Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Տիգրան Ուրիխանյանն Անդրանիկ Նիկողոսյանի հետ հին հաշիվներ ունի, թող նրա հետ լուծի». Լուիզա Գումրոյան

Մայիս 20,2016 17:19

Aravot.am-ի հարցմանն ի պատասխան՝ «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնների ղեկավար Լուիզա Գումրոյանը մի շարք պարզաբանումներ ներկայացրեց` կապված ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի` Gazeta.am և Neonews.am կայքերի դեմ ներկայացված դատական հայցի վերաբերյալ:

«Ամիսներ առաջ Gazeta.am և Neonews.am կայքերում ֆեյսբուքյան մի օգտատիրոջ` ոմն Հարություն Տ. Արմենյանի կողմից նյութ է տեղադրվել, որից էլ վիրավորվելով` իմ դեմ դատական հայց է ներկայացրել Տիգրան Ուրիխանյանը: Կայքերի դոմեյններն են իմ անունով, ես գլխավոր խմբագիրը չեմ, ինչպես նշել է «Ալյանս»-ի խոսնակը` Ձեզ հետ զրույցում: Տիգրան Ուրիխանյանը շատ լավ տեղյակ է, քանի որ հենց հայցադիմումի մեջ նա նշել է, որ Լուիզա Գումրոյանին դատի է տալիս` որպես կայքի սեփականատեր, այլ ոչ թե որպես գլխավոր խմբագիր:

Ես իմ պատասխանի մեջ նշել եմ, որ որևէ առնչություն չեմ ունեցել Neonews.am և Gazeta.am լրատվական կայքերի գործունեության հետ, այսինքն, ես առհասարակ տեղյակ չեմ եղել, թե խնդրո առարկա նյութը ով է գրել, ով է տեղադրել, ինչի մասին է եղել խոսքը: Տվյալ նյութի մասին ես իմացել եմ միայն դատարանից ծանուցագիր ստանալու օրը, քանի որ այդ օրն եմ կարդացել»,-ասաց նա:

Մեզ հետ զրույցում Լուիզա Գումրոյանը տեղեկացրեց, որ ինքը «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնների ղեկավարն է, զբաղվում է կրթական ծրագրերով, այլ ոչ թե կայքերով եւ նյութեր տեղադրելով. «Լրատվական կայքերը պատկանում են Անդրանիկ Նիկողոսյանին, ով բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այդ իսկ պատճառով, հայկական տիրույթում շուրջ տասը կայքեր նրա առաջարկությամբ գնել եմ իմ անձնագրով, հետևաբար, կայքերի անունները պահպանվել են իմ անունով:

Ասեմ ավելին, որ գնված դոմեյններից որոշներն ընդհանրապես չեն գործել: Բոլորն էլ իմացել են, որ հիշյալ կայքերը պատկանում են Անդրանիկ Նիկողոսյանին: Նշեմ նաև, որ Տիգրան Ուրիխանյանը նույնպես քաջատեղյակ է կայքերի սեփականատիրոջ ով լինելու մասին, քանզի նրանք դատավարության այս շուրջ ութ ամիսների ընթացքում պարբերաբար կապի մեջ են եղել միմյանց հետ՝ դատավարության հետ կապված համաձայնության գալու հարցով:

Neonews.am և Gazeta.am կայքերը տարեսկզբից չեն գործում, անգամ նրանց նյութերի ամբողջ բազան է ջնջված: Սակայն դատավարությունը դեռ շարունակվում է: Այստեղից հետևություն, որ Տիգրան Ուրիխանյանի կողմից ակնհայտ միտում կա՝ դատական քաշքշուկի մեջ մտնելու, այլապես գոնե կայքի խմբագրություն նախապես կդիմեր, որպեսզի նյութը հեռացվեր կամ նրա ներողամտությունը հայցեին, կամ էլ որևէ պարզաբանում տային: Սակայն ոչ` նա միանգամից դիմել է դատարան: Իսկ հիմա էլ շարունակում է պայքարը, իսկ թե ո՞ւմ դեմ և ինչի՞ համար, ինձ գոնե հասկանալի չէ»:

Մեր զրուցակիցը նշեց, որ մի շարք լրագրողներ իրեն հարցրել են դատավարության ընթացքի մասին, բայց ինքը երբևէ պատգամավորի անունը չի հոլովել, պարզաբանում չի տվել որևէ լրատվամիջոցի, հրաժարվել է հարցազրույցներից. «Հայցվոր կողմն է մշտապես պարզաբանումներ ներկայացրել՝ մեղադրական տոնով: Իմ նպատակը չի եղել պատգամավորի անունը հոլովելը կամ նրան վատաբանելը: Սակայն, ինչպես տեսնում ենք, հենց նա է ցանկանում, որ ես պատասխանեմ, քանզի հանդիպում են հոդվածներ, որտեղ հոլովվում է իմ անունը:

Դատական այս ողջ գործընթացի ժամանակ և մինչև Gazeta.am և Neonews.am կայքերի գործունեության ավարտը, որեւէ վիրավորական նյութեր չեն եղել` ուղղված Տիգրան Ուրիխանյանին, այլ միշտ տեղադրվել են այն նյութերը, որոնք նրանք են էլեկտրոնային փոստով ուղարկել կայքերին: Կնշանակի՝ ոչ կայքերի, ոչ իմ կողմից միտում չի եղել պատգամավորին վիրավորելու:

Եթե Analitik.am կայքի դեպքում՝ Անի Հովհաննիսյանի պարագայում պատգամավորն ասում է, որ իբր իրեն հետապնդել են, շանտաժի են ենթարկել, դրամ են շորթել, ապա իմ պարագայում ո՞րն է նրա կռվի պատճառը, որ այսքան ամիս ինձ համար այսքան խնդիրներ է ստեղծել, փաստաբանական ծառայության ծախսերից սկսած` դատական այս քաշքշուկով վերջացրած: Չլինի՞ դատավարության այս ողջ պրոցեսի ընթացքում պետք է հրապարակավ իրեն վիրավորական խոսքեր ասեի, որպեսզի հետո էլ ասեր, թե իր հետևից եմ ընկել: Չեք տեսնո՞ւմ, որ հարգարժան պատգամավորն ինքն է իր հետևից ընկել:

Ու հիմա պատրաստ եմ հրապարակայնորեն ասելիքս ասել, քանի որ սպառվեց համբերությունս, ու եթե ցանկություն կունենա ինձ դարձյալ դատի տալու, գոնե սրտիս դարդ չի լինի, որ չարածիս համար եմ դատվում, թող արածիս ու ասածիս համար դատվեմ:

Եթե Անդրանիկ Նիկողոսյանի հետ հին հաշիվներ ունի, թող նրա հետ լուծի, մի՞թե ինձ երեք միլիոն դրամի վնաս հասցնելու պահանջով, գումարած` նաև իմ կողմից արված հարկադրված ծախսերով Նիկողոսյանին է պատժում: Դրանով ինձ է վնաս հասցնում, քանի որ դատը պարտվելու դեպքում ես եմ այդ գումարները վճարելու, ինչում ինքը համոզվել է Նիկողոսյանի հետ համաձայնության չգալու պատճառով:

Իսկ իմ ղեկավարած կենտրոնն այս տարի չի գործել` համապատասխան ֆինանսավորում չլինելու պատճառով, ուստի որևէ գործնական առնչություն չունեմ Նիկողոսյանի հետ ու զբաղված եմ իմ աշխատանքային խնդիրների լուծմամբ, և միայն այս վիճակում պակասում էին Ուրիխանյանի հետ դատական քաշքշուկը, դա էլ քիչ է` մամուլով անունս հոլովելը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031