Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Թովմասյան. Հայաստանը ԼՂՀ-ն պետք է ճանաչի լայնածավալ պատերազմական գործողությունների ընթացքում

Մայիս 21,2016 20:51

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 21-22-ը Ստեփանակերտում անցկացվում է «Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումը»:

Ֆորումի մասին Aravot.am-ը զրուցեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի «Հայրենիք» խմբակցության նախագահ Արթուր Թովմասյանի հետ:

«Ես իմ ելույթում ասացի՝ աշխարհում չկա մի հայ, որ չերազի, որ մի օր Արցախը եւ Հայաստանը կվերամիավորվեն, բայց այս պահին բոլորս՝ ե՛ւ Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցները, ե՛ւ սփյուռքահայերը պետք է հարգենք 1991 թվականի դեկտեմբերի 2-ի հռչակումը եւ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները, երբ ժողովրդի 99,999 տոկոսը այո է ասել անկախությանը: Այս պահին Արցախի բնականոն զարգացումը հնարավոր է անկախ պետականության շրջանակներում:

Իմ կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչի լայնածավալ պատերազմական գործողությունների ընթացքում: Այդպես էր օրինակ՝ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տարբերակով, երբ որ Վրաստանը լայնածավալ պատերազմ սկսեց Հարավային Օսիայի նկատմամբ: Այդ պատերազմի օրերին Ռուսաստանի Դաշնության կողմից եւ եւս մի քանի պետությունների կողմից այդ երկրների անկախությունները ճանաչվեցին»,- ասաց նա:

Արթուր Թովմասյանը համարում է, որ Արցախի Հանրապետությունը ճանաչող նախագիծը Ազգային ժողով պետք է մտնի ոչ թե մեկ-երկու պատգամավորների նախաձեռնությամբ, այլ՝ բոլոր քաղաքական կուսակցությունների:

Ըստ նրա, գերխնդիր է, որ Արցախը մասնակցի բանակցություններին. «Պատերազմը եղել է Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ: Ցավոք սրտի, հայ իրականության մեջ մարդիկ կան, որ մտածում են, որ դա Հայաստանի եւ Ադրբեջանի պատերազմն էր, այսինքն՝ղարաբաղա-ադրբեջանական պատերազմ էր, եւ բանակցային գործընթացին մենք պետք է մասնակցենք որպես պատերազմող կողմ: Քանի որ ամեն մի պատերազմ հակամարտություն է, իսկ ամեն մի հակամարտություն պատերազմ չէ: Հակամարտություն որպես այդպիսին Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ կա, բայց լայնածավալ պատերազմ չկա: Եվ եթե ԼՂՀ իշխանությունները չմասնակցեն բանակցային գործընթացին, այն հիմնարար փաստաթուղթը, որը պետք է ստորագրվի, ստորագրվի առանց Արցախի մասնակցության, լավագույն ցանկությունների դեպքում այդ թուղթը սեղանին է մնալու»:


Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031