Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս պահպանել կանաչեղենի օգտակար հատկությունները

Մայիս 21,2016 14:00

Կանաչեղենը մեր օրգանիզմին փոխանցում է կարեւոր վիտամիններ եւ օգտակար նյութեր եւ որպեսզի այդ ամենը դրանց մեջ առավելագույն կերպով պահպանվի, նախ պետք է օգտագործելուց առաջ, վիտամինների կորստից խուսափելու համար, թարմ կանաչեղենը պահել կապը քանդած վիճակում: Կապով պահելու դեպքում կատարվում է ինքնայրում՝ կանաչին տաքանում է եւ վիտամինները քայքայվում են:

Կանաչեղենը պահել խոր, չոր ամանի մեջ: Այսպես այն կպահպանի թարմությունը մեկ շաբաթ: Սամիթը, նեխուրը, մաղադանոսը պահելու համար խորհուրդ է տրվում աղ օգտագործել: Առատ աղ ցանած վիճակում նրանք մի քանի ամիս պահպանում են իրենց բուրմունքը, եթե այն լվանալ ոչ թե սառը, այլ տաք ջրով:

Մաղադանոսն ու սամիթը երկար ժամանակ թարմ կմնան, եթե սառնարանում պահել սառը ջրով թրջած եւ փայլաթիթեղով փաթաթած վիճակում:

Թառամած կանաչեղենը թարմացնելու համար 1 ժամ թողնել 1 ճաշի գդալ քացախ խառնած սառը ջրի մեջ:

Չորացրած կանաչեղենը օգտագործելուց առաջ 5-10 րոպե դնել տաք ջրի մեջ: Գույնը կթարմանա, համն ու հոտը կլավանան:

Մաղադանոսը, հազարը եւ այլ բանջարեղենները կարելի է 12 օր առանց սառնարանային պայմանների պահել՝ ծաղկի նման դնելով լայնեզր ջրով լի ամանի մեջ:
Մառոլը՝ հազարը, եւս կարեւոր կանաչեղեն է: Նրա 100 գրամի մեջ պարունակվում է 220 միլիգրամ կալիում, 77 միլիգրամ կալցիում, 40 միլիգրամ մագնիում, 35 միլիգրամ ֆոսֆոր: Նյութերի նման հարաբերակցությունը բարենպաստ է կալցիումի յուրացման համար: Հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին իր դեղամիջոցների միջնադարյան հանրագիտարանում մառոլի վերաբերյալ գրում է. «Հազարը վանում է անքնությունը, օգնում է մելամաղձության դեպքում, անցկացնում է շոգից առաջացած գլխացավը, առատացնում է մայրերի կաթը, սրում է տեսողությունը»:

Հազարը որպեսզի լավ լվացվի, պետք է այն, ինչպես եւ մյուս կանաչեղենները լվանալ քացախաջրով, որպեսզի տերեւների մեջ եղած միջատներն անհետանան:
Թառամած հազարը թարմացնելու համար անհրաժեշտ է մտցնել սառը ջրով լի ամանի մեջ, որի մեջ նախապես 2 հատ կեղեւած կարտոֆիլ պետք է դնել:
Խաղաղ եւ հանգիստ քուն ապահովելու համար ընթրիքի ժամանակ մեկ պնակ հազարով պատրաստված աղցան ուտել:

Կարելի է նաեւ հազարի 75 գրամ թարմ տերեւները խաշել 1 լիտր ջրով 15 րոպե, ապա խմել այդ ջուրը:

Խաշած հազարի ջուրը կարելի է օգտագործել նաեւ դեմքը մաքրելու համար: Այս ջուրը փափկեցնելու հատկություն ունի եւ շատ օգտակար է յուղոտ մաշկ ունեցողների համար: Նույն այս ջուրը կարող են օգտագործել չոր մաշկ ունեցողները՝ հանդարտացնելու համար արեւի եւ ցրտի պատճառած մաշկային բորբոքումները:

Դեմքի թարախային բշտիկների կամ պալարների վրա նախապես ձիթայուղ քսել, ծածկել եռացած ջրի մեջ մի քանի անգամ մխրճված հազարի տերեւներով:

Նույն այս տերեւներով դարմանել նաեւ մաշկի մակերեսային այրվածքները:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
20.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031