Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

10-ամյա Գարիկ Պետրոսյանը` XIII Համաշխարհային պարային օլիմպիադայի հաղթող

Մայիս 21,2016 15:00

«Առավոտն» ավելի վաղ հայտնել էր, որ Երևանում գործող «Նոր դար» պարային համույթն ապրիլին մասնակցել է Վրաստանի VI պարային օլիմպիադային եւ «Ժողովրդական պարեր» անվանակարգում տարբեր տարիքային խմբերը, գերազանցելով ադրբեջանցի մրցակիցներին, 10 պարով գրավել էին առաջին հորիզոնականը:

«Նոր դար»-ի ղեկավար, պարուսույց Մհեր Պետրոսյանը մեզ տեղեկացրել էր, որ համույթը պատրաստվում է մեկնել Մոսկվա` մասնակցելու XIII Համաշխարհային պարային օլիմպիադային և դրա շրջանակում անցկացվող «Էթնո-ֆոլկ. համաշխարհային հաղթարշավ» մրցույթին:

Եվ ահա, Մոսկվայում նշյալ օլիմպիադայում օրերս Հայաստանը ներկայացրել են «Նոր դար»-ի 5 մենապարողներ` Լաուրա Գալստյանը, Սվետլանա Պետրոսյանը, Սուսաննա Հակոբյանը, Դոնարա Բարեղամյանը եւ XII Համաշխարհային պարային օլիմպիադայի ներկայիս չեմպիոն, 10-ամյա Գարիկ Պետրոսյանը:

9

«Համույթն օլիմպիադայում հանդես է եկել ժողովրդական պարերի ուղղությունում` տարբեր տարիքային խմբերում: Հատկապես «Ժողովրդական պարեր» անվանակարգում մրցակցությունը թեժ էր, մասնակցում էին շուրջ 1000-1500 պարողներ: Մրցավարական կազմում էին Հայաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Էստոնիայի, Ռուսաստանի, Դանիայի ներկայացուցիչները, իսկ կազմը գլխավորում էր Սլովենիայի ներկայացուցիչը: Համույթի ներկայացուցիչներից 2-ը՝ Դոնարա Բարեղամյանը և Գարիկ Պետրոսյանը մասնակցեցին նաև օլիմպիադայի շրջանակներում անցկացված «Էթնո-ֆոլկ. համաշխարհային հաղթարշավ» մրցույթին: Դոնարա Բարեղամյանը զբաղեցրեց IV հորիզոնականը, իսկ գործող չեմպիոն Գարիկ Պետրոսյանն այս մրցույթում դարձավ հաղթող` կանգնելով առաջին պատվո հարթակին եւ ծածանելով հայոց եռագույնը:

7
Իսկ օլիմպիադայի ավարտից հետո տեղի ունեցավ մրցանակաբաշխությունը: Թեժ մրցակցության պայմաններում մեր 4 պարուհիները հայտնվեցին լավագույն տասնյակում: Իսկ տղաներից առաջին հորիզոնականը գրավեց XII Համաշխարհային պարային օլիմպիադայի չեմպիոն Գարիկ Պետրոսյանը: Կանգնելով առաջին պատվո հարթակին` Գարիկը ծածանեց մեր եռագույնը և արդեն երկրորդ անգամ բոլորը ոտքի կանգնեցին` մեր հիմնի հնչյունների ներքո: Գարիկը աշխարհին ևս մեկ անգամ ցույց տվեց իր ուժը` հայի ուժը և անպարտ ոգին` դառնալով աշխարհի կրկնակի չեմպիոն»,-պատմեց Մհեր Պետրոսյանը:
Հավելենք, որ Մոսկվայում Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր «Կատարողական արվեստների համահայկական ասոցիացիայի» նախագահ, IDO միջազգային կարգի մրցավար Արտաշես Մեսրոպյանը: «Առավոտի» հետ զրույցում նա նշեց, որ մոսկովյան օլիմպիադան առանձնահատուկ էր իր ընդգրկման ծավալներով. «Որպես պարային օլիմպիադա` այն ամենամեծն է աշխարհում, ունի շուրջ 30.000 մասնակից` գրեթե 50 երկրներից` բոլոր պարային ուղղություններում, որոնց թիվը 70-ի է հասնում: Այս տարվա օլիմպիադան պետք է գրանցվի «Գինեսի» ռեկորդների գրքում»:

3
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Մհեր Պետրոսյանը

«Առավոտ» օրաթերթ
20.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031