Լրահոս
Օրվա լրահոսը

Հովքը մեկ տարի առաջ միացել է Դիլիջանին, սակայն դեռ դրա օգուտը չի տեսել

Մայիս 21,2016 18:42

2015 թ. մայիսի 17-ին Դիլիջան համայնքի խոշորացման նպատակով տեղական հանրաքվեներ կայացան Դիլիջան քաղաքում եւ հարակից 6 գյուղերում՝ Հաղարծինում, Թեղուտում, Գոշում, Հովքում, Խաչարձանում եւ Աղավնավանքում:

Հանրաքվեից առաջ պետական պաշտոնյաներից բազմաթիվ խոստումներ հնչեցին, որ խոշորացումից հետո Դիլիջանում եւ հարակից գյուղերում ենթակառուցվածքների բարելավման բազմաթիվ ծրագրեր են իրականացվելու:

Նախկինում ադրբեջանաբնակ, Հախկխլու, Վուրղուն կոչված, այժմ հայեցի Հովք անունը կրող գյուղում բնակվում են Ադրբեջանի նախկինում հայաշատ 10 վայրերից հարկադիր վերաբնակվածները: 2014թ. մարտի 9-ին կայացած ընտրությունների արդյունքներով գյուղապետ ընտրված, ՀՅԴ անդամ Գրիգոր Գեւորգյանը ծագումով Դաշտային Ղարաբաղի Շամխորի շրջանի Բարուն գյուղից է: Դիլիջանի եւ հարակից 6 գյուղերի միավորումից հետո նրա պաշտոնը կոչվում է Դիլիջան համայնքի Հովք գյուղի ներկայացուցիչ: Նա այդ պաշտոնը ստանձնել է այս տարվա ապրիլի 1-ին, սակայն դեռ իր հասանելիք ամսական 150 հազար դրամ աշխատավարձը չի ստացել:

Տեղական հանրաքվեի ժամանակ Հովքի 440 բնակիչների մեծ մասը, ի տարբերություն Հաղարծնի եւ Թեղուտի բնակիչների, կողմ է քվեարկել Դիլիջան համայնքի մաս կազմելուն: Սակայն անցած մեկ տարում Հովքի բազմաթիվ խնդիրներից ոչ մեկը չի լուծվել:

Հովքը միջպետական ճանապարհին միացնող մոտ 4 կմ ճանապարհը խիստ անբարեկարգ է: Գրիգոր Գեւորգյանն ասաց, որ անցած տարի ինքը կազմակերպել է այդ ճանապարհի խճապատում, սակայն այժմ էլ դրա կարիքը խիստ զգացվում է: Հովքը գազաֆիկացվել է, սակայն գյուղի բնակիչներից ոչ մեկը չի օգտվում բնական գազից, գյուղացիները գազատարից իրենց առանձնատներ խողովակագիծ անցկացնելու համար փող չունեն: Գազի խողովակի յուրաքանչյուր մետրի հաշվով նրանք պետք է վճարեն գրեթե 4 հազար դրամ: Հովքի համար ամենացավոտ հարցերից մեկը հողի սողանքն է: Գ. Գեւորգյանը հայտնեց, որ գյուղում սողանքից 60 հատ տուն կա, որոնք ունեն վթարայնության 4-րդ աստիճան:

Գրիգոր Գեւորգյանը հույս ունի, որ Դիլիջան համայնքին մաս կազմելով՝ Հովք գյուղի աղբահանության, գիշերային լուսավորության, 17 կմ հեռավորության վրա գտնվող Դիլիջան քաղաքի հետ տրանսպորտային կապի ապահովման խնդիրները կլուծվեն:  Նա ասաց, որ այդ խնդիրները կլուծվեն Դիլիջան համայնքի բյուջեից ֆինանսական հատկացումների միջոցով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031