Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆուլբրայթ-Հովնանյան նոր ծրագիրը նպատակ ունի ամրապնդել գիտատեխնիկական ու ձեռներեցության ոլորտները

Մայիս 20,2016 17:42

ԱՄՆ պետքարտուղարության և Հրայր ու Աննա Հովնանյան հիմնադրամի միջև ձևավորված նոր գործընկերության շնորհիվ հայ ուսանողները ավելի շատ հնարավորություններ են ձեռք բերում՝ մասնակցելու Ֆուլբրայթի ծրագրին, որը ուսանողների, երիտասարդ մասնագետների համար միջազգային մագիստրոսական կոչում ստանալու, խորացված հետազոտական աշխատանքներ իրականացնելու և բուհերում դասավանդելու հնարավորություն ընձեռող կրթական փոխանակման ամենախոշոր ամերիկյան ծրագիրն է:
2017-18 ուսումնական տարվանից Ֆուլբրայթ-Հովնանյան կրթական փոխանակման ծրագրով Հայաստանի ուսանողներին ու դասախոսներին Ֆուլբրայթի ծրագրով ավանդաբար հատկացվող տեղերից զատ ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) և/կամ ձեռներեցության ոլորտում մագիստրատուրայի ծրագրով Հայաստանի ուսանողներին տարեկան հինգ հավելյալ տեղ կհատկացվի:

«Ուրախ ենք աշխատել Հովնանյան հիմնադրամի հետ՝ հայ ժողովրդին ապահովելով այնպիսի հմտություններով, որոնք թույլ կտան կենսագործել իրենց նպատակները և զորեղացնել համապատասխան ոլորտներն ու երկրի ապագան, – ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, – մերօրյա աշխարհում ոչ մի երկիր չի կարող աճ ունենալ առանց տեխնոլոգիաների, առանց գիտության, առանց ձեռներեցության: Հավատացած եմ, որ Ֆուլբրայթ-Հովնանյան ծրագիրը շատ բան կանի Հայաստանի առաջխաղացման համար»:
Հովնանյան հիմնադրամն ուղիներ էր փնտրում ներդրումներ կատարել ԳՏՃՄ կրթության ու ձեռներեցության ոլորտում՝ ի նպաստ Հայաստանի ապագայի, և գործընկերոջ ընտրության հարցում կանգ առավ Ֆուլբրայթ ծրագրի վրա՝ հաշվի առնելով ծրագրի նախկին հաջողությունները: Այն պահից սկսած, երբ Ֆուլբրայթի ծրագրով տեղեր են հատկացվել Հայաստանին, այստեղից ավելի քան երկու հարյուր հոգի ծրագրի շրջանակում ուսանել է ԱՄՆ-ում՝ Հայաստան վերադառնալով գիտելիքների ու փորձառության նոր պաշարով:
«Ֆուլբրայթի ծրագրի հետ գործակցելու մասին որոշումը հեշտ կայացվեց, ծրագրի բարի համբավը որպես աշխարհով մեկ ազդեցություն ունեցող առաջնակարգ ծրագիր, բոլորին է հայտնի, – ասաց Էդել Հովնանյանը, – մեր ընտանեկան հիմնադրամը հուսով է, որ սրանով մեկնարկում է երկարատև գործընկերություն ԱՄՆ դեսպանության հետ, որն ընդլայնվելով հմտություններ ձեռք բերելու նորանոր հնարավորություններ կբացի Հայաստանի քաղաքացիների համար՝ օգնելով Հայաստանը դարձնել մի վայր, որտեղ աշխատելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր ոք կարող է դա անել, մի վայր, որտեղ գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության ու մաթեմատիկական նոր գաղափարներն ու ձեռնարկները օգնում են Հայաստանի քաղաքացիներին ու թույլ տալիս Հայաստանին միջազգային հարթակում իր հետագիծը թողնել»:

Այս պահին ընդունվում են դիմումներ թե՛ ավանդական Ֆուլբրայթ ծրագրի համար, թե՛ նոր մեկնարկած Ֆուլբրայթ-Հովնանյան ԳՏՃՄ+Ձ ծրագրի համար: Այս դրամաշնորհները կհատկացվեն 2017-18 ուսումնական տարում ԱՄՆ-ում մագիստրոսական ծրագրով ուսանելու համար: Ավանդական Ֆուլբրայթ ծրագրով դիմումների ընդունման վերջնաժամկետը ս.թ. հունիսի 3-ն է, իսկ Ֆուլբրայթ-Հովնանյան ծրագրով դիմումների ընդունումը կշարունակվի մինչև հուլիսի 15–ը: Դիմելու կարգի ու համապատասխանության պայմանների մանրամասներին ծանոթանալու համար այցելեք դեսպանության կայքէջ:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031