«Ես առաջին անգամ եմ Հայաստանում ու դեռ չեմ հասցրել ճանաչել ձեր երկիրը, բայց ուսանողական տարիներից բախտ եմ ունեցել շփվելու շատ հայ երաժիշտների հետ: Հիմա էլ պրոֆեսոր եմ, հայ ուսանողներ ունեմ, որոնցով շատ տպավորված եմ»,- «Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գերմանացի ջութակահար, Կարլսրուհեի բարձրագույն երաժշտական համալսարանի պրոֆեսոր Լաուրենտ Ալբրեխտ Բրոյնինգերը:
Այս օրերին մեր երկրում գտնվող ջութակահարի ղեկավարությամբ մայիսի 23-26–ը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվեն վարպետության դասընթացներ, որոնց կմասնակցեն նախօրոք ընտրված շնորհալի երաժիշտները:
Վարպետության դասընթացներն անցկացվում են «Գերմանա–հայկական երաժշտական միության» նախաձեռնությամբ, որի նախագահ Անի Աղաբեկյանի խոսքով՝ այդ դասընթացները երաժիշտների համար շատ սպասված են:
«Արդեն երրորդ անգամ ենք անցկացնում վարպետության դասընթացներ: Նախորդ տարիներին դրանք անցկացվել են գերմանացի սաքսոֆոնահար Պետեր Լեհելի ղեկավարությամբ: Ամեն անգամ մասնակիցները տարբեր են լինում, նոր պրոֆեսորների ենք հրավիրում»,- նշեց Անի Աղաբեկյանը:
Կարդացեք նաև
Նախքան վարպետության դասընթացները, մայիսի 22-ին Կամերային երաժշտության տանը կկայանա բացման համերգը: Ելույթ կունենան ջութակահար Լաուրենտ Ալբրեխտ Բրոյնինգերը, դաշնակահար Ռուբեն Մելիքսեթյանը (Գերմանիա), ջութակահար Անի Աղաբեկյանը (Գերմանիա), ալտահար Վաչե Հովեյանը և թավջութակահար Արամ Թալալյանը:
Կհնչեն Ա. Բաբաջանյանի, Ա. Ֆրանկի, Է. Միրզոյանի, Գ. Հովունցի ստեղծագործություններից:
Իսկ մայիսի 27-ին Կամերային երաժշտության տանը կկայանա փակման համերգը՝ վարպետության դասընթացների մասնակիցների կատարմամբ, որի ընթացքում կհանձնվեն նաև մասնակցութան վկայականները:
Թե´ համերգների, թե´ դասընթացների մուտքն ազատ է:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ