Այս տարի մայիսի 21-ին, ժամը 18:00-ից «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» համաեվրոպական նախաձեռնությանը՝ միջոցառումների հատուկ ծրագրով: Թանգարանների եվրոպական գիշերվա շրջանակում Երևանի քաղաքապետարանի՝ «Էրեբունի», «Երևանի պատմության», «Ժամանակակից արվեստի» և «Կարեն Դեմիրճյան» թանգարանները հանդես կգան համատեղ միջոցառումների ծրագրով՝ «Երևանի քաղաքապետարանի թանգարանները Էրեբունու մշակութային լանդշաֆտում» խորագրի ներքո:
Մինչև կեսգիշեր արգելոց-թանգարանը կընդունի հազարավոր այցելուների, ովքեր բացի մշտական ցուցադրությունը դիտելուց և միջնաբերդ այցելելուց, թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում կարող են ծանոթանալ Ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուից ներկայացված գեղանկարների ցուցահանդեսին՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:Թանգարանին կից բացօթյա սրահում կներկայացվի Հին ու նոր Երևանի լուսանկարների ցուցահանդես՝ Երևանի պատմության թանգարանի հավաքածուից: Դիտելով ցուցահանդեսը՝ այցելուներին կառաջարկվի լուսանկարների մեջ գտնել այսօրվա Երևանի համապատասխան հատվածները, և առավել ճշգրիտ պատասխանողները կստանան մրցանակներ: Ժամը՝ 19:00-ին Էրեբունի թանգարանի դիմացի հարթակում «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթը 1 ժամ շարունակ այցելուներին կներկայցնի հայ ժողովրդական երգ ու պարի գեղեցիկ բեմադրություններ: Թանգարանի հարակից բացօթյա սրահում Գիշերվա այցելուները կարող են դիտել ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված ֆիլմ՝ Կ. Դեմիրճյանի թանգարանի հավաքածուից: Թանգարանների եվրոպական գիշերը Էրեբունիում կավարտվի կեսգիշերին՝ Էրեբունի միջնաբերդում զբոսնելով և վայելելով մայրաքաղաքի համայնապատկերն ու մշակութային լանդշաֆտը:
«Թանգարանների եվրոպական գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի հովանավորությամբ: 2016թ. կարգախոսն է «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները»: ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ՝ Թանգարանների միջազգային օրը Հայաստանում 2016թ.կնշվի Հայաստանի Հանրապետության 25-ամյակին նվիրված միջոցառումներով:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
Կարդացեք նաև
Թանգարանների եվրոպական գիշերվա ԾՐԱԳԻՐ
Երևանի քաղաքապետարանի թանգարանները Էրեբունու մշակութային լանդշաֆտում
Մայիսի 21-ի՝ Թանգարանների եվրոպական գիշերվա շրջանակում Երևանի քաղաքապետարանի՝ «Էրեբունի», «Երևանի պատմության», «Ժամանակակից արվեստի» և «Կարեն Դեմիրճյան» թանգարանները հանդես կգան համատեղ միջոցառումների ծրագրով՝ «Երևանի քաղաքապետարանների թանգարանները Էրեբունու մշակութային լանդշաֆտում» խորագրի ներքո:
Մայիսի 21 Թանգարանների եվրոպական գիշեր
Ժամը 18:00-24:00
- Անվճար մուտք Էրեբունի թանգարան և հնավայր
Ժամը 18:00-24:00
- Հին Երևանի լուսանկարների ցուցահանդես՝ Երևանի պատմության թանգարանի հավաքածուից, լուսանկարների մեջ գտնել այսօրվա Երևանի համապատասխան հատվածները /մրցույթ այցելուների մասնակցությամբ/, Էրեբունի թանգարանի պերգոլաներով բացօթյա սրահում
- ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված գեղանկարների ցուցահանդես՝ Ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուից, Էրեբունի թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում
Ժամը 19:00
- Բացօթյա համերգ «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի մասնակցությամբ, թանգարանի դիմացի հարթակում
Ժամը 21:00
- ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված ֆիլմի ցուցադրություն Կ. Դեմիրճյանի թանգարանի հավաքածուից, Էրեբունի թանգարանի պերգոլաներով բացօթյա սրահում
Ժամը 22:00-24:00
- Գիշերային զբոսանք Էրեբունի միջնաբերդում՝ վայելելով մայրաքաղաքի համայնապատկերը և մշակութային լանդշաֆտը