2016 թվականին «Թանգարանների գիշեր» միջոցառումը Հայաստանում անցկացվում է մայիսի 21-ին: Այն իրականացվում է Մշակութային ժառանգության պահպանության բնագավառում ամենահին միջազգային կազմակերպություններից մեկի` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ առաջարկով:
1977 թվականից ի վեր մայիսի 18-ը՝ «Թանգարանների միջազգային օրը» համախմբում է աշխարհի 5 մայրցամաքների, ավելի քան 30 հազար թանգարանների` կոչ անելով տարվա համար առաջարկված թեմայի շրջանակում հանդես գալ հատուկ միջոցառումներով ու նախաձեռնություններով: Յուրաքանչյուր տարի առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավորություն է տալիս շեշտելու թանգարանների գործունեության բազմազանությունը: Այս տարվա կարգախոսն է` «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները»:
«Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Օրվա նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր՝ թանգարանային առարկաների հանրահռչակման համար:
Գարնանային ակցիային, այս տարի մասնակցում է Հայաստանում գործող շուրջ 112 թանգարան:
Կարդացեք նաև
Բազմաբովանդակ և յուրահատուկ միջոցառումներով թանգարաններն իրենց դռները կբացեն հասարակության առջև՝ հնարավորություն ստեղծելով ևս մեկ անգամ հետադարձ հայացք գցելու հայ ժողովրդի հազարամյակների պատմությանն ու մշակութային ժառանգությանը: Հատկանշական է, որ մասնակից թանգարանները հանդես են գալիս ինքնատիպ նախաձեռնություններով` փորձելով առավել հետաքրքիր ու անմոռանալի դարձնել այցելուների երեկոն: Այս միջոցառման նպատակն է վերարժևորել մշակութային ժառանգությունը, թանգարանային միջավայրում համադրել արվեստի ուղղություններն ու ապահովել մշակութային ջերմ մթնոլորտ:
ՀՀ մշակույթի նախարարություն