Լրահոս
Օրվա լրահոսը

Քյարամ Սլոյան՝ շարքային եզդի. Հայրենիք սահմանողը. Եզդիներին դրական խտրականություն է պետք

Մայիս 20,2016 16:53

Քյարամ

Սաղմոսավանք տանող նեղ ճանապարհը ոլորվում է մեքենայի անիվների տակ. կապույտի վրա իրարից մի քանի մետր հեռավորության վրա աչքդ խավարում է սև ժապավենը՝ վրան գրված «Քյարամ 20»: Առավոտ է, լուռ, խաղաղ. «Քյարամ 20»…

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլյան քառօրյա լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ հայկական բանակը կորցրեց 93 զինվոր, նրանցից մեկը Քյարամ Սլոյանն էր: Քյարամը մի օրում մտավ բոլորիս ընտանիք, դարձավ մեր տղան, սիրտներս ցավեց ու մղկտաց 19-ամյա գլխատված եզդի տղայի համար, որովհետև Քյարամը կոտրեց բոլոր կարծրատիպերը, քաջության ու հպարտության բոլոր գրված ու չգրված չափանիշները: Քյարամը չէր ենթարկվել կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանին, մենակ չէր թողել վիրավոր հրամանատարին:

Քյարամն ապացուցեց, որ փախուստի տեղ այլևս չկա. մնալ ու կռվել է պետք: Քյարամը ցույց տվեց հայրենիքն ու իրար սիրելու կերպը: Հայրենիք, որն իրենն էր դարձել ու իր հույսին մնացել վերջին վայրկյանին:

Հետո պիտի իմանայինք, որ Քյարամն անգամ տուն չուներ, սովորական, աշխատավոր, օրվա հացը քրտինքով վաստակող ընտանիքից էր, երազում էր մորը թագուհու նման պահել, տուն կառուցել ու ապրել մի երկրում, որտեղ ինքը փոքրամասնություն էր:

Եզդիները՝ հանուն հայրենիքի. Սարդարապատից Արցախ

Սարդարապատ

1918 թվականին Սարդարապատի ճակատամարտի ժամանակ, երբ թուրքերն անցան լայնածավալ հարձակման, հայկական՝ արդեն ձևավորված ուժերին՝ Հայկական ազգային կորպուսին, միացավ նաև եզդիների առանձին հեծյալ զորախումբը՝ շուրջ 200 մարդ, ինչպես նաև՝ առանձին զորամիավորումներ: Ընդհանուր առմամբ, պատմական աղբյուրները նշում են ավելի քան 500 եզդի կամավորականների մասնակցության մասին: Սարդարապատի ճակատամարտին գրեթե զուգահեռաբար ընթացող Բաշ-Ապարանի մարտերին մասնակցել է ևս 500 եզդի: Այս մարտերում եզդի մարտիկներին ղեկավարում էր Ջհանգիր աղան: Վերջին 4 տարիներին Հայաստանի եզդիական համայնքն ամեն տարի դիմում է Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով Երևանի փողոցներից մեկն անվանակոչել Ջհանգիր աղայի անունով: Քաղաքապետարանից նախ խնդրել էին գտնել մի անանուն փողոց, որպեսզի անվանակոչման գործընթացն առավել արագ ստացվի, ապա, ուղղակի մոռացության մատնել խնդիրը:

«Սինջար» եզդիների ազգային միավորումը այս տարի կրկին դիմել է Տարոն Մարգարյանին՝ հույս հայտնելով, որ Ջհանգիր աղայի անվամբ փողոցի անվանակոչման գործընթացը կապված չէ նրա ազգային պատկանելության հետ:

Արցախ

Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ 1988-1995 թվականներին Արցախյան ազատամարտին կամավորագրվել և մասնակցել է ավելի քան 500 եզդի, այդ թվում՝ Քյարամի հայրը: Նրանցից 32-ը զոհվել են հանուն հայրենիքի մղված պայքարում: 2016-ի ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ազգությամբ եզդի 3 զինվոր, և մեկ կամավորական. Սիդար Ալոյան (1996թ. ծնված. ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով), Քյարամ Սլոյան (1996թ. ծնված. Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալով), Բորիս Օզմանյան (1996թ. ծնված), Համլետ Հաջոյան (1970թ. ծնված)` կամավորական:

Ամենամեծը՝ որպես փոքրամասնություն

Որպես այդպիսին՝ ազգային փոքրամասնությունների միասնական սահմանում միջազգային իրավունքում առ այսօր չկա: Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնություն են համարվում հանրապետությունում մշտապես բնակվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող այն անձինք, որոնք իրենց էթնիկական ծագմամբ տարբերվում են երկրի հիմնական բնակչությունից:

Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալների համաձայն՝ Հայաստանում այսօր բնակվում է 35․272 եզդի (ոչ պաշտոնական տվյալներով՝ 45-50 հազար): Եզդիական համայնքը Հայաստանի ամենաբազմամարդ ազգային փոքրամասնությունն է:

Էթնիկ ինքնագիտակցության պահպանման հիմնական մեխանիզմներից մեկը լեզուն է՝ բանավոր ու գրավոր: Համաձայն «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի» տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներ են ճանաչվել ասորերենը, եզդիերենը, հունարենը, ռուսերենը և քրդերենը:

Չնայած այն հանգամանքին, որ եզդիները շարունակում են մայրենի լեզուն գործածել որպես բանավոր շփման առաջնային միջոց, գրավոր լեզվի պահպանման լուրջ խնդիր կա: Եզդիերեն հայաստանյան դպրոցներում դասավանդվում է, ընդհանուր առմամբ՝ 25 դպրոցում: Ուսուցումն իրականացվում է ազգային փոքրամասնության «Մայրենի լեզու և գրականություն» առարկայի դասավանդման ազգային ծրագրի շրջանակներում: Այս առումով, սակայն, «Սինջար եզդիների ազգային միավորումը» ևս մտահոգություն ունի: Բանն այն է, որ եզդիերեն հիմնականում դասավանդում են մարզային դպրոցներում, Երևանում՝ միայն երկու դպրոցում, մինչդեռ մայրաքաղաքում բնակվող եզդիների թիվն անցնում է 7 հազարից:

«Սինջար եզդիների ազգային միավորման» նախագահ Բորիս Մուրազին գոհ չէ եզդիերենի դպրոցական դասագրքերի որակից: Բորիսն ու նրա ընկերները Երևանում հիմնել են եզդիերենի կիրակնօրյա դպրոց, ուր հաճախում է 20 երեխա: Դպրոցի տարածքը վարձակալում են, ասում են՝ 30-40 երեխայի կարող են ընդունել, սակայն դրա համար ֆինանսական միջոցներ չկան: Դպրոցում դասավանդում են Բորիսն ու մի քանի եզդի երիտասարդներ, ովքեր սկզբունքորեն աշխատավարձ չեն ստանում իրենց աշխատանքի համար: Դպրոցի աշակերտների համար բոլոր անհրաժեշտ ուսումնական նյութերը՝ գրքեր, տետրեր և այլն, երիտասարդները տրամադրում են անվճար՝ կարճ ասած՝ իրենց գրպանից: Այս դպրոցում կառավարության հատկացումներով տպված եզդիերեն դասագրքերը չեն գործածվում: Բորիս Մուրազիի հավաստմամբ՝ դրանցում որևէ նոր բան գտնելն անհնար է, դասագրքերը որևէ բան չեն տալիս աշակերտին: Այդ պատճառով էլ երիտասարդներն իրենք են հոգում ուսումնական անհրաժեշտ նյութերը հայթայթելու հոգսը:

Բացի այս, հանրակրթական դպրոցներում եզդիերեն դասավանդող ուսուցիչները բավականին ցածր աշխատավարձ են ստանում՝ շուրջ 35.000 դրամ, կա նաև ուսուցիչների վերապատրաստման խնդիր: Այս առնչությամբ Կրթության և գիտության նախարարությունը հանդես էր եկել պարզաբանմամբ, որում, մասնավորապես ասվում էր, որ «Հայաստանի Հանրապետության բոլոր ուսուցիչները վճարվում են /անկախ ազգությունից և դասավանդվող առարկայից/ ըստ դասաժամերի ծանրաբեռնվածության»: Բացի այդ, նախարարությունը տեղեկացնում էր, որ Կրթության ազգային ինստիտուտը պատրաստ է կազմակերպել «Եզդիերեն լեզու և գրականություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ՝ երբ, հայտնի չէ:

Խտրականություն… Պետք է

Boris-Murazi

Բորիս Մուրազին համամիտ չէ եզդիական համայնքից լսվող այն հայտարարությունների հետ, թե Հայաստանը աշխարհի միակ երկիրն է, որտեղ պահպանվում է եզդիական մշակույթը և խտրականության հարց չկա: Նրա համոզմամբ՝ Հայաստանում անգամ հայկական մշակույթն է վտանգված, ուր մնաց՝ եզդիականը: Մուրազիի դիտարկմամբ՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն՝ պետական մակարդակով, իհարկե չկա, սակայն դրական խտրական վերաբերմունքից չէին հրաժարվի:

«Ասել, որ Հայաստանում կա պետական խտրական քաղաքականություն այս կամ այն ազգային փոքրամասնության նկատմամբ, սխալ է. նման բան, իրոք, չկա: Բայց այսպիսով փորձել ծածկել կամ շրջանցել առկա խնդիրները, բացթողումները, կարծում եմ՝ սխալ է: Մենք՝ եզդիներս, նման հաճո հայտարարություններ անելու կարիք չունենք՝ ո՛չ իշխանություններին, ո՛չ առավելևս ժողովրդին: Այն, որ հայերն ու եզդիները եղբայր ժողովուրդներ են, անխոս է ու անկասկած, սակայն խնդիրների անտեսումը սխալ է ու կործանարար»,- ասում է նա:

Բորիսի ուսումնասիրությունների համաձայն՝ Երևանում այսօր բնակվում է ավելի քան 7000 եզդի, մյուսները, հիմնականում, բնակվում են մարզերում: Ըստ նրա՝ գյուղական բնակավայրերում ապրող եզդիներն այսօր ուղղակի անտեսված են. օրինակ՝ Բայսըզ եզդիական գյուղում մնացել է երկու ընտանիք: Եզդիական գյուղերից շատերն ուղղակի մեռնում են.

«Եզդիական գյուղերից շատերում ո՛չ ճանապարհ կա, ո՛չ խմելու ջուր: Չասենք կրթության հնարավորության մասին: Իհարկե, այստեղ կարելի է հակադարձել, որ շատ հայկական գյուղերում էլ նման պատկեր է, բայց պետք է հստակ հասկանալ՝ հայերն այլընտրանք ունեն. եթե մի գյուղում դպրոց չկա, երեխաները կարող են կողքի գյուղ գնալ սովորելու, կամ՝ ընտանիքներով տեղափոխվել մեկ այլ գյուղ: Եզդի երեխան իր լեզվին ու մշակույթին այլ տեղում, այլ միջավայրում, այլ դպրոցում ծանոթանալու այլընտրանք ուղղակի չունի. Սա տանում է ուծացման: Մենք՝ եզդիներս, բնականաբար դեմ չենք ինտեգրմանը. Հայաստանը նաև մեր հայրենիքն է՝ Քյարամն ապացուցեց դա իր արարքով, բայց այդ ինտեգրումը չպետք է լինի ազգային ինքնագիտակցության կորստի հաշվին: Այսպիսով կտուժենք ոչ միայն մենք, այլև Հայաստանը՝ կորցնելով իր գույներից ևս մեկը»,- բացատրում է Բորիսը:

Ազգային փոքրամասնությունների ինքնությունը պահպանելու համար Կառավարության կողմից ստեղծվել է «Ազգային փոքրամասնությունների կենտրոն», որը գտնվում է Սարյան փողոցի վրա՝ փոստային բաժանմունքի շենքում: Այստեղ ազգային փոքրամասնությունները չունեն հստակ իրենց տրամադրված տարածքներ, ուղղակի կարող են հայտ ներկայացնել և տարածքում որևէ միջոցառում կազմակերպել: Տարածքը տրամադրվել է ՀՀ տարածքում գործող 11 ազգային համայնքներին հավասարապես:

Եզդիական կիրակնօրյա դպրոցի հնարավորությունները մեծացնելու և ավելի շատ երեխաների ներգրավելու նպատակով՝ «Սինջար եզդիների ազգային միավորումը» դիմել է Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով իրենց 40 քմ տարածք հատկացնել՝ ոչ թե սեփականության իրավունքով, այլ առանց վարձավճարի, որտեղ հնարավոր կլինի իրականացնել դասընթացները: Քաղաքապետարանից պատասխան չկա:

Մարդու և իր Աստծո արանքում

Հաջորդ կարևորագույն հարցը, որ մատնանշում է երիտասարդ եզդի գործիչը, կրոնի պահպանության հարցն է: Այստեղ եզդի երեխաները հստակ խտրականության են հանդիպում: Վերջին տարիներին հայկական դպրոցներում ներդրված «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, ըստ Բորիս Մուրազիի, ողջունելի և ուսուցողական կլիներ, եթե դրա տակ թաքնված քարոզ չլիներ:

«Ես՝ որպես կիրթ մարդ, որը հետաքրքրվում է բոլոր կրոնների պատմությունով, և հարգում է բոլոր կրոնները, որովհետև դա պահանջում է նաև եզդիականությունը՝ իմ կրոնը, այստեղ հստակ խտրականություն եմ տեսնում: Կրոնի պատմությունը, իհարկե, կարևոր է, հատկապես այն երկրի կրոնը, որում ապրում ես. բայց ուզում եմ օրինակ բերել: Ես ինքս դպրոցում անցնում էի «Հայ եկեղեցու պատմություն» առարկան: Դասաժամի սկզբին ուսուցիչը ստիպում էր մեզ աղոթել: Այդ աղոթքը դեմ է իմ կրոնին: Հիմա հարց՝ ի՞նչ կարող է անել եզդի երեխան, ում ստիպում են աղոթել՝ ուրիշի կրոնի համաձայն: Մի՞թե սա խտրականություն չէ: Չեմ խոսում այն մասին, որ դասաժամն ամբողջությամբ վերածվում էր կրոնական քարոզչության: Իմ կրոնը թույլ չի տալիս քարոզչություն իրականացնել այլադավանների շրջանում: Բայց հավատացեք, շատ եզդի երեխաներ այսօր իրենց քրիստոնյա են համարում: Մի՞թե սա ճիշտ է: Չէ՞ որ հենց կրոնի պաշտպանության համար մեր պապերը եկան Հայաստան՝ փորձելով պահպանել իրենց ինքնությունը»,- բացատրում է Բորիսը:

Այս հարցով նա բազմիցս դիմել է պատկան մարմիններին, անգամ Արմեն Աշոտյանին՝ ԿԳ նախարարությունը ղեկավարած տարիներին: Նախարարը պատասխանել էր՝ «Ովքեր խոսում են «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դեմ, արևմտյան գռանտակերներ են»:

Եզդիներն, իհարկե, չեն պահանջում առարկան հանել ուսումնական ծրագրից, նրանք ուղղակի առաջարկում են այն կամ ընտրական համարել այլադավան երեխաների համար, կամ, գոնե, դասաժամի բովանդակությունը համապատասխանեցնել անվանմանը:

35․272՝ անձայն

Իրեն առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ապա միայն եզդի համարող երիտասարդ Մուրազին չի հավատում, որ որևէ իշխանության մոտեցումներում բան կարող է փոխվել, քանի դեռ հասարակությունը չի փոխվել: Օրինակ է բերում եզդիական Ֆերիկ գյուղը: Գյուղացիներն անընդհատ բողոքում են անմարդկային պայմաններից՝ ջուր, ճանապարհ, ապրելու միջոց չկա, բայց նախորդ ընտրություններին իշխանությունն այստեղ 90 տոկոս քվե է ստացել: Մուրազին համոզված է՝ մյուս ընտրություններին պատկերը նույնն է լինելու:

Խոսելով որոշումների կայացման գործընթացում ազգային փոքրամասնությունների և հատկապես եզդիների մասնակցության մասին, եզդի գործիչը համոզված է՝ ներկայացվածությունը չպետք է ինքնանպատակ լինի.

«Արդեն մի քանի տարի է՝ Երևանի ավագանու կազմում եզդի ներկայացուցիչ ունենք. ի՞նչ է արել նա այս տարիներին. մեկ անգամ շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, այն էլ՝ եզդիների ցեղասպանությունը հավերժացնող քանդակի համար հատկացված հողակտորի համար: Այսքանը… Հիմա, եթե ԱԺ-ում կամ որոշումների կայացման գործընթացին մասնակցող այլ օղակներում ունենանք նման ներկայացուցիչ, ի՞նչ է տալու սա մեզ: Ոչինչ: Այնպես որ՝ ներկայացվածության հարցն այսպես միանշանակ դիտարկելը սխալ եմ համարում»,- ասում է նա:

Մուրազին դեմ չէ Սահմանադրական բարեփոխումներին, սակայն սխալ է համարում դրանից հետո Ընտրական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունները՝ հատկապես ազգային փոքրամասնությունների մասով: Փաստաթղթում ամրագրվում է, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունները պետք է համապետական ընտրացուցակների առաջին մասում ընդգրկեն առնվազն 80, առավելագույնը՝ 300 թեկնածու, երկրորդ մասում՝ ներկայացուցիչներ ունենան չորս ազգային փոքրամասնություններից՝ եզդիներ, ռուսներ, ասորիներ և քրդեր:

«Տեսեք սխալն ինչից է գալիս: Նախ, կարծում եմ, որ համայնքների այսպիսի ընտրությունը՝ զուտ քանակական, թվային, առավել քան սխալ է: Եթե եզդի համայնքի շահը կարող է պաշտպանել, օրինակ, մեր ասորի եղբայրներից մեկը՝ ես նրան կընտրեմ: Հետո՝ ներկայացվածությունը կուսակցական ցուցակներում գրեթե ոչինչ չի տալիս ազգային փոքրամասնություններին. մարդիկ այս անգամ ևս, ըստ էության, չեն ընտրելու իրենց շահերը ներկայացնող մարդուն, այսինքն՝ զրկվելու են անմիջական ընտրության իրավունքից. իսկ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կարող են ներկայացված լինել կուսակցական ցուցակի այնպիսի տեղերում՝ ինչպես օրինակ՝ 80 կամ 102-րդ տեղում, ինչը նրա ներկայությունը ԱԺ-ում գրեթե անհնարին է դարձնում գործնականում: Այստեղ հարց՝ այսպիսով երաշխավորվո՞ւմ է արդյոք ազգային փոքրամասնությունների մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացին: Պատասխանը միանշանակ է՝ ոչ»,- բացատրում է նա:

Հստակ չէ նաև հարցը, թե ինչպե՞ս է որոշվելու թեկնածուների ազգային պատկանելիությունը, քանի որ ՀՀ քաղաքացու ազգությունը պարտադիր կերպով նշվում է միայն նույնականացման քարտերում, մինչդեռ հին անձնագրերում նման նշում չկա:

Ցեղասպանություն. Լակմուսի թուղթն ԱԺ շրջանառության մեջ

Ազգային փոքրամասնությունների ու հատկապես եզդիների շահերի պաշտպանությամբ, ըստ Բորիս Մուրազիի, այսօր էլ զբաղվողներ կան՝ անհատ ու քաջ մարդիկ, ազգությամբ՝ ոչ եզդի: Վերջին շրջանում առաջադեմ եզդի երիտասարդները շատ են համագործակցել իրավապաշտպանների, հասարակական սեկտորի ներկայացուցիչների և պատգամավորների հետ՝ ԱԺ ներկայացնելու համար հայտարարության մի նախագիծ, որը դատապարտում է «Իսլամական պետության» կողմից Իրաքում եզդիների ցեղասպանությունը: Թվում էր՝ հարցն այդքան էլ բարդ չէ՝ իրեն ցեղասպանությունների դեմ պայքարի ու կանխարգելման կենտրոն հռչակած պետությունում: Պարզվեց՝ բարդ է: Բորիս Մուրազիի խոսքով՝ հայտարարության նախագծման, պատրաստման գործում սերտորեն համագործակցել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Թևան Պողոսյանի, Վահե Էնֆիաջյանի և մյուսների հետ:

«Ինձ համար շատ տարօրինակ էր որոշ ընդդիմադիր պատգամավորների արձագանքը. նրանցից մեկը նույնիսկ ասաց՝ նախագծի աջակցության համար մեզ ավելի տեսանելի փաստեր են պետք: Փաստեր մի իրողության մասին, որը տեղի ունեցել աշխարհի աչքի առա՞ջ, ընդամենը 1.5 տարի առաջ: Այդ մոտեցմամբ ինչպե՞ս եք պահանջատիրություն դրսևորում 100-ամյա պատմական փաստերի դեպքում: Ես չգիտեմ, թե այլևս ինչ փաստեր պետք է ներկայացնել՝ երբ տասնյակ հազարավոր մարդիկ սպանվել են իրենց ազգության ու կրոնի համար, երբ կես միլիոն մարդ տեղահանվել է իրենց տներից, դարձել գաղթական»,- հարցնում է եզդի երիտասարդը:

Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը կարծում է, որ Հայաստանը՝ որպես պետականություն, որը ներկայացված է զանազան միջազգային կառույցներում, սկսած ՄԱԿ-ից, վերջացրած եվրոպական տարբեր կառույցների անդամակցությամբ, պետք է համապատասխան կերպով ներկայացնի նաև եզդիների շահերը.

«Հայաստանը զանազան հարթակներում պետք է ներկայացնի նաև աշխարհասփյուռ եզդիներին` որպես առայժմ պետականազուրկ ժողովուրդ, եզդիներին որպես պետական աջակցության կարիք ունեցող ժողովուրդ, որովհետև ակնհայտ է, որ եզդիական խնդիրը առաջիկայում չափազանց սուր է արտահայտվելու և նաև զգալի հակասությունների տեղիք է տալու մերձավորարևելյան քաղաքականության ընդհանուր համատեքստում: Այս գործառույթն իրականացնելու համար մեր երկիրը պետք է ունենա համապատասխան մանդատ, իսկ այդ մանդատը մենք կարող ենք ձեռք բերել Իրաքում և այլուր եզդիական համայնքների հետ նոր որակի հարաբերությունների կառուցման միջոցով»,- համոզված է գիտնականը:

Հարաբերությունների կառուցումը, մեծ մասամբ, կախված կլինի հայրենի օրենսդրի դիրքորոշումից՝ կապված հայտարարության նախագծի հետ: Բորիս Մուրազիի դիտարկմամբ՝ նախագիծը նախաձեռնած կողմն, ամեն դեպքում, հաղթող է դուրս գալու:

«Մենք, նախագծի վրա աշխատողներս, միանշանակ հաղթող ենք դուրս գալու, որովհետև մենք մեր գործն արել ենք՝ մշակել ենք, ներկայացրել ԱԺ, դրել շրջանառության մեջ: Հիմա գնդակն իրենց դաշտում է. կա՛մ կմերժեն, որ տեղի ունեցածը ցեղասպանություն էր, և ամոթով կմնան և՛ հայ հասարակության առաջ, և՛ եզդի հասարակության առաջ, կկորցնեն տարբեր երկրներում ներկայացված եզդիական համայնքի հետ համագործակցության ևս մեկ հնարավորություն, ինչպես նաև՝ բարոյական իրավունք չեն ունենա այլևս հայ հասարակության պահանջատիրությունը ներկայացնելու համար: Եթե ընդունեն՝ կշահեն նաև իրենք: Սա կլինի եզդիների նկատմամբ իրական վերաբերմունքի հստակ դրսևորում»,- ասում է Մուրազին:

Հավասարությունը՝ անհավասարության նշան

Գրեթե բոլոր ազգային փոքրամասնությունները, հիմնականում, դեմ են արտահայտվել ԸՕ փոփոխություններին՝ իրենց ներկայացվածության ձևաչափի հետ կապված: Ըստ Բորիս Մուրազիի՝ դժգոհություններից մեկն էլ կապված է ամենուր հանդիպող հավասարության նշանի հետ.

«Բացարձակապես որևէ բան չունենալով մեր ասորի կամ ռուս եղբայրների դեմ, հարգելով նրանց, այնուամենայնիվ հարց է առաջանում. եթե ընտրական պրոցեսին մասնակցող համայնքներին ընտրել եք քանակական ցուցանիշով, ինչո՞ւ եք այդ դեպքում հավասարության նշան դնում: Ինչպե՞ս է ստացվում, որ 2500 ներկայացուցիչ ունեցող ասորական համայնքն էլ պետք է մեկ ներկայացուցիչ ունենա, 50 հազար ներկայացուցիչ ունեցող եզդիական համայնքն էլ»,- ասում է Մուրազին:

Հավասարության նշան է դրվում նաև պետության կողմից հատկացվող աջակցության դեպքում: Ամեն տարի պետական բյուջեից որոշակի հատկացումներ են կատարվում ազգային փոքրամասնություններին: Ընդ որում՝ անկախ համայնքի ներկայացուցիչների թվից՝ գումարը բաշխվում է նույն չափով:

«Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ օրինակ գերմանական համայնքը, որն ունի 33 անդամ, Գերմանիայի նման պետություն, որն իր հերթին օգնում է համայնքին, և այլն, պետք է ստանա նույնքան պետական աջակցություն՝ մոտ 2 մլն դրամ գումար, որքան 50 հազար ներկայացուցիչ ունեցող համայնքը, որը չունի պետություն և պետական աջակցություն»,- հարցնում է Մուրազին:

Ըստ Մուրազիի՝ այս ու նման շատ հարցեր կարող էին լուծվել, եթե ընդունվեր «Ազգային փոքրամասնությունների» մասին օրենքը, որը հստակ սահմանում է, թե որ խումբը կարող է համարվել ազգային փոքրամասնություն և որը՝ էթնիկ խումբ: Օրենքը, սակայն, քննարկման փուլում է:

Հայրենիքը՝ եզդիների համար

Անցյալ տարի ՀՀ Նախագահի դրամաշնորհի շրջանակներում «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին հրապարակեց իր գիրքը՝ եզդիների ցեղասպանության մասին՝ «100 տարի անց… »:

Քաղաքապետարանից «Սինջար» եզդիների ազգային միավորմանը մայիսի 5-ին պատասխանել են, որ Ջհանգիր աղայի անունով փողոց անվանակոչելու հարցը կքննարկվի ավագանու առաջիկա նիստում:

Նախատեսվում է, որ 2016-2017 ուսումնական տարվանից ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտն ունենալու է ազգությամբ եզդի աշխատողի մեկ հաստիք:

Շուտով Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում, դպրոցում, որտեղ սովորել է Քյարամը, կբացվի նրա անվան ռազմագիտության դասարան։

Ս․Մ․

 

«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N19308: Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից: Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N19308 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար: Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով, email:

 

[email protected], Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200, Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm 



Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031