Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղիկ Բաղդասարյան. «Գյուղաբնակ երեխաները ավելի քիչ են ունենում ալերգիա, քան` քաղաքաբնակները»

Մայիս 21,2016 12:55

«Արաբկիր» բժշկական համալիրի առողջության ինստիտուտի ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանն այսօր, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց, որ Հայաստանում մարդկանց մեծ մասը ալերգիկ դրսեւորումներ ունենում են ապրիլից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում: Այդ սեզոնի ալերգիաները, ըստ մասնագետի, կոչում են պոլինոզ կամ ալերգիկ ռինիտ` հարդային տենդ, որոնք արտահայտվում են հարբուխի, փռշտոցների, աչքերի, քթի քորով, դժվարաշնչությամբ եւ կարող են տեւել ամիսներ:

«Քանի որ ալերգիաները ներկայումս չեն հանդիսանում անբուժելի խնդիր, եւ Հայաստանում եւս հասանելի են վերջնական բուժման դեղորայքները, մենք պացիենտներին կարողանում ենք առաջարկել ե՛ւ ժամանակավոր, ե՛ւ վերջնական լուծում նման խնդրից»,-նշեց Աստղիկ Բաղդասարյանը:

Ըստ մասնագետի, սեզոնային ալերգիաները սկսվում են հենց մանկական տարիքում` դիաթեզ կամ էկզեմա, որը դրսեւորվում է այտերի չորությամբ, գլխի շրջանում թեփուկներով, եւ այդպիսի երեխաները հակում ունեն ավելի ուշ ձեռք բերելու այլ ալերգիկ հիվանդություններ` ալերգիկ ռինիտ եւ ասթմա: «Նման երեխաներին մենք նշանակում ենք մաշկի խնամք, իսկ արդեն դպրոցահասակ տարիքում, երբ արտահայտվում են ալերգիկ ռինիտի ախտանիշները, անհրաժեշտ է հետազոտել երեխային` հայտնաբերելու համար, թե կոնկրետ որ ալերգենների նկատմամբ ունի գերզգայունություն, եւ հայտնաբերելուց հետո առաջարկում ենք ախտանշանային բուժում, որպեսզի թեթեւանան այդ փռշտոցի, հազի ախտանիշները եւ միշտ ստուգում ենք, թե երեխան ունի ասթմա հիվանդությունը թե` ոչ», -ասաց ալերգոլոգը:

Նրա խոսքերով` ներկայումս կարելի է կանխարգելել ալերգիկ ռինիտից դեպի ասթմա հիվանդության անցման փուլը` անցկացնելով սպեցիֆիկ իմունոթերապիա. «Որոշում ենք, թե մարդը ինչի նկատմամբ ունի ալերգիա եւ  տվյալ նյութով  իրականացնում ենք բուժումը` մաշկային ներարկումների միջոցով: Երբ ավարտվում է ալերգիայի սեզոնը, սկսվում է նրա վերջնական բուժման փուլը, փոքր դեղաչափերով ներարկվում է դեղորայքը պացիենտին, եւ 2-5 տարիների ընթացքում` կախված թե ինչ դեղորայք է ընտրվել, կարելի է հասնել նրան, որ սեզոնի ընթացքում մարդը այլեւս չունենա խնդիրներ, իսկ երեխաների մոտ սա կանխարգելում է ասթմայի առաջացումը»:

Ըստ մասնագետի` ալերգիան մեր իմուն համակարգի սխալ պատասխանն է օտարածին մասնիկների: Այսինքն գիտնականները պարզել են, որ մեր ինունհամակարգերը նախատեսված են միկրոբների եւ այլ օտարածին մասնիկների դեմ պայքարելու համար, եւ եթե մենք «պարապ» ենք թողնում մեր իմունհամակարգը, եւ երեխան մեծանում է իդեալական ստերիլ միջավայրում, նրա օրգանիզմը հնարավորություն չի ունենում շփվելու տարբեր բակտերիաների հետ, եւ իմուն համակարգը զարգանում է սխալ ուղղությամբ եւ սխալ պատասխան է տալիս:

«Եթե տվյալ ընտանիքում կան շատ երեխաներ, կամ վաղ տարիքում շփում են ունենում կենդանիների հետ, գնում են մանկապարտեզ, խաղում տարբեր երեխաների հետ, երեխան խաղում է հողի հետ` հատկապես գյուղում ապրող երեխաները, շատ ավելի քիչ են ունենում ալերգիա, քան ուրբանիզացված վայրերում ապրող երեխաները»,-նշեց մասնագետը:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031