Ուղիղ 10 տարվա ընթացքում Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թիվը կրկնապատկվել է:
Ի սկզբանե դրանք վեցն էին, քանի որ 1995թ. ընդունված Սահմանադրության մեջ հենց այդ թիվն էր ամրագրված: Եվ այդ վեցով հասցնում էին քննարկել խորհրդարանի ողջ օրենսդրական բեռը:
Սակայն 2005թ. նոյեմբերի 27-ին ընդունված նոր Սահմանադրությամբ որոշվեց, որ մշտական հանձնաժողովների թիվը կարող է հասնել 12-ի: Եվ ընդամենը մի քանի ամիս հետո հանձնաժողովների թիվը 3-ով ավելացավ: Այն ժամանակ կարծիք կար, որ դա արվեց իշխանությունների հետ կոալիցիա կազմած «Օրինաց երկիր» կուսակցության համար, որպեսզի նրանց էլ հանձնաժողովի նախագահների պաշտոններ բաժին հասնեն:
Իսկ 2007թ. ԱԺ ընտրություններից հետո, երբ խորհրդարան մտավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հանձնաժողովների քանակը եւս 3-ով ավելացավ, ու այն հասցվեց վերջնագծին՝ 12-ի:
Կարդացեք նաև
Հիմա եթե ԱԺ-ում ցանկանան, չեն կարողանա այդ թիվը կրկին ավելացնել, քանի որ նոր Սահմանադրությամբ 12-ը մնացել է անփոփոխ: Հանձնաժողովների թիվը, սակայն, կարող են կրճատել:
Անցած շաբաթ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ պետական համակարգում կրճատումներ են սպասվում: Կարող են փակվել անգամ ամբողջական կառույցներ, որոշ տեղերում կկրճատվի աշխատողների թվաքանակը:
Արդյոք ԱԺ-ն է՞լ նման օպտիմալացման չի գնա: Օրինակ, կրճատի մշտական հանձնաժողովների թիվը, հատկապես որ դրանցից որոշները գրեթե անգործության են մատնված: Բախտի բերմամբ, թե պատահմամբ, թերի ծանրաբեռնվածությամբ են աշխատում հատկապես ԲՀԿ-ին հատկացված՝ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, գյուղատնտեսական եւ բնապահպանական, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման, եվրոպական ինտեգրացման հարցերի մշտական հանձնաժողովները: Եթե սրանցից առաջին երեքը մի քանի ամիսը մեկ հանձնաժողովի նիստ հրավիրում են, ապա եվրոինտեգրացման հարցերի մշտական հանձնաժողովն իր ստեղծման 9 տարիների ընթացքում որեւէ նիստ չի արել եւ որեւէ օրինագիծ չի քննարկել, բայց օգտվել է իրեն ընձեռած բոլոր հնարավորություններից:
Իհարկե, այս դեպքում անգործության մեջ «մեղադրել» միայն ԲՀԿ-ին՝ ճիշտ չի լինի, քանի որ ԱԺ-ն այս հանձնաժողովներին պետք է նախագիծ տրամադրի, որ նրանք էլ քննարկեն: Նախագծերը հիմնականում ուղղորդում են այն հանձնաժողովները, որոնք ղեկավարվում են Հանրապետական պատգամավորների կողմից:
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում