ԶԼՄ-ների հետ հանդիպումներից մեկում խոսելով 2016 թվականի ծրագրերի մասին՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը նշել էր, որ այս տարվանից հատուկ կարեւորություն է տրվելու նախադպրոցական տարիքի երեխաների ֆիզիկական դաստիարակությանը եւ նախադպրոցական հիմնարկներն այդ գործընթացում առավել ակտիվ ներգրավելուն:
Ծրագրի մեկնարկը տրվեց այսօր, Երևանի «Գուլիվեր» մանկապարտեզում, որի սաները մրցեցին տարբեր խաղային վարժություններում: Նախարարությունը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, նոր ծրագիրը ներդնելու է նաև Երևանի մի քանի այլ մանկապարտեզներում, որի շրջանակներում ֆիզիկական կուլտուրայի պարտադիր ուսուցման նպատակով, նախադպրոցական հիմնարկների մեկական դաստիարակ կանցնի հատուկ վերապատրաստում, որոնց վրա էլ կդրվեն ֆիզկուլտուրայի ուսուցչի պարտականությունները:
Միջոցառմանը ներկա գտնված նախարարը հայտարարեց. «Ծրագիրը պիլոտային է լինելու, որի արդյունքներն ուսումնասիրելուց հետո, այն կներդրվի մայրաքաղաքի մի քանի մանկապարտեզներում նույնպես: Սա մեծ գործընթացի սկիզբ կլինի՝ ուղղված մատաղ սերնդի մեջ ֆիզկուլտուրայի և սպորտի գաղափարների ամրապնդմանը, նրանց մարզվելուն և առողջ ապրելակերպ վարելուն»:
Ծրագիրը ներդրվելու է նաև հանրապետության բոլոր նախադպրոցական հիմնարկներում: «Մենք հասնելու ենք այն արդյունքին, որ ֆիզկուլտուրայով զբաղվելը բոլորի համար լինի նույնքան պարտադիր և կարևոր, որքան գրաճանաչ լինելը կամ բազմապատկման աղյուսակն իմանալը: Այն պետք է լինի մեր կենցաղավարության պարտադիր մասը»,- ասաց նախարարը և ընդգծեց, որ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նկատմամբ սերը պետք է արմատավորվի ընտանիքներում:
Կարդացեք նաև
Եվ հենց այդ էր պատճառը, որ այսօր մանուկների հետ միասին իրենց ուժերը չափեցին նաև նրանց ծնողները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ