Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է պետական ապարատն ուռճացվել, եթե 10 հոգու գործը 8 հոգով էլ կարող են անել

Մայիս 21,2016 16:30

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ ի հայտ եկավ, որ 80-ականների զենքով ենք կռվում, կամ թեժ մարտերի պահին զինվորի փամփուշտները վերջացել են, բանակը ժամանակակից ջերմադիտակներ եւ այլ անհրաժեշտ պարագաներ չունի, հասարակական դժգոհության մեծ ալիք բարձրացավ: Սոցիալական ցանցերում, ասուլիսների տեսքով, ընտանիքներում, ընկերական շրջապատներում բուռն քննարկումներ էին գնում, որով քաղաքացիները պահանջում էին ապօրինի ճանապարհով հարստացած օլիգարխներից ու պաշտոնյաներից խլել ունեցվածքը, քանի որ հենց այդ պատճառով է, որ այսօր զինվորը կամ թոշակառուն զրկված են բարեկեցիկ բանակում ծառայելու կամ բարեկեցիկ երկրում ապրելու հնարավորությունից: Շարքային քաղաքացիների պահանջներից էր նաեւ պետական ապարատի ուռճացված ծախսերի կրճատումը, մասնավորապես՝ պաշտոնյաներին սպասարկող թանկարժեք մեքենաների, պետական ապարատում աշխատող անթիվ-անհամար խորհրդականների, օգնականների թվի կրճատումը: Կառավարությունն ականջալուր լինելով իր հասցեին հնչող մեղադրանքներին՝ այդպես էլ վարվեց եւ, այսպես ասած, մասնակի բավարարեց ժողովրդի պահանջը:

Կառավարությունը չհետաքննեց ու չպարզեց, թե բանակի գեներալները, օլիգարխներն ու տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ ի՛նչ ճանապարհներով են հարստացել: Հավանաբար, գիտի: Իսկ, այ, ուռճացված ծախսերի ու պետական աշխատատեղերի ավելցուկի մասին կառավարությունը նոր-նոր գլխի ընկավ:

Երեկ վարչապետին զեկուցեցին, որ 797 ծառայողական ավտոմեքենա կկրճատվի: Պարզ է, որ պետության հաշվին երթեւեկելուց զրկվելու են հիմնականում միջին օղակի չինովնիկները. բարձր պաշտոններ զբաղեցնողներն ինչպես որ երթեւեկել են շքեղ ու թանկարժեք ավտոմեքենաներով, այդպես էլ շարունակելու են դրանցից օգտվել:
Աշխատատեղերի մասով պետական ապարատում եւս կրճատումներ կլինեն, այս պահին թվերը դեռ ճշտվում են: Թե այս կրճատումների արդյունքում որքան մարդ կհամալրի գործազուրկների բանակն ու սոցիալական ինչպիսի լարվածություն երկրում կառաջանա, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը դեռ չի հաշվել: Ընդ որում, հայեցողական պաշտոնների հետ մեկտեղ կրճատվելու են նաեւ քաղծառայողներ, որոնք օրենքով սահմանված կարգով քննություն են հանձնել, եւ նրանց աշխատանքային իրավունքը օրենքով ամրագրված է եւ պաշտպանված:

Երեկ Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանից հետաքրքրվեցինք, թե օրենք չե՞ն խախտում քաղծառայողներին ցանկացած պահի կրճատելով:
«Չասենք՝ քաղծառայողի, հիմի տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ, գործառույթների փոփոխություններ, գործառույթներ են ավելանում, եթե նոր գործառույթ է ավելանում, ի հայտ են գալիս նաեւ նոր հաստիքներ, եթե ինչ-որ գործառույթներ են կրճատվում, դրա հիման վրա պետք է այդ կրճատումները տեղի ունենան: Խոսքը տվյալ մարդու մասին չէ:

Երբ կա երկու հաստիք, եւ երբ գնահատվում է նրանց կատարողականը մոնիտորինգի կամ խրոնոգրաֆիայի մեթոդով եւ պարզվում է, որ հնարավոր է 10 հոգու անելիքներն իրականացնեն 8 հոգով, ապա երկու հաստիքը առանց աչք թարթելու պետք է կրճատել»:
Լրագրողի հստակեցնող հարցին, թե այդ դեպքում քաղծառայության քննություն հանձնած մարդու իրավունքները չե՞ն ոտնահարվում, պարոն Բադալյանն ասաց՝ ոչ:

Այն հարցին էլ, թե այդ դեպքում ինչո՞ւ էր պետական ապարատն ուռճացվում եւ պետությունը տասը հոգու վարձում, եթե հնարավոր էր 8 հոգով այդ գործն անել, Մանվել Բադալյանն ասաց, որ այսօր արդեն իրավիճակը, պայմանները ստիպում են:
Այն հարցին էլ, թե այդքան հաստիքների կրճատումն արդյոք սոցիալական խնդիրներ չի՞ առաջացնի, պարոն Բադալյանը հարցին հարցով պատասխանեց. «Մենք, որպես ՀՀ քաղաքացիներ, արդյո՞ք այն կարծիքին ենք, որ պետական ծառայությունը զբաղվածության կամ սոցիալական խնդիր լուծելու տեղ է»:

«Առավոտի» այն դիտարկմանը, թե վարչապետն է այդ կարծիքին, քանի որ բոլորովին վերջերս հայտարարեց, որ մինչ այժմ չեն գնացել կրճատումների, որպեսզի «երկրում սոցիալական խնդիրներ չառաջանան», պարոն Բադալյանն ասաց՝ իհարկե, դա հաշվի է առնվել, բայց ես էլ իմ անձնական կարծիքն եմ ասում, որ քաղաքացիական ծառայությունը, պետական ծառայությունը սոցիալական խնդիր լուծելու տեղ չէ. «Հենց դրա հետեւանքով է, որ պետական ծառայության որակից դժգոհ է մեր հասարակությունը»:

Այն հարցին էլ, թե բոլոր վարչապետների օրոք էլ նման հայտարարություններ եղել են, հաստիքները կրճատվել են, բայց որոշ ժամանակ անց հակառակ գործընթացին ենք ականատես եղել, եւ կրկին նորանոր հաստիքներ են բացվել, ո՞րն է երաշխիքը, որ այս անգամ նույնը չի կրկնվելու, պարոն Բադալյանն ասաց. «Այս անգամ քաղաքական ղեկավարությունը գնում է քաղաքական, արմատական որոշման, բնականաբար՝ այդ որոշումը պետք է լինի հիմնավոր, որն էլ հանդիսանա երաշխիք»:

«Առավոտի» այն հարցին, թե Քաղծառայության խորհրդում է՞լ են հաստիքներ կրճատվելու, պարոն Բադալյանն ասաց. «Մեր կառույցում հավանաբար՝ ոչ, որովհետեւ մեր կառույցը 2002 թվականին ընդամենը 70 հաստիքով ձեւավորվել եւ արդեն ավելի քան 14 տարի 70 հաստիքով շարունակում է աշխատել, մինչդեռ նրա գործառույթների 30 տոկոսով աճ է տեղի ունեցել այս ընթացքում»:

 
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Քանի որ կրճատումները պետք է կատարվեն բյուջետային ծախսերի տնտեսման նպատակով, ապա տրամաբանական կլինի կրճատումներն սկսել բարձր աշխատավարձ ստացող չինովնիկներից: Եթե համենատվենք այլ երկրների հետ, ապա զարգացած տնտեսություն ունեցող երկրների նախարարներն այդքան տեղակալներ ու խորհրդականներ չունեն, որքան արտաքին հսկայական պարտքեր ունեցող մեր երկրում: Օրինակ, կարելի է յուրաքանչյուր նախարարությունում ունենալ մեկ փոխնախարար (որը նախարարին փոխարինողը պետք է լինի վերջինիս բացակայության ժամանակ), այդ դեպքում նախարարը նույն հաջողությամբ կարող է աշխատել վարչությունների պետերի հետ և դրանից աշխատանքը չի տուժի: Այսպիսով, եթե յուրաքնչյուր նախարարությունում մի քանի փոխնախարարի հաստիք (իրենց օգնականի, քարտուղարուհու, վարորդի և ծառայողական մեքենայի հետ) կրճատվի, արդեն իսկ լուրջ տնտեսում կլինի: Իսկ եթե հաջորդ կրճատվողները լինեն պետական մարմինների այն խորհրդականներն ու օգնականները, որոնց խորհուրդներն ու օգնություններն այնքան էլ էական չեն, ապա տնտեսումները կլինեն շատ ավելի մեծ:
    Մի խոսքով` կրճատումները պետք է սկսել վերին չինովնիկներից, արդյունքում կպակասի նաև հովանավորչությունը (քանի որ հովանավորում են վերևից և ոչ թե ներքևից):
    Այս մոտեցումը արդարացի կլինի նաև այլ տեսանկյունից: Այդ մակարդակի չինովնիկների հաստիքների կրճատումները ավելի քիչ սոցիալական լարվածություն կառաջացնեն, քանի որ այդ մարդիկ իրենց լայն կապերի շնորհիվ մի այլ աշխատանք կգտնեն, այլ կերպ ասած` սոված չեն մնա:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031