Ինչպես տեղեկացրել ենք, երեկ կեսօրին սուր կտրող-ծակող գործիքով ստացած վնասվածքներով «Գյումրի բժշկական կենտրոն» էին տեղափոխել 1989 թվականին ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Գ.Թ.-ին է, որը, պարզվեց Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած շիրազագետ Արամայիս Շիրազունու որդին է:
Այսօր հայտնի դարձավ, որ երիտասարդին դանակահարել են Մադոյան ու Պուշկին փողոցների խաչմերուկում՝ իրենց տան մոտակայքում: 1986 թվականին ծնված Հ. Դ-ն ոստիկանությունում նշել է, թե դեպքը տեղի է ունեցել բարձր խոսելու համար նկատողություն անելու պատճառով. խաչմերուկից անցնելիս ՝ ինքը բարձր խոսել է, Շիրազունու որդին էլ նկատողություն է արել, վիճաբանություն է սկսվել, որն ավարտվել է դանակահարությամբ: Այժմ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Եթե նախաքննական մարմինը պարզի, որ իրականությունը սա է, ուրեմն ոստիկանության համար լուրջ մտահոգության թեմա պիտի դառնա գյումրեցի երիտասարդների՝ դանակով փողոցներում պտտվելու ու օրը ցերեկով նման կերպ հարցեր լուծելու հանգամանքը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ