Գալուստ Սահակյանը 20 օգնական-խորհրդական-ռեֆերենտ ունի
ՀՀ կառավարության մայիսի 12-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. «Մեր ռեսուրսները սահմանափակ են, բայց իմ խորին համոզմամբ` ռեսուրսների պակասը կարող է փոխհատուցվել երկու գործոնով. առաջինն արդյունավետ մոդելների կիրառումն է, իսկ երկրորդը՝ դրանց կյանքի կոչելու արագությունը… Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ` գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները եւ այլն…
Պետական կառավարման ապարատը պետք է դառնա ավելի կոմպակտ: Խոսքը ոչ միայն նախարարությունների աշխատակազմերի մասին է, այլ նաեւ տարբեր ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի, առընթեր մարմինների, առանձնացված ստորաբաժանումների… Կառավարությունն ունի բավական քաղաքական կամք` կյանքի կոչելու բոլոր անհրաժեշտ քայլերը»:
Շատերն արդեն նկատել են, որ սա նման առաջին հայտարարությունը չէ: Նախորդները խոսքից գործի չեն վերածվել, հավատ չկա, որ սա կվերածվի. եթե խոսքին հստակ քայլեր հետեւեն` հրաշալի կլինի: Վարչապետը ասել է նաեւ, որ ստեղծված իրավիճակն իսկապես ոչ ստանդարտ է, եւ մենք չպետք է խուսափենք ոչ ստանդարտ քայլեր կատարելուց ու որոշումներ կայացնելուց: Հովիկ Աբրահամյանի հարազատ կուսակցությունը իշխանություն է արդեն 21 տարի, եւ իրավիճակը ստեղծվել է հենց ՀՀԿ օրոք: Ահա թե ինչ են ստեղծել:
Մինչեւ 2008 թվականը ԱԺ պատգամավորն իրավունք ուներ ունենալ հասարակական հիմունքներով գործող մեկ օգնական: «ԱԺ կանոնակարգ օրենքը» փոխեցին, եւ արդեն 8 տարի պատգամավորը կարող է ունենալ երկու օգնական, որից մեկը վարձատրվում է պետբյուջեից: Մի հազար անգամ գրվել է, որ պատգամավորները պետության հաշվին օգնական են դարձնում իրենց հարազատներին: Օրինակ` պատգամավորներ Մանվել Բադեյանի, Կարո Կարապետյանի, Արշակ Մխիթարյանի «պետական» օգնականները նրանց դուստրերն են: Սրանք եզակի դեպքեր չեն:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ունի մեկ գլխավոր, յոթ պարզապես խորհրդական, ութ օգնական, չորս ռեֆերենտ: ԱԺ մեծ աշխատակազմը` չհաշված: Բայց անգամ այս հենքի դեպքում Գալուստ Սահակյանը կարող է օգտագործել «կառուցողական զենքեր» մակարդակի ձեւակերպումներ: Ինչի՞ համար են նրա օգնական-խորհրդական-ռեֆերենտները, միայն պետբյուջեից փող ստանալո՞ւ: ՀՀ նախագահն, ի դեպ, ունի 18 օգնական-խորհրդական-ռեֆերենտ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ունի մեկ գլխավոր, 10 պարզապես խորհրդական: 2013-ի ապրիլից վարչապետ Հովիկ Աբրահամյանը օգնական-խորհրդականների քանակն ավելացրել է մոտ երեք անգամ:
Կարդացեք նաև
Օգնական-խորհրդական ունեն բոլոր 19 նախարարները. միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը` 3, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` 5, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` 7, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը` 7, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` 6, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը` 5 եւ այլն: Հայաստանում 10 մարզպետից յուրաքանչյուրն ունի 4-5 օգնական-խորհրդական: Նոր եկած նախարարները նախորդի նշանակած օգնական-խորհրդականներին չեն փոխարինում, նոր հաստիք են բացում, քանի որ պետությունից փող ստացող եւ չաշխատող օգնական-խորհրդականները ինչ-որ մի բարձրաստիճան չինովնիկի զավակ-ազգական-խնամիներն են: Այսպես ուռճանում է պետական կառավարման համակարգը: Նույն տրամաբանությամբ նոր պետական կառույցներ են ստեղծվում. մասնագիտական որակներով չփայլող իրենց ծանոթին պետական պաշտոն են տալիս, բայց գոնե ինչ-որ բան անելու համար փորձում մասնագետ գտնել ու պետական նոր կառույց բացում ու էլի այն «լցնում» մասնագիտական որակներով չփայլող իրենց հարազատներով:
Կրթության եւ գիտության հսկա նախարարության կողքին 2007 թվականին ՀՀ կառավարությունը ստեղծեց Գիտության պետական կոմիտե, էկոնոմիկայի հսկա նախարարության կողքին 2002 թվականին ՀՀ կառավարությունը ստեղծեց Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամ: ՀՀ ոստիկանության, դատախազության, ազգային անվտանգության ծառայության հսկա աշխատակազմերի կողքին 2007-ին ստեղծվեց Հատուկ քննչական ծառայությունը, իսկ 2014-ին` քննչական ծառայությունը: ՀՀ Ազգային ժողովի հսկա աշխատակազմի կողքին 2011-ին ստեղծվեց օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը: Այս կառույցների կանոնադրություններն իրար կրկնում են, բայց բոլորն էլ նստած են պետբյուջեի վրա, եւ դատելով վարչապետի` մեր զարգացման եւ կոռուպցայի դեմ պայքարի մակարդակը բավարար չէ մտքից՝ այս կառույցները, բացի պետական ծախսերի աճից, այլ արդյունք չեն արձանագրել:
Միայն օգնական-խորհրդականների հզոր բազմությունը կրճատելու արդյունքում կարելի է տարեկան ավելի քան 100 միլիոն դրամ տնտեսել, իսկ եթե կրճատեն նաեւ իրար կրկնող պետական կառույցները, ամեն նոր եկող պաշտոնյա պետության հաշվին աշխատասենյակը չնորոգի, նոր մեքենա չգնի` շատ ավելի տպավորիչ արդյունք կունենանք: Մնաց կառավարությունը գործով ապացուցի, որ ունի բավական քաղաքական կամք՝ կյանքի կոչելու բոլոր անհրաժեշտ քայլերը:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ.Գ. Սույն հրապարակումը [email protected] էլեկտրոնային հասցեից ուղարկել եմ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի էլեկտրոնային հասցեին, ինչպես խնդրել էր վարչապետը:
«Առավոտ» օրաթերթ
20.05.2016