2016թ. փետրվարի 11-ին, ժամը 22-ի սահմաններում Դիլիջան քաղաքի 27-ամյա բնակիչ Սերգեյ Միքայելյանը Դիլիջանի բժշկական կենտրոն է տեղափոխվել ինքնաձիգի կրակոցից վիրավոր վիճակում,«աջ ստորին վերջույթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ:
Ս.Միքայելյանը Դիլիջանի տարածքում ինքնաձիգի գնդակից վիրավորվել է, երբ գտնվել է ավտոմեքենայի մեջ: Գնդակը ծակել-անցել է ավտոմեքենայի դուռը եւ խոցել Սերգեյի ոտքը: Նա ի պատասխան իր մոտ գտնվող ինքնաձիգից օդ է կրակել: Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով («Սպանության փորձը») եւ 235 հոդվածի 1-ին մասով («Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը,պահելը, փոխադրելը կամ կրելը»):
Սերգեյ Միքայելյանի դեմ կատարած մահափորձի կապակցությամբ որպես մեղադրյալ ներգրավվել է Դիլիջանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Հովհաննես Հակոբյանի որդին՝ 26-ամյա Դավիթ Հակոբյանը: Վերջինս մոտ մեկ ամիս գտնվում էր փախուստի մեջ, հետո ներկայացավ իրավապահներին, նա կալանավորված է: Քրեական գործի քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժինը: Դեպքի կապակցությամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել:
Իրավապահ աղբյուրներից տեղեկացանք, որ քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից կտեղափոխվի այլ մարմնի՝ նույն կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության վարչության կամ հատուկ քննչական ծառայության վարույթ; Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանին հարցրեցինք այդ մասին: Նա ասաց, որ այդ մասին դեռեւս որոշում ընդունված չէ:
Կարդացեք նաև
Հավելենք՝ քննությունը պետք պարզի,թե որտեղից են Դավիթ Հակոբյանը եւ Սերգեյ Միքայելյանը ձեռք բերել ապօրինի զենք համարվող 2 ինքնաձիգերը: Նախաքննական գաղտնիք է համարվում այն դրդապատճառը, թե ինչու է Դիլիջանի զինկոմի որդին ինքնաձիգով կրակել համաքաղաքացի երիտասարդի վրա:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ