«Պայքարը սկսել է ոչ թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այլ կառավարությունը: Սա նոր չէ: Բոլոր երկրներում էլ կոռուպցիայի դեմ պայքարը օրակարգային է: Մեր երկրում էլ կառավարությունն ավելի վճռական է տրամադրված»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ մեր հարցին՝ հնարավո՞ր է Հովիկ Աբրահամյանի սկսած պայքարը հասնի նաեւ բիզնես ունեցող պատգամավորներին՝ պատասխանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա ասաց՝ «Բազմիցս հայտարարել ենք, որ գործարարությունը պետք է տարանջատվի պատգամավորությունից, մենք բազմիցս հայտարարել ենք, որ այն պատգամավորները, որոնք բիզնես ունեն, պետք է հետեւություն անեն»:
Հարցին՝ եթե միշտ օրենք է եղել, միշտ էլ օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, հավասար պայմաններում պետք է գործեն բիզնեսմենները, ինչո՞ւ է հիմա նոր հայտարարում Հովիկ Աբրահամյանը՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ միշտ եղել են դժգոհություններ, բայց գիտեք, որ հայկական միտքը ճկուն է, ինչպիսի հրաշալի օրենք էլ լինի, հնարավորություն կա դա շրջանցելու»:
Թե ում պատճառով չի գործել օրենքը՝ Վահրամ Բաղդասարյանը հորդորեց մեղավորներ չփնտրել:
Կարդացեք նաև
Հարցին՝ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ հայ ժողովրդի ամենամեծ սպառնալիքը մնում է Սերժ Սարգսյանը, քանի որ սպասարկում է հող հանձնելու քաղաքականությունը, ինչպե՞ս կարձագանքեք դրան՝ նա պատասխանեց. «Ես չգիտեմ՝ Զարուհի Փոստանջյանն ում շահերն է սպասարկում, իսկ Սերժ Սարգսյանը սպասարկում է հայ ժողովրդի շահերը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ