Ստեփանակերտում մայիսի 21-22-ը տեղ է ունենում «Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումը»: Ֆորումին մասնակցում են 10 քաղաքական կուսակցություններ Հայաստանից եւ 5-ը՝ Լեռնային Ղարաբաղից:
Ֆորումի մասին Aravot.am-ը զրուցեց «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ: Նա նշեց, որ ֆորումի ընթացքում նախ փորձագետները ելույթ են ունեցել՝ կուսակցական համակարգի, կուսակցությունների դերի մասին, այնուհետեւ հայաստանյան եւ արցախյան կուսակցությունների ներկայացուցիչները իրենց տեսակետներն են հայտնել բարձրացրած հարցերի շուրջ: Այնուհետեւ ներկաները բաժանվել են խմբերի եւ ուղեւորվել երեք տարբեր զորամասեր: Վաղը՝ կիրակի, ֆորումը շարունակվելու է:
«Կարելի է համատեղ աշխատել, համակարգել, հատկապես՝ խորհրդարանական դիվանագիտության առումով, միջազգային կուսակցական հարաբերությունների առումով, բնականաբար, համատեղ աշխատանքի ճակատ կա»,- ասաց նա:
Հայկ Խանումյանը համարում է, որ միշտ էլ պետք է տարբեր առիթներն օգտագործել՝ որոշումների վրա ազդեցություն ունեցող ուժերի հետ շփումներ հաստատելու համար. «Վերջին օրերին տեսնում եք, որ մեր հայաստանյան շատ գործընկերներ ուղղակի ոչ ադեկվատ հայտարարություններ են անում, մարդկանց պետք է ուղղակի իրավիճակին ծանոթացնել, տեղին ծանոթացնել: Շատ հաճախ կտրված են իրականությունից, եւ վերջին օրերին մենք ականատես ենք լինում հաճախ ոչ ադեկվատ հայտարարությունների: Օրինակ՝ Վահրամ Բաղդասարյանի երեկվա հայտարարությունը՝ կորցրած դիրքերի վերաբերյալ կամ Հերմինե Նաղդալյանի հայտարարություններն ապրիլյան օրերին»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ