«Ազգի» զրուցակիցն է Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը:
– Մեկ հարց է շրջանառվում, որ առնչվում է Արա Աբրահամյան-Արթուր Բաղդասարյան քաղաքական համատեղ հնարավոր գործունեությանը Հայաստանում: Ինչպես կմեկնաբանեք այս պնդումները:
– Միանշանակորեն կարող եմ ասել, որ Արա Աբրահամյանը եւ Արթուր Բաղդասարյանը այսօր Հայաստանի քաղաքական դաշտում միասնական գործելու նպատակ չեն հետապնդում: Ասեմ ավելին. եթե հիշողությունս չի դավաճանում, ապա մեկուկես ամիս առաջ Արթուր Բաղդասարյանը Հ3 հեռուստաալիքով հարցազրույցի ժամանակ արձագանքեց նաեւ այդ հարցին, մասնավորապես նշելով, որ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական կազմակերպությունը եւ Արա Աբրահամյանը ոչ մի նպատակ չունեն քաղաքական դաշտում միասին գործելու: Բաղդասարյանը նաեւ ընդգծեց, որ Արա Աբրահամյանը Հայաստանում կստեղծի կուսակցություն, թե ոչ, ինչ ծրագրեր ունի, կգնա ընտրությունների, թե՞ ոչ` իր գործն է:
Քաղաքական դաշտում համատեղ քաղաքական գործունեություն չծավալելու մասին բազմիցս հայտարարել է նաեւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը: Ես այս ամենից հետո ավելացնելու ոչինչ չունեմ:
Կարդացեք նաև
– Այդ դեպքում ինչպիսին են Աբրահամյան-Բաղդասարյան քավոր-սանիկային հարաբերությունները, եթե չեն արտահայտվում քաղաքականության մեջ:
– Անկեղծ ասած` այդ հարցն այսօր շատ է շահարկվում: Եվ ես ինձ թույլ կտամ ասել, որ հարցադրումը կոռեկտ չէ, քանի որ քավոր-սանիկ հարաբերությունները ընտանեկան հարթության վրա են ձեւավորվում: Եվ այդ հարաբերությունները, կարծում եմ, ոչ մի կապ չունեն հասարակական կամ քաղաքական հարաբերությունների հետ: Ուստի առաջարկում եմ այդ հարցով հետաքրքրվողներին զերծ մնալ քավոր-սանիկ հարաբերությունները քաղաքականացնելուց:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում