Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական տարին Հայաստանում հաջող է մեկնարկել. «Հայոց աշխարհ»

Մայիս 21,2016 08:56

Տարեսկզբի տնտեսական ցուցանիշները վկայում են, որ տնտեսական տարին Հայաստանում հաջող է մեկնարկել։

Առաջին եռամսյակում գրանցված 5,5 տոկոս տնտեսական ակտիվությունը սպասվածից անհամեմատ բարձր էր։ Որքան էլ թվում էր, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ի հայտ եկած լարվածությունը կարող է խնդիրներ ստեղծել տնտեսական գործընթացների համար, այնուհանդերձ վիճակագրական ցուցանիշներն այլ բան են ասում։

Անցած օրը վիճծառայությունը հրապարակեց տնտեսական ակտիվության վերաբերյալ ապրիլի օպերատիվ տվյալը. համաձայն դրա, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ այն ավելացել է 6,8 տոկոսով։

Տարեսկզբի չորս ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6 տոկոս։ Այն ավելի քան կրկնակի բարձր է նախորդ տարվանից։ Հիշեցնենք, որ 2015թ. առաջին չորս ամիսներին տնտեսական ակտիվությունը 2,7 տոկոսի սահմաններում էր։

Տեւական անկումից հետո ապրիլին արտաքին առեւտուրը կտրուկ ավելացավ։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճը եղել է 60 տոկոս։ Դա արտահայտվել է ինչպես արտահանման, այնպես էլ հատկապես ներմուծման ավելացման տեսքով։ Ապրիլին 2015թ. նույն ամսվա համեմատ ներկրումներն ավելացել են 83,8 տոկոսով։

Եթե արտահանման աճը դրսեւորվեց դեռեւս տարեսկզբին, ապա նույնը չի կարելի ասել ներմուծման մասին։ Նախորդ բոլոր ամիսներին ներմուծման ոլորտում արձանագրվել էր անկում։ Սակայն ապրիլին վիճակը կտրուկ փոխվել է։ Դա ուղղակիորեն ազդել է նաեւ տարեսկզբի չորս ամիսների ցուցանիշների վրա։

Արտաքին առեւտրաշրջանառությունն առաջին եռամսյակի 3,8 տոկոս կրճատման դիմաց, չորս ամիսների ընթացքում գրանցել է ավելի քան 19 տոկոս աճ։ Նույն ժամանակահատվածում ներմուծումն ավելացել է 18,4 տոկոսով։

Թե ինչո՞վ են պայմանավորված արտաքին առեւտրաշրջանառության, մասնավորապես ներմուծումների առումով տեղի ունեցած կտրուկ դրսեւորումները, դժվար է միանշանակ ասել։ Ամեն դեպքում, հազիվ թե կարելի է կարծել, որ այն կապված է պահանջարկի փոփոխության հետ։

Պետք է ենթադրել, որ նման զարգացումների վրա ուղղակի ազդեցություն է ունեցել մաքսային սահմանին ներմուծման վարչարարության ակտիվացման գործոնը։ Ըստ էության, նաեւ դրանով էր պայմանավորված ապրիլին հարկային եկամուտների հավաքման աննախադեպ բարձր մակարդակը։ Ինչպես հայտնի է, այն կազմեց 97 մլրդ դրամ։

Ն. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031