինձ վիճակվեր կրկին ապրել, ապա այդ բոլորը նորից կապրեի նույնությամբ»,- գրել է նա իր «Ազնավուրը Ազնավուրի մասին» (Երեւան-1976թ.) ինքնակենսագրական գրքում, երբ դեռ մոտ 50 տարեկան էր: 

Այսօր մենք տոնում ենք այդ հրաշք մարդու ծննդյան 92- ամյակը: Հայերս միշտ էլ հպարտանում ենք նրա ծագումով, հայ լինելու փաստով, աշխա՛րհն էլ՝ նրան ունենալու բախտով: Թե ու՞մն է պատկանում Ազնավուրը, Ազնավուրն իրեն ումն է համարում, անիմաստ, ոչ մի տեղ տանող խոսակցություններ են… Ես սիրում եմ պարզապես խոսել Ազնավուրի մասին…շատ խոսել նրա մասին, որովհետեւ նրա մասին խոսելիս, նրա մասին ու նրան կարդալիս, դու քեզ փոքր ու անկարող չես զգում, դու հասկանում ես պայքարի ու չկոտրվելու, սեփական թերություններդ ժպիտով դիմավորելու, կյանքի դժվարությունները համառության շնորհիվ ճանապարհելու կարեւորությունը, տեսնում ես մարդու ամենակարող լինելու հնարավորությունը:

Ես իմ 15-ամյա քրոջն եմ անընդհատ հորդորում, որ կարդա, վերընթերցի Ազնավուրի մասին, խորհուրդ եմ տալիս ինձնից կրտսեր իմ ընկերներին, որովհետեւ գիտեմ՝ Ազնավուրն ու նրա ընկալումները անձի մասին կարող են շատ լուրջ ու շատ լավ ազդեցություն թողնել շատերի վրա: Իսկապես ուզում եմ, որ բոլորը կարդան մեծ դժվարությամբ աշխարհ նվաճած մարդու հաջողության պատմությունը. իմ փորձից ասեմ, որ կարծում եմ, որ գիրքը պետք է պարտադիր կարդան դպրոցահասակները, որ հետո այն դարձնեն իրենց ամբողջ կյանքի «դասագիրքը»: Ազնավուրին պետք է կարդան դժվարությունների մեջ հայտնված, ելք փնտրող մարդիկ, թող կարդան հաջողությունների հասած եւ դրանց ներկայությունից արդեն կուրացողները… կարդան անընդհատ, անդադար հաջողություններ փնտրող մարդիկ…

Իմ հիշատակած գրքում Ազնավուրն է՝ շատ տեսանելի, «մի կաբարեի դիրեկտորից» մյուսի մոտ վազող: Ձայնը խզվելու աստիճան երգում էր՝ որտեղ պատահեր, ինչ գնով պատահեր, բայց այդպես էլ «անվանի չէր դառնում», երբեմն բեմում բերանը բացելուն պես դահլիճում «մի աներեւակայելի» ծիծաղ էր պայթում, որին հաջորդում էին խլացնող սուլոցները, բայց նա նորից, համառորեն բեմ էր բարձրանում… իսկ իր  համար հանկարծակի եկած հաջողությունը մի օր պետք է զարմացներ. «Իրոք որ չէի փոխվել: Ձայնս, արտաքինս, հասակս, զգեստներս, շարժումներս, երգերս՝ բոլորը, բոլորը նույնն էին: Գուցե ժամանակ էր պետք, որպեսզի ընտելանային ինձ: Կամ գուցե ես պետք է ծայրահեղ հուսահատության մեջ ընկնեի, որպեսզի նրանք ընդունեին ինձ: Չգիտեմ…. Իրոք, ի՞նչ կատարվեց…. Գուցե այն, որ նրանք հասկացան, թե ինչպիսի ջերմեռանդությամբ եմ սիրում իմ արվեստը: Ով գիտե»:

Հետո հաջողության հասած մարդը առաջին իսկ պարտությունը պետք է վերլուծի. «Իրականում ճշմարտությունն այն էր, որ ես գերագնահատեցի իմ ուժերը, փքվեցի, կարծեցի, որ հասել եմ գագաթին: Էլ երբեք չպետք է թույլ տամ նման սխալներ… այս պարտությունը պետք է հաղթանակին ծառայեցնեմ…»: Սա է, իմ սիրելի Շառլ Ազնավուրը, որից ես փորձում եմ անընդհատ  ինչ-որ բան սովորել, որին միշտ հետեւում եմ գրքերում, թերթերում, կայքերում, որովհետեւ  իր պատմածով՝ ամենադժվարն ու ծանրն այնքան թեթեւ ու հեշտ են թվում, որովհետեւ նրա լավատեսությունը վարակիչ է, նրա հաջողության պատմությունը լուրջ օրինակ է.

«Ելույթս ունեցավ այն ավարտը, ինչ ես տենչում ու սպասում էի այդքան տարիների դժվարությունների, նվաստացումների ու բոլոր տեսակի թշնամիների միջով:

Ինձ նորից ու նորից են կանչում: Ես կանգնած եմ, չիմանալով ինչ անել: Մինչ փառքի թեւերը գրկում են ինձ, վերցնում իր սրտի վրա, իմ սիրտը հալչում է հուզմունքից:

Ես կանգնած եմ ծափերի տարափի տակ՝ անշարժ, շվարած, արցունքներն աչքերիս:

Այո, այդ երեկո մինչ կուլիսներում սերն էր սպասում ինձ, ես նվաճեցի Փարիզը»:

 Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ողջ առասպել է մարդը, ասելիք չկայ: Կեանքի եւ ասպարէզի դժուարութիւններից անկախ, ստեղծագործական շունչը բառացիօրէն՝ անսպառ է: Վեց հարիւրից աւելի երգեր յօրինած է մինչ օրս, եւ տակաւին կը շարունակէ յօրինել: Բացատրել է նաեւ թէ իր այդ հրատարակուած երգերից զատ, տակաւին հարիւրներով եւս ունի, անտիպ:

    Ազգային տեսանկիւնից, կեցուածքն ու յայտարարութիւնները յաճախ վիճելի են… Ինք ալ այդ գիտէ, զգոյշ է այդ ոլորտում, բայց մէկ-մէկ ծուղակի մէջ կ’իյնայ: Սակայն որպէս – առաջին աստիճանի – Հայութեան համաշխարհային դեսպան, իր նմանը իրոք չկայ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031