ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի ուղեկցությամբ, «մայիսի 19-ին այցելել է հանրապետության հարավային սահմանագծի հատվածներից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրված խնդիրների լուծման ուղղությամբ»: Կայքերից մեկը, հղում անելով նշված հաղորդագրությանը, գրել էր, թե Մ. Գրիգորյանը ներողություն է խնդրել Բակո Սահակյանից՝ «կամավորներին նեղացնելու համար»:
ԵԿՄ լրատվության պատասխանատու Վարդան Վարդանյանը գեներալի ներողություն խնդրելու հետ կապված ասաց. «Եթե հիշյալ հաղորդագրության մեջ նշվել է, որ Բակո Սահակյանին ուղեկցել է նաեւ Մանվել Գրիգորյանը, ապա դա Արցախի իրական գնահատականն է Մանվել Գրիգորյանին․․․ Ներողություն խնդրելը մարդու համար նորմալ վարք է, բայց չարած բանի համար մարդ ինչի՞ պետք է ներողություն խնդրի»:
Հակադարձեցինք, թե այդ դեպքում ինչո՞ւ մինչեւ հիմա պատասխանատվության չեն ենթարկվել այն մարդիկ, որոնք Գրիգորյանին անվանարկում են, կամ՝ ինչո՞ւ ԵԿՄ-ն, որ գեներալի ամեն մի քայլի հետ կապված տեսանյութեր է պատրաստում ու տարածում, մի այդպիսի հաշվետու տեսանյութ էլ չի նվիրում հիշյալ միջադեպին, որտեղ Գրիգորյանն ու Բադասյանը դեմառդեմ կանգնած կպարզեն, ու ժողովուրդն էլ կտեղեկանա թե ով է «քաչալ շունը», ով՝ «գող փիսոն»:
Վարդանյանը նկատեց. «Ուզում ես Բադասյանին հերոսացնե՞լ», ապա հավելեց. «Կալիբրների տարբերություն կա, Գրիգորյանի ու Բադասյանի կալիբրները բա համեմատելի՞ են: Լուն ու ուղտը ո՞նց կարող են իրար հետ լինել կամ՝ փիղն ու մոսկեն, սարն ու ավազահատիկը: Հերոսին եւ ինչ-որ մեկին, որին կարող են հայազգի թշնամիները վարձել ու հաչացնել, ո՞նց կարող ենք դնել նույն հարթության վրա»:
Կարդացեք նաև
ԵԿՄ պաշտոնյան նաեւ հորդորեց գտնել գեթ մեկ զինվորականի, որին նեղացրած կլինի Մանվել Գրիգորյանը. «Թող նա գա-կանգնի, ասի՝ ինձ նեղացրել է: Կամ՝ գտեք մի մարդու, որը ներկա է եղել նման միջադեպի»:
Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում