Մայիսի 19-ին Նոյեմբերյանում ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանամերձ համայնքների խաղաղ բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրներին առնչվող հարցեր: ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ԿԽՄԿ-ն աջակցության մի շարք նոր ծրագրեր է նախաձեռնել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների սոցիալապես անապահով ընտանիքներին սատարելու նպատակով: Աջակցություն տրամադրելիս հաշվի են առնվում ընտանիքի նախասիրությունները, աշխատանքները կազմակերպելու հնարավորություններն ու պայմանները:
Նշվել է, որ սեփական տնտեսությունը զարգացնելու նպատակով ընդամենը երեք օր առաջ սահմանագլխին գտնվող Բարեկամավան գյուղի հինգ ընտանիքի արդեն հատկացվել է 7-ական մեղվափեթակ: Առաջիկայում նախատեսված է նույն գյուղի ութ ընտանիքի էլ տրամադրել 4-ական ցուլիկ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վստահեցրել են, որ աջակցության ծրագրերը լինելու են շարունակական: Մարզպետ Հովիկ Աբովյանը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին կազմակերպության կողմից սահմանամերձ մարզում կատարվող ծրագրերի համար ու նաև իր պատրաստակամությունը` աջակցելու այդ ծրագրերի իրականացմանը:
Տավուշի մարզպետարան