Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ առյուծի սիրտ պետք է ունենաս, որ Ռոբերտ Աբաջյան դառնաս». Գագիկ Գինոսյան (Տեսանյութ)

Մայիս 21,2016 21:16

Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամները, այդ թվում` մեկ տասնյակից ավելի երեխաներ, այսօր` մայիսի 21ին, Հենրիկ Մալյանի անվան թատրոնում էին: Մշակույթի մի խումբ գործիչների նախաձեռնությամբ նրանց համար կազմակերպվել էր միջոցառում, որի ընթացքում մեծարանքի խոսքեր հնչեցին նահատակվածների մասին, հիշատակվեցին նրանց սխրագործությունները: Միջոցառման ընթացքում զոհվածների ընտանիքների համար կազմակերպվեց հանգանակություն:

DCIM106MEDIA

DCIM106MEDIA

DCIM106MEDIA

«Չգիտեինք, որ Վրեժը պատերազմի դաշտում է, մեզ ասում էր, որ այդտեղ չիԱմուսինս շատ քաջ էր, ասում էր` որտեղ կռիվ լինի, ես պետք է այդտեղ լինեմ: Ես էլ ամեն անգամ ասում էի` «Վրեժ, բա մեր ընտանի՞քը» Իսկ նա հակադարձում էր` «ես պետք է հայրենիքը պաշտպանեմ, որ ընտանիքն ամուր լինի»: Վրեժի ուշքն ու միտքը բանակն էր: Մենք ամուր տղերք ունենք, մեր զինվորներին ցանկանում եմ ասել, որ ուժեղ լինեն, չվախենան, Աստված պահապան լինի իրենց»,Aravot.am-ի հետ զրույցում ասաց Թալիշում մայիսի 4-ին զոհված հերոս Վրեժ Սարգսյանի կինը` Նախշուն Մելիքյանը, որը միջոցառմանը եկել էր 2- ամյա որդու` Վարդանի հետ:

 

DCIM106MEDIA

DCIM106MEDIA

Ելույթի ընթացքում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց, որ Պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանի հետ վերջին տարիներին զորամասերում կարդում է դասախոսություններ, որոնք վերջանում են հետեւյալ հարցադրումով` «Տղաներ, պատրա՞ստ եք հակադարձել թշնամուն, պաշտպանել հայրենիքը եւ հարկ եղած դեպքում շարունակել մեր ազատագրական առաքելությունը»: Դահլիճից ի պատասխան միաբերան հնչում էր` «Ճիշտ այդպես»:

«Գնացինք Թալիշ, որտեղ բեռնատար մեքենան դատարկել էր «Կալաշնիկով» ինքնաձիգի փամփուշտները, տղաներն էլ նստած` լիցքավորում էին ինքնաձիգերը: Հենց այդպես էլ անցավ դասախոսությունս, ես էլ վերցրեցի ինքնաձիգը…Դարձրյալ հարցրեցի, թե արդյոք վախենո՞ւմ են թշնամուց: Քիչ էր մնում` զենքը ձեռքին հարձակվեին ինձ վրա…Ասացին` «ումի՞ց, թուրքերի՞ց»: Մի ղարաբաղցի զինծառայող էլ ասաց` թորքը ո՞վ ա, թորքն ո՞ւմ շունն ա»,-հիշեց Աշոտ Մելքոնյանը:

DCIM106MEDIA

Միջոցառման ընթացքում կատարումներով հանդես եկավ «Սպեղանի» երգչախումբը: Ի դեպ, այն ստեղծվել է 1996թ.` ներառելով Արցախյան պատերազմում 96 զոհվածի երեխայի:

Իր հերթին ռազմապարեր ներկայացրեց «Կարին» ավանդական երգի-պարի համույթը:

DCIM106MEDIA

«Ապրիլյան «քառօրյա» կոչված պատերազմն իրականում չի ավարտվել: Ենթադրվում է, որ Վիեննայից հետո խաղաղություն է լինելու, երկրապահներն էլ հետ են գալիս Արցախից, բայց ավելի քան վստահ եմ, որ թուրքը մնում է թուրք…Եթե այդքան իմաստություն չունենք, գոնե Անդրանիկին եւ Նժդեհին լսենք, որոնք ասում են, որ թուրքը չի փոխվելու: Քանի դեռ կան Թուրքիան եւ Ադրբեջանը, Հայաստան աշխարհը խաղաղություն չի ունենա»,-դիմելով ներկաներին` նշեց «Կարին»-ի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը, ապա հիշեցրեց ապրիլյան պատերազմում նահատակված հերոսներից մեկի սխրանքը. «Ի՞նչ առյուծի սիրտ պետք է ունենաս, որ Ռոբերտ Աբաջյան դառնաս: Թվում է, թե նրա կատարածը վայրկյանական պոռթկում է, թվում է, թե մի պահ մարդը չի դիմանում եւ քաշում է նռնակի օղակը, բայց այդ տղան սառնասրտորեն` հրամանատարի հետ կապի միջոցով խոսեց, ասաց իր որոշման մասին, ասաց` «այստեղ մերոնց արյունն է թափվել, ով հանձնի այս դիրքը, ես նրա…»: Թվում է, թե այդքանն ասելուց հետո պետք է սթափվեր եւ օղակը չձգեր, բայց կարծում եմ, որ նրա վարքն անմահների մենաշնորհն է, մեր տղաներն անմահ են:

Իրականում հիմա սթափվելու ժամն է` ոչ այն «սթափվելու ժամը», որի մասին Բաղրամյան պողոտայում ինչ-որ մեկը հնչեցնում էր: Սթափվելու ժամն է. եթե ունենք փառահեղ գիտնականներ, ապա իրավունք չունենք «քոսոտ» անվանող մարդկանց ունենալ գիտության գլխին, իրավունք չունենք ունենալ այնպիսի վերնախավ, որը կարող է ասել` ամայի տարածք կամ կարեւոր նշանակություն չունեցող հողեր»:

https://www.youtube.com/watch?v=VVgZlXycMyk

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031