Երեկ Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական միության Միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցել են ԵՏՄ անդամ երկրների վարչապետները, այդ թվում` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նիստը կայացել է սովորականի նման, առանց որևէ արտառոց միջադեպի, հայտարարության, բոյկոտի:
Նիստի ընթացքում հնչել են բազմաթիվ հայտարարություններ ԵՏՄ-ի կարևորության, այդ կառույցն ամրապնդելու անհրաժեշտության և այլ անիմաստ երևույթների մասին:
Այն դեպքում, երբ նման հայտարարություն` գոնե դիվանագիտական ձևակերպումներով, պետք է հնչեր Հայաստանի կողմից ու Հայաստանի անունից, պետք է հնչեր՝ հանուն արդարության, հանուն արժանապատվության ու հանուն ապրիլյան պատերազմի օրերին զոհված հայ զինվորների հիշատակի: Որովհետև սա այն նիստն էր, որը պետք է տեղի ունենար ապրիլի 8-ին` Երևանում, սակայն տեղի ունեցավ Մոսկվայում, որովհետև Ադրբեջանի դաշնակից Ղազախստանի պահանջով ու Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի լուռ համաձայնությամբ՝ ԵՏՄ ղեկավարները հրաժարվեցին մեկնել Երևան` ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության:
Դա ԵՏՄ-ի հերթական նվերն էր Ադրբեջանին, որին Ռուսաստանը ցանկանում է այդ կազմակերպության անդամ դարձնել ամեն գնով, այդ թվում, ինչպես ռուսներն են խոստովանում` Լեռնային Ղարաբաղի: Եվ ահա, այդ ամենից հետո, հանուն Ադրբեջանի՝ Երևանում նախատեսված նիստը տեղափոխելուց ու մեկ ամիս անց կրկին Երևանում անցկացնելուց հետո, Հայաստանը որևէ կերպ, որևէ ելույթով չի արձագանքում մեկ ամիս առաջ տեղի ունեցածին: Որովհետև Երևանում այս նիստը բարձր մակարդակով կազմակերպելուց առաջ Հայաստանը մասնակցել է ապրիլի 8-ից մի քանի օր անց Երևանի փոխարեն Մոսկվայում կայացած նիստին, մասնակցել է ու կրկին որևէ կերպ չի արձագանքել ԵՏՄ-ի կողմից՝ հանուն Ադրբեջանի, Հայաստանի նկատմամբ արված, մեղմ ասած, վիրավորական քայլին: Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ԵՏՄ-ն Հայաստանի համար իրականում թշնամական կառույց է:
Կարդացեք նաև
Ոչ միայն այն պատճառով, որ այդ կառույցի անդամ երկրների մեծամասնությունն Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է, այլ՝ որովհետև այդ կառույցում մեր ռազմավարական գործընկերը միջոցների մեջ խտրություն չի դնում Ադրբեջանին ԵՏՄ անդամ դարձնելու համար:
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» օրաթերթի այսօրվա համարում