Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոկայանատեղիում արված տեսագրությունում արձանագրված անձանց ապանձնավորում չէր իրականացվել

Մայիս 21,2016 16:00

Հաճախ մենք ականատես ենք լինում այն բանին, որ տրանսպորտային միջոցների կայանատեղերի համար սահմանված տեղական տուրքը չվճարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման հիմքում որպես ապացույց դրվում է տեսագրություն, որն, ըստ էության, պարունակում է անձնական տվյալներ:
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի «Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն» օրեր առաջ վարչական վարույթ էր հարուցել հենց այդ՝ նմանատիպ խնդրո առարկա վեճի հետ կապված:

Քաղաքացի Արա Աստոյանը դիմել էր գործակալության անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին հարուցված վարչական գործի շրջանակներում:

«Քաղաքացին տրամադրել էր 16 րոպե 4 վայրկյան տեւողությամբ տեսագրություն, որն իրականացվել է մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղերի կահավորման մեջ մտնող ստատիկ տեսանկարահանող սարքի միջոցով: Պետք էր պարզվեր, թե նշյալ տեսագրությամբ արդյոք խախտվե՞լ է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, տեսագրությամբ մշակվող անձնական տվյալների մշակման համապատասխանությունը»,- «Առավոտին» ասաց գործակալության վարչական վարույթների հարուցման բաժնի պետ Գեւորգ Հայրապետյանը:

Վարչական վարույթի քննությանը մասնակցել է նաեւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Զրուցակցիս տեղեկացմամբ, վարչական վարույթի նյութերով հաստատվել է, որ տեսագրությունն իրականացվել է տեսանկարահանող սարքի միջոցով, որով «կահավորված» է ավտոկայանատեղը:

«Տեսագրության մեջ երեւում է այն տրանսպորտային միջոցը, որին վերագրվում է իրավախախտումը, ինչպես նաեւ մայթեզրին կայանված այլ տրանսպորտային միջոցներ, փողոցի տվյալ հատվածն ամբողջ լայնությամբ, տեսանկարահանող սարքի հանդիպակաց շենքի տվյալ հատվածի առաջին հարկը, այդ թվում՝ խանութի մուտքը, տրանսպորտային միջոցները, սրահները, ուղեւորները եւ վարորդները, տեսանկարահանող սարքի հանդիպակաց մայթեզրով անցնող հետիոտները, մեքենաների պետհամարանիշները: Նշյալ տեսագրությունների մեջ, սակայն, երեւում են այնպիսի տրանսպորտային միջոցներ, որոնց չի վերագրվում տվյալ իրավախախտումը, ինչպես նաեւ տեսագրությունում արձանագրված անձանց ապանձնավորում չի իրականացվում:

Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը հայտնել էր, թե «տեսագրությունում արձանագրված անձանց նույնականացնել հնարավոր չէ, ինչպես նաեւ հնարավոր չէ նույնականացնել անձանց մեքենաների համարանիշներով եւ մակնիշներով՝ բացառությամբ, եթե տեսագրությունը ստացած անձը չունի համարանիշների բազա», -ասում է զրուցակիցս:

Նշեմ, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի համաձայն, «անձնական տվյալ» է համարվում ոչ միայն այն տեղեկությունը, որը թույլ է տալիս ուղղակիորեն նույնականացնել անձին, այլ նաեւ այն տեղեկությունը, որը կարող է թույլ տալ անուղղակիորեն նույնականացնել անձին: «Հետեւաբար այն, որ մարդկանց դեմքերը հստակորեն չեն երեւում, չի նշանակում, որ այդպիոսվ անհնար է նույնականացնել մարդուն»,- ասում է զրուցակիցս:

Բարձրացված հարցերից մեկն այն էր, թե «համապատասխանո՞ւմ է, արդյոք, տեսագրման իրականացումը, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի կողմից վարչական իրավախախտումը ապացուցելու համար տեսագրության օգտագործումը, այն է՝ վարչական ակտի հասցեատիրոջը հասանելի դարձնելը, բողոքարկման դեպքում նրան ուղարկելը, անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքին»:

Գ. Հայրապետյանը հղում անելով օրենքին, ասում է, որ «Տվյալների մշակումը պետք է հետապնդի օրինական նպատակ», եւ որ, ինչպես վարույթի շրջանակներում են արձանագրել. «Արգելվում է անձնական տվյալների մշակումը, եթե տվյալները մշակելու նպատակին հնարավոր է հասնել ապանձնավորված կերպով»:

Գործակալությունը փաստել էր, որ այո, սույն վարույթի խնդրո առարկա տեսագրության իրականացման նպատակն ավտոկայանատեղի տուրքի վճարման նկատմամբ հսկողության իրականացումն է: Հետեւաբար, տեսագրության միջոցով անձնական տվյալները պետք է հավաքվեն եւ օգտագործվեն բացառապես ավտոկայանատեղի տուրքի վճարման նկատմամբ հսկողության իրականացման նպատակով եւ այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է այդ նպատակին հասնելու համար, իսկ այն անձնական տվյալները, որոնք անհրաժեշտ չեն այդ նպատակի համար կամ անհամատեղելի են դրա հետ, չպետք է մշակվեն:

Տուրքի վճարման նկատմամբ հսկողության իրականացումը վերաբերում է այն տրանսպորտային միջոցներին, որոնք 15 րոպեից ավելի կանգնել են կարմիր գծերում սահմանված կայանատեղերում եւ չի վերաբերում տեսագրությամբ երեւացող փողոցի տվյալ հատվածով երթեւեկող տրանսպորտային միջոցներին, դրանց համարանիշներին, չի վերաբերում հանդիպակաց շենքի տվյալ հատվածի առաջին հարկին, այդ թվում՝ խանութ այցելող անձանց, տրանսպորտային միջոցների ուղեւորներին եւ վարորդներին, տեսանկարահանող սարքի հանդիպակաց մայթեզրով անցնող հետիոտներին: «Հետեւաբար, նշված անձանց տեսագրելը չէր բխել տեսագրման իրականացման նպատակից, ուստի չի բխում անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքից»,- ասում է զրուցակիցս:

Վարույթի ավարտից հետո, համաձայն որոշման, Երեւանի քաղաքապետարանից պահանջվել է ավտոկայանատեղերի կահավորման մեջ մտնող ստատիկ տեսանկարահանող սարքի միջոցով տեսագրություն իրականացնելիս, տեսագրությունը վարչական ակտի հասցեատիրոջը հասանելի դարձնելիս կամ այլ կերպ մշակելիս ապանձնավորել այն անձնական տվյալները, որոնք անհրաժեշտ չեն տվյալները մշակելու նպատակների համար կամ անհամատեղելի են դրանց հետ:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031