Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան. «Վիեննայում ռուսները ստիպված էին խաղալ ամերիկյան խաղի կանոններով»

Մայիս 20,2016 17:07

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի ձևակերպմամբ` ապրիլի սկզբին տեղի ունեցածը ոչ թե ադրբեջանական հարձակում էր Ղարաբաղի վրա, այլ ռուս- ադրբեջանական:

«Հայելի» ակումբում պարոն Մեհրաբյանը այս առիթով մանրամասնեց. «Ռուսաստանի նպատակն էր այն, որ էապես փոխվի ստատուս քվոն: Բայց նա ձախողեց` շնորհիվ հայկական բանակի և հայ զինվորի: Հիմա արդեն ձախողված ռազմական դաշտից անցել է դիվանագիտական. բանակցությունները տանել Մինսկի խմբի ձևաչափից ռուսական դաշտ, ինչը ևս չստացվեց»:

Ուստի ըստ քաղաքագետի` «Վիեննայում ռուսները ստիպված էին խաղալ ամերիկյան խաղի կանոններով». «Եռակողմ հայտարարության մեջ մենք տեսանք, որ տեղ գտան բացառապես այն թեզերը, որոնք բարձրաձայնվել էին հայկական կողմից, և Ադրբեջանը ստիպված էր դրանք ընդունել»: Այս պարտավորությունների վերաբերյալ ադրբեջանական կողմից հնչող այն հայտարարությունները, թե իրենք ամենևին պարտավորություններ չեն ստանձնել, պարոն Մեհրաբյանը կապեց ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի` Ադրբեջան այցի հետ:

Ըստ պարոն Մեհրաբյանի` ներկայումս հայկական դիվանագիտության խնդիրն է ԼՂՀ-ն վերադարձնել բանակցությունների սեղան:

Սփյուռքահայ լրագրող եւ պատմաբան Գեւորգ Յազըչյանի կարծիքով `խնդիրն այս պահին ռազմական լուծում ունի: Նա նկատեց` թեև մեր դիվանագիտությունն իր թմբիրից սթափվեց, բայց կան մի շարք վերապահություններ հատկապես կապված համաձայնությունների հետ, քանի որ «ամեն դեպքում ուժն է թելադրում կամքը»: Պարոն Յազըչյանը նշեց. «Ռուսաստանի նպատակն է ՀՀ-ում ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայումը, ինչին չհասավ, ուստի սահմանին կատարվածը նորից կրկնվելու է և հավանաբար մինչև տոները` սեպտեմբերին»:

Ռուբեն Մեհրաբյանը հստակեցրեց, թե Վիեննայում ձեռք բերված` հետաքննությունների մեխանիզմի ներդրման մասին համաձայնությունը որևէ կապ չունի ռուսական խաղաղապահ զորքերի ներդրման հետ ու նշեց. «Խոսքը նրա մասին է, որ այդ մոնիտորինգն իրականացվի մշտապես և դիտորդների ինստիտուտը, որ այդտեղ պիտի աշխատի, ունենա համապատասխան լիազորություններ վերահսկելու զինադադարի ռեժիմը այն առումով, որ խախտվելուն պես ի վիճակի լինեն ու իրավունք ունենան ցույց տալու, թե ով խախտեց այդ ռեժիմը: Իսկ ռուսական խաղաղապահ զորք կամ ռուս խաղաղապահներ դա նույնն է, ինչ ասես տապակած պաղպաղակ, այսինքն` աբսուրդ: Եվ թե ինչ է նշանակում ռուսական ներկայություն Ղարաբաղում, գոնե իմ սերունդը շատ լավ գիտի: Նրանք տեռորի էին ենթարկում հայերին և ստիպում էին հաշտվել այն բանի հետ, որ նրանք պիտի ապրեն Ադրբեջանի կազմում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031