Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Անահիտ Մխիթարյանը դատի է տալու «Նորմայի» ռեժիսորին

Մայիս 21,2016 15:30

Բորիս Հայրապետյանն իր ֆիլմի համար
առանց թույտվության օգտագործել է երգչուհու ձայնը

ԱԼ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում վերջերս կայացավ Բելինիի «Նորմա» օպերայի վերականգնված պրեմիերան: Դատելով արձագանքներից՝ ներկայացման հետ հանդիսատեսի հույսերը չարդարացան: Նորմայի դերում փայլուն ելույթներ ունեցող Անահիտ Մխիթարյանը բեմում չէր: Ասացին՝ հրաժարվել է: Պարզվեց, որ խնդիրը բնավ էլ օպերային թատրոնի հետ չի կապված, այլ «Նորմա» ներկայացման ռեժիսոր Բորիս Հայրապետյանի: Հանգամանքները առավել մանրամասն փորձեցինք պարզել երգչուհուց:

«Այո՛, հրաժարվել եմ եւ հրաժարվել եմ իմ ամենասիրելի, ամենահաջողված դերերից մեկից: Համոզված եմ՝ հիմա ավելի լավ կերգեի: Իրավիճակը առավել քան լուրջ է եւ ունի խորը արմատներ… Եվ մի՛ կարծեք, թե մեր թատրոնի տնօրինությունը ինձ չի առաջարկել, ընդհակառակը, նրանք բազմիցս դիմել են, խնդրել, հորդորել են՝ ընդհուպ ներկայացումից մի քանի օր առաջ: Անկեղծ ասած՝ այս իրավիճակը խորթ է ինձ. ես երբեք խնդրանքների չեմ սպասել, մշտապես պատրաստակամ եմ եղել իմ գործում: Իմ ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում խոնարհաբար եւ նվիրումով եմ կատարել աշխատանքս՝ անտրտունջ հաղթահարելով բազում խոչընդոտներ, չակնկալելով ոչինչ: Իսկ ի՞նչը այսօր ստիպեց ինձ մնալ անդրդվելի, ո՞րն է խնդիրը իրականում` վերադառնանք տարիներ հետ, – ասում է Անահիտը: – Ամեն ինչ սկսվեց այն օրից, երբ տարիներ առաջ Բորիս Հայրապետյանը, Ռուսաստանից ժամանելով Հայաստան, որոշեց բեմադրել «Նորմա» օպերան՝ բոլորովին կապ չունենալով օպերայի եւ օպերային արվեստի հետ: Աշխատում էինք գործից միանգամայն անտեղյակ, օպերային ռեժիսուրային չտիրապետող մարդու հետ: Ինչեւէ, բազում անհարմարություններ հաղթահարելուց հետո բեմականացումն իրականացավ: Ներկայացման մեջ իմ դերընկերն էր երջանկահիշատակ Գեղամ Գրիգորյանը, եւ հենց միայն մեր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ էլ կայացավ ներկայացումը: Ասեմ ավելին, Գեղամ Գրիգորյանը ճարահատյալ իր ձեռքն էր վերցրել ողջ բեմադրական աշխատանքը. այլ կերպ հնարավոր չէր», – պատմում է երգչուհին:

Այնուհետեւ 2003 թվականին տեղի էին ունեցել մոսկովյան հյուրախաղեր` Մեծ թատրոնում: Այդ լեգենդար բեմում Անահիտ Մխիթարյանի «Նորման» հսկայական հաջողություն ունեցավ: Օպերայի գլխավոր արիայի` «Casta Diva»-ի, ըստ ռուսաստանյան մամուլի, հրեշտակային կատարումն այնպիսի ընդունելություն գտավ, որ ներկայացումը ժամանակավորապես կանգ առավ: Ահա թերթերից մեկի արձագանքը, որ վերնագրվեց այսպես՝ «Նորմայի տրիումֆը».
«Նա այնպես կատարեց «Casta Diva»-ն, որ հանդիսատեսի բուռն ծափահարություններն ընդհատեցին ներկայացումը: Դա Անահիտ Մխիթարյանն էր, որն այդ երեկո զարդարում էր բեմը:

Anahit_Mxitaryan

Իմաստուն Բելինին այդ փառահեղ մեներգը իբրեւ փորձաքար տեղադրել է առաջին գործողության հենց սկզբում: Casta Diva-ի հրաշագեղ կատարումը, աշխուժություն մտցնելով ներկայացման մեջ, ավարտվեց փառահեղ կերպով: Ներկայացումը միառժամանակ կանգ առավ. հաղթանակի բերկրանքից ցնծում էին բոլորը` թե՛ հանդիսատեսը, թե՛ ողջ թատերախումբը»:

Իսկ «Ռուսսկի ժուռնալ» ամսագիրը գրեց. «Մխիթարյանի հոյակապ սոպրանոն, անհավանական թեթեւությամբ ճախրելով նվագախմբի վրայով, կախարդում է շնչառությամբ գրեթե չընդհատվող հիանալի ձայնային գծով, որը հանրահայտ Casta Diva-ին տալիս է գլխապտույտ առաջացնող մի այլ հնչողություն… Անահիտ Մխիթարյանը ցուցադրեց իսկական բելկանտո երգեցողություն, կարողացավ վերհանել Բելլինիի գլուխգործոցի ողջ հմայքը»: Ներկայացումն ուղիղ եթեր հեռարձակվեց հանրահայտ «Կուլտուրա» հեռուստաալիքով:

Ոգեւորված այս հաջողությամբ՝ Բ. Հայրապետյանը որոշեց, որ ֆիլմ-օպերա է նկարելու, ինչի համար Անահիտ Մխիթարյանը եւ Գեղամ Գրիգորյանն ընտրվեցին որպես գլխավոր դերակատարներ: Իսկ ահա թե ինչ կատարվեց հետո: Պատմում է Անահիտ Մխիթարյանը. «Սկսվեցին նախապատրաստական աշխատանքներ. բոլոր դերակատարներս հրավիրվեցինք ռեժիսորի հետ հանդիպման: Մեզ հայտնեցին, որ օրերս կսկսվեն նկարահանումները, եւ մեզ կտեղեկացնեն նկարահանման ժամանակացույցի մասին: Օրեր անց՝ այս տեղեկությունը ստանալու փոխարեն ես հանկարծակի իմանում եմ, որ ֆիլմի նկարահանումներն արդեն սկսվել եւ ընթանում են, ու հենց Նորմայի մասնակցությամբ հատվածներից: Արդյոք էթիկայի ամենատարրական կանոնների մեջ չէ՞ այն, որ նախապես ընտրված գլխավոր դերասանուհուն պետք էր առնվազն տեղեկացնել, որ կատարվել է Նորմայի դերակատարուհու փոփոխություն: Տարված իր ֆիլմի ապագա կարծեցյալ հաջողությամբ՝ Բ. Հայրապետյանն այս բանն արեց առանց բացատրության: Սա, իհարկե, ծանր ու վիրավորական էր ինձ համար, բայց վատագույնը, որ Բորիսը հանդգնեց կատարել հետագայում, ինչպես ասում են, դեռ առջեւում էր»:

Ըստ Անահիտի, «Երբ ֆիլմի նկարահանումներն ընթանում էին, իմ կոլեգաներից շատերն ինձ հաճախ հայտնում էին, որ նկարահանման հրապարակում հնչում է Մոսկվայի Մեծ թատրոնի ներկայացման ձայնագրությունը, որտեղ բնականաբար հնչում է իմ ձայնը: Իհարկե, սա էլ Բորիսի հերթական դիլետանտիզմն էր, որովհետեւ չկա նախադեպ, որ ֆիլմ-օպերան սկսվի նկարահանվել՝ առանց այդ օպերայի ստուդիական ձայնագրության:
Անշուշտ, ֆիլմի նկարահանումների ավարտից հետո նրանք կատարեցին ձայնագրություն` փաստացի դերակատարների մասնակցությամբ, եւ Նորմայի դերում նկարահանվեց եւ ձայնագրվեց սոպրանո Հասմիկ Պապյանը: Երբ արդեն վաղուց ավարտվել էին ֆիլմի նկարահանումները, եւ այն պատրաստ էր, ֆիլմի հետ անմիջական կապ ունեցած թատրոնի իմ գործընկերներից լուրեր էի ստանում, թե իմ ձայնն օգտագործված է ֆիլմի մեջ: Անկեղծ ասած՝ փորձում էի չհավատալ եւ հատուկ կարեւորություն չէի տալիս՝ կարծելով ասեկոսներ են: Եվ հավատացեք՝ երկար ժամանակ հոգեբանորեն չէի կարողանում ինձ տրամադրել՝ դիտելու ֆիլմը: Չէի ուզում հավատալ ճշմարտությանը… Ու մի օր այն պատահաբար ցուցադրվեց Հանրային հեռուստատեսությամբ, եւ ո՛վ զարմանք, իսկապես որ ֆիլմի որոշ մասերում հատվածաբար հնչում էր իմ ձայնը՝ Մեծ թատրոնի ներկայացումից վերցված: Այսինքն՝ Հ. Պապյանը ներկայանում էր իմ ձայնի ներքո: Սա արդեն վեր էր ամեն սպասածից: Չեմ առարկում, ռեժիսորը կարող է փոխել ֆիլմի դերասանուհուն, ընտրել իր կարծիքով առավել հարմար մեկին. դա նրա իրավունքն է, բայց առանց թույլտվության, ինքնագլուխ կերպով օգտագործել իմ ձայնը, վերագրել այն ֆիլմում խաղացող երգչուհուն՝ ուղղակի աններելի է»:

Բնականաբար, հարց է առաջանում` ի՞նչ է մտածում ֆիլմի երգչուհին՝ Հասմիկ Պապյանը, որ ներկայանում է Անահիտ Մխիթարյանի ձայնի ներքո: Արդյոք ձեռնտո՞ւ է նրան այս տարբերակը: «Պատասխանն ինքնին ենթադրելի է. երեւի թե ձեռնտու է… Ասեմ նաեւ, որ շրջանառվում էին լուրեր, թե այլեւայլ զեղծարարությունների պատճառով ֆիլմը գտնվում է արգելանքի տակ: Ինչպես հետո պարզվեց՝ արգելանք բոլորովին էլ չկա. այն ազատորեն վաճառվում է ու հասանելի է բոլորին: Եվ ընդամենը մեկ ամիս առաջ, ես ինքս եմ Եվրոպայից գնել երկու օրինակ՝ որպես փաստ-ապացույց՝ հետագա դատավարության համար, ինչից հետո տեսաերիզները կհայտնվեն աղբադույլում:

Եվ այսօր ինձ խնդրում են երգել վերականգնված «Նորմա» օպերայում, որի ռեժիսորը դարձյալ տարիներ առաջ իմ արժանապատվությունն ու պատիվը ոտնահարած Բ. Հայրապետյանն է: Նա փորձել է սասանել իմ՝ արվեստագետիս անբասիր հեղինակությունը՝ խախտելով կատարողիս իրավունքը: Նա գողացել եւ օգտագործել է իմ ձայնը՝ առանց թույլտվության, եւ ես խստորեն պահանջում եմ բարոյական եւ նյութական վնասի հատուցում: Եթե խոսենք օրենքի լեզվով` խախտվել են իմ` կատարողիս բացառիկ անձնական իրավունքները: Սա օրենքով լուծվելիք հարց է, եւ թող իր հայրենիքում ոչ մի ավանդ ու ներդրում չունեցող ռուսաստանաբնակ Բորիս Հայրապետյանը մտածի, թե ինչպես է պատասխան տալու իր կատարած աններելի հանցանքի համար: Հետաքրքիր է նաեւ այն, որ Բ. Հայրապետյանը օրերս տրված ասուլիսում հպարտանում էր իր «Նորմա» ֆիլմով եւ խանդավառությամբ ներկայացնում՝ մոռանալով, որ այն իր ձախողված գործն է: Նա երեւի մոռացել է իր խարդավանքների մասին. ֆիլմում այլ ձայնագրություն էլ է օգտագործված, որտեղ ուրիշ նվագախումբ է հնչում եւ ուրիշ դիրիժոր է ղեկավարում: Բայց դրանք իմ խնդիրը չեն: Ես խոսում եմ միայն իմ ձայնի գողության մասին», – ասում է Անահիտ Մխիթարյանը:

Բ. Հայրապետյանը այսօր էլ իր ներկայացման վերականգնման համար դիմել է էթիկայի տեսանկյունից կասկածելի քայլերի: Քաջատեղյակ լինելով, որ Անահիտ Մխիթարյանը կտրականապես հրաժարվել է իր ներկայացման մեջ հանդես գալուց՝ «Նորմա» օպերայի պրեմիերայից օրեր առաջ տված գովազդային առցանց հոդվածները պատել է երգչուհու՝ Նորմայի բեմական լուսանկարներով՝ ձգտելով արվեստասեր հասարակության ուշադրությունը գրավել. չէ՞ որ Անահիտ Մխիթարյանի ներկայությունը կարող էր ներկայացման համար որակ ապահովել:

«Իմ սիրելի օպերային թատրոնի սխալն այն է, որ թույլ տվեց Բ. Հայրապետյանին վերստին մտնել թատրոն, իր ներկայացման ձախողման համար մեղադրել ողջ անձնակազմին՝ փորձելով ոտնատակ անել տարիների բարձր համարում ունեցող օպերային թատրոնի հարգն ու պատիվը: Այստեղ են ասել՝ սելը չի ճռռում, սելվորն է ճռռում»,- եզրակացնում է Անահիտը:

Ի վերջո, Հայաստանում կան իսկապես շնորհալի ռեժիսորներ, որոնք կարող են օպերային թատրոնում բեմադրել ներկայացում, ընդ որում` Բորիս Հայրապետյանից շատ ավելի լավ, եւ որոնք բարձր գնահատանք ու հարգալից վերաբերմունք ունեն Հայաստանի օպերային թատրոնի եւ նրա պրիմադոննա Անահիտ Մխիթարյանի հանդեպ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Անահիտ Մխիթարյան. Օպերայի եւ բալետի Ազգային Ակադեմիական թատրոնի առաջատար մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի, Միջազգային մրցույթների եռակի Ոսկե մեդալակիր եւ երեք «Գրան Պրի»-ների թագակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալակիր:

 

«Առավոտ» օրաթերթ
20.05.2016

Գլխավոր լուսանկարում` Անահիտ Մխիթարյանը Նորմայի դերում (Մեծ թատրոն):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (24)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Պարոն Աբրահամյան. Ձեր հոդվածի վերնագիրը հուշում է, որ տեղի է ունեցել , մեղմ ասած, գրագողություն, որը և փորձում եք ապացուցել Ձեր և Ա. Մխիթարյանի երկխոսությամբ: Մի հարցի եմ ուզում անդրադառնալ: Մի՞թե կարծում եք, որ համաշխարհային հեղինակավոր բեմահարթակները արդեն երեսուն տաի նվաճած, այդ նույն Նորմայի և հարյուրավոր այլ դերերերգերի անզուգակա կատարումներով հանդիսատեսին անմոռաց պահեր պարգևած, մեր ազգը աշխարհին լավագույնս ներկայացրած, հրաշալի հայ և քաղաքացի Հասմիկ Պապյանը կարող էր իրեն թույլ տալ պարզապես բերանը բաց ու խուփ անել ուրիշի երգեցողության տակ:Միթե կարելի է այդքան իջնել: Կարծում եմ, պատճառը Հասմիկ Պապյանի անկախ, կոմպրոմիսի չգնացող, բարձր քաղաքացիական դիրքորոշման և վերջապես մարդկային նախանձի մեջ է: Ցավում մ, որ Դուք մասնակից եք դրան:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Դուք այս նյութում որեւէ մեղադրա՞նք եք կարդացել իմ կողմից հարգված Հասմիկ Պապյանի հասցեի՞ն:

    • Ս. Պողոսյան says:

      Մ. Գրիգորյան, վերցրեք DVD-ին, դիտեք և լսեք, և հեշտությամբ կգտնեք այն մասերը, որտեղ Պապյանը բերանը բացում փակում է Անահիտ Մխիթարյանի ձայնի տակ, եթե իհարկե երաժշտությանը և օպերային արվեստին մոտ եք և հասկանում եք:
      Վստահ եմ, որ կգտնեք նաև մաս, որտեղ նա բերանը բացում փակում է նաև Մարիա Բիեշուի ձայնի ներքո:
      Կարծում եմ հասկացաք…… և խորհեք, Պապյանի Ձեր որակումների մասին… Արդյոք զարմանալի չէ, թե ինչպես է նա այդ կեղծիքի տակ` ուրիշ ձայնի տակ ներկայանում…

    • Կատյա Սիմոնյան says:

      Պ. Գրիգորյան,եթե Դուք այդքան քաջատեղյակ եք օպերային արվեստից, ապա ասացե՛ք խնդրեմ, որտե՞ղ է մնացել ,,Casta Diva ,,-ին անմիջապես հաջորդող գեղեցկագույն հատվածը, որ կոչվում է ,,O Bello a me ritorna,,:Ի՞ նչ իրավունքով է Ձեր գովական Հ. Պապյանը հանել այն ֆիլմից:Ո՞վ է թույլ տվել նրան՝ կրճատումներ անել հանճարեղ Բելինիի գրվածքում:Հանրահայտ երգչուհիները հաճույքով և հպարտությամբ են կատարում այդ հատվածը, և դեռևս ոչ ոք,ով իրեն թույլ է տվել Նորմայի դերում հանդես գալ, նման բան չի արել:Հասարակ տրամաբանությունը հուշում է,որ նա պարզապես չի կարողացել երգել, ինչպես որ չի կարողացել երգել այն հատվածներում,որտեղ բերան է բացել-փակել Անահիտ Մխիթարյանի և Մարիա Բիեշուի ձայների ներքո: Իսկ այժմ վայելե՛ք Անահիտ Մխիթարյանի կատարումը՝ հետևելով հղմանը https://www.youtube.com/watch?v=Wi6xMxXQIW4

      Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2016/05/21/694160/

  2. Մարգար Մախսուդյան says:

    Կարդացի նաև
    ՛՛Օպերայից հասկացող ՀՀ նախագահից մինչեւ ավստրիական դատարան՛՛
    https://www.aravot.am/2013/06/08/252683/ հոդվածը, ու չեմ հասկանում, թե ինչպես կարելի է նման շառլատանությունը չտեսնելու տալ…

  3. Մ.Գրիգորյան says:

    Շնորհակալություն,պարոն Մարգար Մաքսուդյան: Ծանոթ չէի այդ հոդվածին, բայց միթե Ա.Աբրահամյանն էլ ծանոթ չէր: ”Ու մի օր այն պատահաբար ցուցադրվեց Հանրային հեռուստատեսությամբ, եւ ո՛վ զարմանք, իսկապես որ ֆիլմի որոշ մասերում հատվածաբար հնչում էր իմ ձայնը՝ Մեծ թատրոնի ներկայացումից վերցված: Այսինքն՝ Հ. Պապյանը ներկայանում էր իմ ձայնի ներքո: Սա արդեն վեր էր ամեն սպասածից: Չեմ առարկում, ռեժիսորը կարող է փոխել ֆիլմի դերասանուհուն, ընտրել իր կարծիքով առավել հարմար մեկին. դա նրա իրավունքն է, բայց առանց թույլտվության, ինքնագլուխ կերպով օգտագործել իմ ձայնը, վերագրել այն ֆիլմում խաղացող երգչուհուն՝ ուղղակի աններելի է»: Բնականաբար, հարց է առաջանում` ի՞նչ է մտածում ֆիլմի երգչուհին՝ Հասմիկ Պապյանը, որ ներկայանում է Անահիտ Մխիթարյանի ձայնի ներքո: Արդյոք ձեռնտո՞ւ է նրան այս տարբերակը: «Պատասխանն ինքնին ենթադրելի է. երեւի թե ձեռնտու է… ”

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Այսինքն՝ Դուք հերքում եք փաստը, որ «Նորմա» ֆիլմում, որի DVD-ն, ի դեպ, իմ ձեռքի տակ է, հնչում է նաեւ Անահիտ Մխիթարյանի ձա՞յնը: Դա, իմ կարծիքով, ամբողջությամբ Բարիս Հայրապետյանի, ոչ թե Հասմիկ Պապյանի մեղքն է:

    • Մարգար Մախսուդյան says:

      Հարգելի Մ.Գրիգորյան, շառլատանություն ասելով ես նկատի էի ունեցել այն, որ մի ՛՛պրոյեկտի՛՛ շրջանակներում տեղի է ունեցել մեր երկու աշխարհահռչակ երգչուհիների շահերի ոտնահարում, իսկ դա՝ ՀՀ-ում օպերայից միակ հասկացողի հեչ… պետքն էլ չի:

  4. Բելլա Ջանոյան says:

    Հասմիկ Պապյանը բազմիցս է ճանաչվել աշխարհի լավագույն Նորմա, իսկ Washington Post – ը անվանեց նրան լավագույն կենդանի Նորմա: Կարծում եմ մենք շատ չունենք նման մեծություններ, և ուրեմն, պետք չէ նման ցածր խոսակցությունների մեջ շեշտել մի մարդու անուն՝ որին ամբողջ աշխարհն ընդունում է որպես մեծ հայ արվեստագետ:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ո՞րն է ցածր խոսակցությունը: «Նորմա» Ֆիլմում Նորմայի դերերգում ծայրրից ծայր Հասմիկ Պապյանի ձա՞յնն է հնչում, թե՞ նաեւ ուրիշ արտիստների ձայներ:Սա է միակ հարցը, որը քննարկվում է նյութում:

  5. Ս. Պողոսյան says:

    Տիկին Բելլա Ջանոյան,
    Նա՛խ, հոդվածում չի քննարկվում թե հիմա աշխարհում ո՞վ է համարվում լավագույն Նորման: Ասեմ նաև, որ ՛՛աշխարհի լավագույն Նորմա՛՛ հասկացություն առհասարակ գոյություն չունի՝ անկախ նրանից այդ կատարողը ապրում է, կենդանի է թե ոչ: Կարող եմ Ձեզ վստահեցնել նաև, որ Հասմիկը բոլորովին էլ լավագույն Նորմաներից մեկը չէ, և այդպիսին երբեք չի ճանաչվել:
    Էլ ին՞չ ՛՛լավագույն՛՛ կամ ին՞չ ՛՛մեծություն՛՛, եթե այդ երգչուհին իրեն թույլ է տալիս բերանը բացել ու փակել այլ երգչուհու ձայնի տակ, մանսավորապես՝ Անահիտ Մխիթարյանի և վաղուց բեմից հեռացած Մարիա Բիեշուի: Եթե դուք այդպես չեք կարծում, ապա ցավալի է: Եվ այդ դեքում դուք եք ՛՛ցածր խոսակցություններ՛՛ տարածում… Եվ հիշեք խնդրում եմ՝ հայ լինելը պետք չէ՛ շահարկել կատարված կեղծիքը քողարկելու համար:

  6. Արմինե Արամյան says:

    Անհասկանալի է հոդվածի նպատակը։ Բ. Հայրապետյանի հանցանքի մասի՞ն իրազեկել հանրությանը, թե՞ Հասմիկ Պապյանի հեղինակությանը ինքնավարկաբեկվելով փորձել դիպչել։ Հասմիկ Պապյանն էլ է տուժած կողմ։ Դատը կազմակերպեք, հրավիրեք նրան ցուցումների, դիլետանտից էլ ազատվեք, ողջ շահույթը ձեռքից առնելով։ Եթե իսկապես ամեն ինչ այնպես է, ինչպես շարադրված է հոդվածում։ Թե չէ պատահում է, մի խնդիր է հնչեղություն ստանում, հետո պարզվում է բոլորովին այլ պատմություն է տեղի ունեցել։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Համաձայն եմ, որ երկուսն էլ տուժած են: «Հոդվածի նպատակի» վերաբերյալ հարցադրումները լուրջ չեն` լրատվամիջոցը տեղեկատվություն է հաղոդրում` հիմնվելով աղբյուրների վրա: Աղբյուրը տվյալ դեպքում Անահիտ Մխիթարյանն է: Սա հոդված չէ, սա հարցազրույց է, որտեղ Անահիտ Մխիթարյանը պնդում է, որ ֆիլմում հնչում է նաեւ իր ձայնը: Թող Բարիս Հայրապետայնը կամ Հասմիկ Պապյանը հարցազրույց տան եւ ասեն, որ դա սուտ է: Տեղեկատվությունը կարող է լինել ա/ ճիշտ, բ/ սուտ: Մնացածը` մեկնաբանություններ էր:

      • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

        https://www.aravot.am/2016/05/24/695569/ Խնդիրը սակայն այն է, որ DVD-ն շարունակում է մնալ ազատ վաճառքում եւ ես այն ձեռք եմ բերել համացանցով երկու շաբաթ առաջ

        • Արմինե Արամյան says:

          Հմ… Ահա՛ թե ինչպես է եղել։ Անահիտ Մխիթարյանին կողքից այդքան ասել են, որ իր ձայնը ուրիշ երգչուհուն են տվել ֆիլմում, սակայն մեկը չի գտնվել այս 11 տարվա մեջ, որ ասեր Հասմիկ Պապյանը հոգեմաշ եղավ պրոֆանի “կինոյի” ձեռքը։ Ու Անահիտ Մխիթարյանն էլ, իր հերթին, որևէ հնարավորություն չի ունեցել ուղղակի մարդկայնորեն կապվել Հասմիկ Պապյանի հետ ու հարցնել նրա կարծիքը այս հարցի շուրջ։ Ի՞նչ ասեմ։ Պրոֆանին մոտիկ չթողնել բարձր արվեստին, իսկ ավելի լավ է խստագույնս պատժել։Մնացածը առանց մեկնաբանության։ Շնորհակալություն “Առավոտին” Հասմիկ Պապյանի հետ կապվելու համար։

  7. Բելլա Ջանոյան says:

    Ինչի մասին է խոսքը, եթե մինչև օրս Հասմիկ Պապյանի ձայնը հնչում է աշխարհի լավագույն բեմերից Օտտավա, Նյու Յորք, Վիեեննա, Միլան և ինչ եք կարծում բերան բաց ու փակ անողներին հրավիրում են նման հարթակներ, որտեղ ահռելի մեծ մրցակցություն է ընթանում: Ուրեմն մի փորձեք ստվեր գցել իրական փայլող աստղերի վրա և ձեր հարցերը ուղղեք ֆիլմի կազմակերպիչներին:

  8. Ս. Պողոսյան says:

    Հիշեցնում եմ Ձեզ, որ խոսքը հոդվածում ձայնի գողության մասին է, որը կատարված է և ֆիլմը փաստացի վաճառվում է: Ֆիլմի կազմակերպիչները իհարկե իրենց պատասխանը կտան, բայց զարմանալի չ՞է արդյոք, թե ինչու է Պապյանը թույլ տվել, որ ֆիլմում այդ կեղծիքը կատարվի, ինչո՞ւ չի հետևել, թե մոնտաժի արդյունքում ինչ է ստացվել, մինչ ֆիլմը կգնա վաճառքի:
    Եվ վերջապես, մեկնաբանությունների այս տեղը Հասմիկի գովաբանության հարթակը չէ՝ հանդարդվեք …
    Ասեմ նաև, որ Պապյանի ձայնը վաղուց ի վեր չի հնչում Ձեր մատնանշած հարթակներում՝ հենց մրցակցությանը չդիմանալու պատճառով:

    • Հասմիկ Պապյանի դիրքորոշումը կարդացեք այստեղ: https://www.aravot.am/2016/05/24/695569/

      • Արմեն Հակոբյան says:

        Հ. Պապյանի հրապարակումները հակասական են… Իր անձնական կայքէջում Sueddeutsche Zeitung գերմանական թերթին հղում կատարելով, հավաստում է, որ Մյունխենի դատարանում երկու կողմերը հայտարարեցին, որ նրանք հանգել են հաշտության պայամանգրի կնքմանը դատարանից դուրս` որոշելով, որ Պապյանն այլևս պահանջ չունի բայց DVD-երը կոչնչացվեն: (աղբյուրը՝ https://agmac.de/wp/?p=278&langswitch_lang=en): Իսկ այսօր գրում է՝ «… ռեժիսորն իրեն անթույլատրելիորեն իրավունք է վերապահել կիրառել … Մարիա Բիեշուի եւ Անահիտ Մխիթարյանի կատարումներից հատվածներ»: Ասում է, որ ինքը «… տեղյակ չի եղել … դիմել է դատարան … դատը շահել է, որի որոշումով անհապաղ դադարեցվել է տեսաերիզի վաճառքը»: Ինչպե՞ս կարող է երգչուհին պատահաբար իմանալ: Չէ՞ որ հենց ինքն է նշում, որ ձայնագրության մեջ կան հատվածներ, որ ինքը չի ձայնագրվել և ֆիլմում ընդամենը 30 րոպե է հնչում իր ձայնը: Փաստորեն կատարվել է կիսատ-պռատ ձայնագրություն: Իսկ այդ «պռատ»-ը ո՞վ պետք է փակեր, ո՞վ պետք է երգեր նրա փոխարեն: Փաստորեն դատարանի որոշում չկա, կա հաշտություն: Եվ հաշտություն կնքելը բոլորովին էլ դատը շահել չէ: Ի դեպ` Գերմանական նույն Sueddeutsche Zeitung թերթի համաձայն՝ հեղինակային իրավունքի հարցերում մասնագիտացած դատարանում առաջարկվել էր DVD-ի վրա հստակ նշել, թե իրականում որ հատվածներում որ երգչուհին է երգում: Այդ առաջարկը Պապյանի փաստաբանի կողմից անմիջապես մերժվել է: Այսպիսով, հաշտություն կնքվել է, սակայն տեսաերիզների ոչնչացման պայմանը` մոռացվել, և վաճառքը մինչ օրս շարունակվում է: Ես էլ գնեցի 2016թ. մարտ ամսին: Այդ «վայիս» ֆիլմը դիտելիս տեսնում ենք Պապյանին, բայց լսում նաև Ա. Մխիթարյանին և Մ. Բիեշուին: Ի դեպ, 2013 թ.-ի հոդվածում Պապյանը նշում է միայն Բիեշուին, այսօր` Ա. Մխիթարյանի հարցազրույցից հետո, արդեն Բիեշուին ու Մխիթարյանին: Լավ կլինի` այս ցուցակն այլևս չավելանա …

  9. Ս. Պողոսյան says:

    Այո, նա հաստատել է, որ Անահիտ Մխիթարյանի ձայնը հնչում է ֆիլում: Դա անհերքելի փաստ է:

  10. Վարդան says:

    Հարգելիներ տեսաք, որ ամեն ինչ պարզվեց ու իր տեղն ընկավ: Իսկ անտեղի բերան բաց ու փակ անողները թող ամաչեն իրենց անհիմն մեղադրանքների համար: Միթե կարելի է առանց ճշտելու նման մտքեր արտահայտել մի մարդու մասին, ով առաջինն է կեղծիքի դեմ պայքարել:

    • Տիգրան says:

      Վարդան, հարգելիս, բայց ինչ՞ն է ընկել տեղը: Ինձ համար միայն մի բան տեղն ընկավ` Հասմիկն ընդունեց, որ ֆիլմում հնչում է Անահիտ Մխիթարյանի ձայնը:
      Իսկ Պապյանի դատավարությունը կամ դրա արդյունքը Ձեզ գոհացրե՞ց: Չի կարող գոհացնել, քանի որ արդյունքում փաստացի չի դադարեցվել ֆիլմի DVD-ի վաճառքը, այն վաճառվում է:
      Ֆիլմում շարունակում են հնչել Անահիտ Մխիթարյանի և Մարիա Բիեշուի ձայները, Պապյանն էլ բերանը բացում փակում է այդ երկու երգչուհիների ձայների տակ, իսկ DVD-ի վրա գրված է միայն իր անունը: Իսկ միթե դուք ճշտել եք, վճիռ իրոք կ՞ա, թ՞ե չկա: Ասում է ” չեմ իմացել”, ”պատահաբար եմ հայտնաբերել” … դուք էլ հավատում եք:

  11. Հայկ Հովհաննիսյան says:

    Էս պատմության մեջ կան բաներ, որոնք ամեն դեպքում մնում են իմ համար անհասկանալի և կարծում եմ, որ չեն համապատասխանում իրականությանը.
    1 Հասմիկ Պապյանը, որին բոլորս հարգում և սիրում ենք, հպարտանում ենք, ով աշխարհի տասնյակ երկրներում երգել ու երգում է, նկարահանվել է բազում ֆիլմ օպերաներում… Ինչպես կարող էր պատահաբար, միամտաբար խաբվել ու չիմանար, որ իր փոխարեն օգտագործվել է ուրիշ երգչուհիներ ձայն…
    Ասենք ինչպես կարող է նա չիմանար, որ սկզբում պետք է ձայնագրվի օպերան հետո նոր նկարահանվի (նույն սկզբունքով են նկարվում նույնիսկ էժանագին կլիպերը)…
    Կամ ասենք նկարահանվելուց հետո իրեն չհետաքրքրեց թե ում ձայնն է դրվելու… ու այսպես կարելի է այս շարքը շարունակել անվերջ: Բա ուր մնաց աշխարհահռչակ երգչուհու պրոֆեսիոնալիզմին ու միջազգային մասշտաբների փորձը?? (եփած հավը նույնիսկ կծիծաղեր)
    2 Ասեմ ավելին, իմ մոտ կարծիք է ստեղծվել, որ այս խաբեության մասին տեղյակ են եղել բոլորը, թե ռեժիսորը, թե ֆիլմի տնօրենը, և թե բոլոր սոլիստները: Հնարավոր չէ նման բան անել մեկ անձով, խաբել բոլորին, այն էլ այնպիսի արտիստներին ինչպիսիք են Պապյանը և ֆիլմի մնացած դերակատարները: Ինձ թվում է որ բոլորն էլ տեղյակ են եղել և դա կատարվել է բոլորի փոխհամաձայնությամբ: Փաստացի կեղծվել է նաև նվագախմբային և երգչախմբային կատարումները ևս:
    3 Ուզում եմ խոսքս ուղղել մեր մշակույթի նախարարությանը (եթե այդպիսին գոյություն ունի) և մեր Ազգային Օպերային Թատրոնին: Հարգելիներս ես շատ հեռու եմ այն գաղափարից, որ դուք տեղյակ չեք եղել այս ամենի մասին…. եթե չեք եղել ապա կրկնակի վատ է ձեզ համար, իսկ եթե եղել եք, ապա ինչպես կարելի էր նման մարդուն (Բորիս Հայրապետյանին) նորից, տատուս ասած «հազար մուրազով» հրավերել թատրոն նույն Նորման վերաբեմադրելու??
    4 Խոսքս ուղղում եմ Պապայնին այս պատմության մեջ զոհ անվանողներին և մեծարողներին: Կենադանի հնաչողությամբ (առանց 21-րդ դարյան տեխնիկական մշակումների) բազմիցս լսել եմ երկու երգչուհիներին էլ (Պապյան և Մխիթարյան): Թույլ տվեք չարտահայտեմ կարծիքս… մի բան կասեմ միայն. Պապյանը բավականաչափ ճաշակ և ինքնաքննադատություն է դրսևորել՝ Մխիթարյանի ձայնը սեփականացնելով…

  12. Կատյա Սիմոնյան says:

    Հարգելի՛ Հայկ, Ձեր մեկնաբանությունը բավականին խելամիտ էր, սակայն թույլ տվեք առարկել այն մտքին, թե Հ. Պապյանը մինչ օրս երգում է արտասահմանյան թատրոններում: Իրազեկեմ Ձեզ, որ նրան վաղուց ոչ մի թատրոն չի հրավիրում, իսկ երբ հրավիրել է, հիմնականում պահեստայինի կարգավիճակով, որ նա չունի նկարահանումներ բազում ֆիլմ – օպերաներում, §Նորման¦ միակն է, որտեղ էլ հանդես է գալիս բացահայտ կեղծիքի տակ: Ուրախ եմ, որ Դուք և ես լսել ենք թե՛ Հ. Պապյանին և թե՛ Ա. Մխիթարյանին և զուգահեռներ տանելու իրական հիմքեր ունենք: Որպես օրինակ՝ մատնանշեմ Պապյանի երևանյան ելույթները՝ անփառունակ §Աիդան¦, §Անուշը¦, որտեղից իրեն հատուկ ոճով հանել էր բոլոր վերին նոտաները՝ փորձելով դերերգը հարմարեցնել իր վոկալ սուղ հնարավորություններին: Հանդիսատեսը շփոթության մեջ էր ընկել կերպարի և ձայնի անկատար դրսևորումից … 2002-ի §Նորման¦, ուր դարձյալ խեղդվում էր դերերգի դժվարին մասերում, վերին նոտաներում , և վերջապես §Տոսկան¦. իրեն քիչ թե շատ հարգող երգչուհին կգերադասեր այդ վիճակով բեմ դուրս չգալ: Նրա ամեն մի ելույթից հետո հանդիսատեսն իրեն հուսախաբ և վիրավորված է զգում, հօդս է ցնդում Հ. Պապյան երփնագույն միֆը…Ինչ է, դրսում կարողանում է երգել, հայրենիքում՝ ո±չ: Իսկ երբ այս ամենին ավելանում է նաև հիվանդագին ինքնագովեստը, մեր կարծիքն այլևս դառնում է ամբողջական:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031