Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են Արցախի նորանշանակ օմբուդսմենի հետ

Մայիս 21,2016 14:11

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները մայիսի 21-ին այցելել են Ստեփանակերտ: Այնտեղ հանդիպում են ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների եւ ԼՂՀ նորանշանակ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ:

Այս մասին Aravot.am-ին հայտնեց ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանը: Նա նշեց, որ հանդիպման նպատակը համատեղ աշխատանքային ծրագրերի մշակումն էր. «Մենք՝ Հայաստանի պատգամավորներս, եկել էինք մեր աջակցությունը հայտնելու նորանշանակ մարդու իրավունքների պաշտպանին, եւ միասին որոշելու, թե ինչ աշխատանքներում կարող ենք օգտակար լինել: Հիմնական շեշտադրումը դրված էր ապրիլյան պատերազմի ընթացքում մարդու իրավունքների  ոտնահարման փաստերի արձանագրմանը, այդ փաստերի հավաքագրմանը, եւ մենք՝ Հայաստանի պատգամավորներս, մեր աջակցությունը առաջարկեցինք, որը սիրով ընդունվեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից»:

Մարգարիտ Եսայանը կարեւորում է, որ այն ծրագրերը, որոնք իրենք իրականացնում են Հայաստանի Հանրապետությունում, կարող են իրականացնել նաեւ Արցախում. «Ես կարծում եմ, որ տարիների ընթացքում բացթողում ունենք, որովհետեւ մեր հանձնաժողովն առաջին անգամ է համատեղ այսպիսի աշխատանքային հանդիպում իրականացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի իր գործընկերների հետ: Բայց վստահ եմ, որ չնայած այս աշխատանքը նոր սկսեցինք, այն շարունակական եւ արդյունավետ կլինի: Եվ կփորձենք Հայաստանի Հանրապետությունում աշխատող միջազգային կազմակերպությունների աշխատանքն ուղղորդել դեպի  Արցախ: Որովհետեւ համայն աշխարհի եւ բոլորի համար էլ ակնհայտ է, որ ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից տեղի են ունեցել  ոչ միայն ռազմական հանցագործություններ, այլեւ նաեւ այնպիսի հանցագործություններ, որոնք անմիջականորեն վերաբերվում են նաեւ խաղաղ բնակչությանը, ոտնահարված են նաեւ խաղաղ բնակիչների իրավունքները: Եվ մենք՝ երկու հանրապետությունների պատգամավորներով, նաեւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ միասին, եւ ինչու ոչ նաեւ Հայաստանի օմբուդսմենի ինստիտուտի հետ միասին պետք է փորձենք այդ բոլոր խնդիրները մանրամասնորեն վեր հանել եւ ներկայացնել միջազգային բոլոր համապատասխան կառույցներին»:

arcaxi AJ-HH AJ

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031