Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ փորձագետի, ֆոնդերում կուտակային վճարները տնտեսության մեջ չեն ներդրվել. Ֆոնդն ու պետությունն իրար են փոխանցել

Մայիս 20,2016 15:44

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը մասնավոր հատվածի համար որոշվեց հետաձգել մեկ տարով:Այս առնչությամբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասել էր, որ սա պայմանավորված է նրանով, որ համակարգը հարմար է կիրառել հարկային նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ եւ անհրաժեշտ է հանրությանն առավել իրազեկել այս մասին:

Սյսօր «Մեդիա կենտրոնում» այս թեմայի շուրջ քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանն ասաց, որ համակարգը շրջանառության մեջ է դրվել 2010 թվականից եւ այս 6 տարիները միթե բավարար չէին հանրությանն իրազեկելու համար: Բացի այս, ըստ Թանդիլյանի, եթե կա նման ցանկություն, 2014-ին, երբ օրենքը մտավ ուժի մեջ, բազմաթիվ մարդիկ չեն տիրապետում գիտելիքների, թե գումարները կառավարող ֆոնդերն, («Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» եւ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա», Ն.Բ.) ինչպես են կառավարում դրանք:

Ինչ վերաբերում է նախարարի այն հիմնավորմանը, որ պարտադիր համակարգը հարկային նոր օրենսգրքի հետ միաժամանակ կիրառելու նպատակահարմարություն կա, ապա Թանդիլյանն այս հիմնավորման հետ համամիտ չէ, քանի որ նոր օրենսգրքով եկամտային հարկն առանց այդ էլ ինքնուրույն բարձրանում է, եւ կապ չունի պարտադիր կուտակային համակարգի հետ:

Քննարկմանը ներկա ՀՅԴ փորձագետ, տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ նկատեց, որ 2016 թվականի բյուջեով նախատեսված է նպատակային սոցվճարների առանձին բաժին, ինչը նախկինում չկար: «Արդյոք նպատակային սոցվճարները երաշխավորվա՞ծ են. Սահմանադրական դատարանի որոշման համաձայն, սահմանված նպատակային վճարները ոչ միայն այն չափով, որքան անձն է ներդրել եւ գումարած ինֆլյացիայի մակարդակը, այլ նաեւ պետք է երաշխավորված լինեն պետական միջոցները: Այս մասով դեռեւս երաշխավորություն չկա եւ ամրապնդվում է անվստահության մթնոլորտը համակարգի նկատմամբ»,-ասաց Պարսյանը:

Փորձագետի ներկայացմամբ՝ սոցապ նախարարը որոշ տվյալներ էր ներկայացրել, ըստ որոնց մինչեւ այժմ կուտակային համակարգում 145 հազար մարդ կա, որից 65 հազարը՝ պետական, մնացածը՝ մասնավոր. «Պետական համակարգից պարտադիր վճարում են բոլորը, մասնավոր սեկտորից այն մարդիկ են, որոնք հոժարակամ են մտել. Կամ դիմում չեն գրել, որ չվճարեն, կամ նոր աշխատանքային շուկա են մտել՝ մոտ 3000 մարդ»:

Բանախոսներն ասացին, որ մասնավոր հատվածի 65 հազարի մեջ են մտնում նաեւ բանկային համակարգի աշխատակիցները, բանկերը Կենտրոնական բանկի վերահսկողության տակ են, եւ իրենք թույլ չեն տվել աշխատակիցները դիմում գրեն, փոխարենը բարձրացրել են նրանց աշխատավարձը:

Կուտակային վճարների գումարները կառավարող ֆոնդերն, ըստ մամուլի հրապարակումների, դժգոհություններ ունեն, քանի որ ի սկզբանե նրանք գիտեին, որ մոտ 100 միլիոն դոլար գումար են կառավարելու, իսկ այսօր ուղղակի վնասներ են կրում:

Պարսյանն այս առնչությամբ ասաց. «Մենք այժմ ունենք 36 միլիարդ գումար կուտակային ֆոնդում: Մեր տնտեսությունում որտեղ են ներդրվել այդ գումարները, մենք ունե՞նք Արժեթղթերի զարգացած շուկա, որտեղ ներդրվի ու տոկոսներ լինեն: Ֆոնդերի գումարների մեծ մասը պետական պարտատոմսերի մեջ են ներդրվել: Այսինքն, պետական համակարգից եկել են ֆոնդ, որտեղից նորից գնացել պետական համակարգ»:

Պարսյանի խոսքերով՝ ներկայիս կենսաթոշակային համակարգը պետք է բարեփոխվի, քանի որ լուրջ խնդիրներ կան, օրինակ՝ նոր աշխատողների եւ կենսաթոշակառուների բալանսը պահպանելու: Բանախոսների կարծիքով՝ համակարգը ներկայիս վիճակով հնարավոր չէ գործի, այն պետք է վերանայվի, եւ այլ տարբերակներ մշակվեն, որպեսզի համակարգի նկատմամբ վստահություն լինի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031