Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂ հարցում համանախագահների քաղաքականությունն ուղղված է Թուրքիայի դեմ». Արման Նավասարդյան

Մայիս 20,2016 15:20

«Վիեննայի հանդիպումը նոր քաղաքական իրադրություն կամ «պահեր» ստեղծեց միջազգային հարաբերություններում, մասնավորապես` Հարավային Կովկասում` Արցախյան հակամարտության կարգավորման հարցի շրջանակում»,-կարծում է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

«Նոյյան տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում մայիսի 20-ին Նավասարդյանն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հստակեցրեց մասնավորապես Ռուսաստանի դիրքորոշումը. «Ռուսաստանը կամ հրաժարվում է, կամ զգուշանում է այն գերակա դիրքից, որն ունի Կովկասում եւ մասնավորապես՝ Արցախյան հարցում: Դրա պատճառը ՌԴ արտաքին քաղաքականությունում ստեղծված իրավիճակն է` սիրիական հարցում եւ ուկրաինական խնդրում: Դրությունը ծանր է. չմոռանանք ռուս-թուրքական հարաբերությունները: Երեկ Մարիա Զախարովան խիստ տոնով խոսեց Թուրքիայի քաղաքականության մասին, կարծես հենց նոր էին թուրքերը ռուսական ինքնաթիռը խփել: Միաժամանակ, այս փոփոխությունները ոգեւորում են Մինսկի խմբի մյուս համանախագահներին. աշխուժանում է Ամերիկայի եւ Ֆրանսիայի համանախագահների գործոնի հարցը Արցախյան խնդրում»:

Արման Նավասարդյանի դիտարկմամբ` համանախագահող երկրների միջեւ կարծես կոնսենսուս կա, մինչդեռ այն առկա չէ այլ խնդիրներում. «Ղարաբաղի հարցում հակասություն չեմ տեսնում այդ երկրների միջեւ, երեքն էլ հանդես են գալիս խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին: Այս երեքի քաղաքականությունն ուղղված է Թուրքիայի դեմ: Չեմ ասի, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դրանից կվատանան, բայց երեք պետություններն էլ նույն դիրքից են խոսում: ԱՄՆ-ն էլ ցանկանում է հավասարաչափ ազդել ՀՀ-ի եւ Ադրբեջանի վրա»:

Դեսպանի խոսքով` այս հանդիպման արդյունքում ոչ մի կողմ էլ չի շահել, բանակցությունը գերադասելի է պատերազմից, բայց արդյոք պատերազմը կդադարի՞. «Արդյոք Ադրբեջանը չի՞ շարունակի իր ռազմական գործողությունները: Կասկածում եմ…Իսկ մեր գլխավոր խնդիրն է` Ղարաբաղին վերադարձնել բանակցային սեղանի շուրջը, առանց դրա մենք տանուլ կտանք: Եթե վերադարձնենք, հաջորդ քայլը կարող է լինել ճանաչման հարցը, որի շուրջ բանավեճեր են գնում: Դա ռիսկի հետ է կապված: Ճանաչելուց առաջ մեր դիվանագիտությունը 22 տարի պետք է աշխատեր բոլոր հնարավոր երկրների հետ, որ պահը գալուն պես ճանաչման գործընթացը սկսվեր: Սա Կոսովոյի պես օրինակ պետք է մեզ ծառայի, ոչ թե Հյուսիսային` թուրքական Կիպրոսի պես, որին ոչ մեկը չի ճանաչում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031