Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Մայիս 20,2016 19:11

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2012 թվականի օգոստոսից մինչև 2015 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում «Սիրարփի ԱՀ» ՍՊԸ-ին պատկանող «Սիրարփի» ՓՀԷԿ-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ առաքված էլեկտրաէներգիայի իրական ծավալը ներկայացվել է շատ ավելին։

Նախնական քննությամբ պարզվել է, որ «Սիրարփի» ՓՀԷԿ-ը 2011 թվականի հունիսին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ կնքել է էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագիր։ Նշված ՓՀԷԿ-ը կառուցվել է «Սիրարփի ԱՀ» ՍՊ ընկերության կողմից, որի տնօրենը հանդիսացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ Ա.Գաբրիելյանի կինը։

2012 թվականի օգոստոսի 18-ին «Սիրարփի» ՓՀԷԿ-ի հաշվիչը փոխարինվել է նորով, որը հնարավորություն է տվել իրականացնել հեռահար միջամտություն: Արդյունքում՝ 2012 թվականի օգոստոսի 21-ից  մինչև 2015 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում «Սիրարփի» ՓՀԷԿ-ի հաշվիչի նկատմամբ հեռահար եղանակով տեխնիկական միջոցների և համակարգչային ծրագրերի գործադրմամբ իրականացվել է կողմնակի միջամտություն՝ փոփոխելով հոսանքի և լարման տրանսֆորմատորների տրանսֆորմացիաների գործակիցները, որի արդյունքում «Սիրարփի» ՓՀԷԿ-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ առաքված էլեկտրաէներգիայի ծավալը իրականից ավել է ներկայացվել:

Կատարված բազմածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ գործակիցների հեռահար փոփոխությանն անմիջական մասնակցություն է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման բաժնի նախկին պետ Ռուդիկ Պիվազյանը՝ նախնական համաձայնության գալով ՓԲԸ-ի՝ տնօրենի իրացման գծով տեղակալ Արսեն Գաբրիելյանի հետ, ում անմիջական ենթակայության տակ է գործել Ռ.Պիվազյանը։

Քննության տվյալներով՝ կողմնակի միջամտության արդյունքում իրականից ավել ներկայացված էլեկտրաեներգիայի ծավալը կազմել է 3.810.188 կՎտ./ժ, որի արժեքը կազմում է  95.694.000 ՀՀ դրամ, ինչը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ամբողջությամբ վճարվել է «Սիրարփի ԱՀ» ՍՊ ընկերությանը և խարդախությամբ հափշտակվել։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արսեն Գաբրիելյանին և Ռուդիկ Պիվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031