2015թ. աշնանը և 2016թ. գարնանը Քաշաթաղի շրջանում ընդհանուր կատարվել է 17342 հա հացահատիկի ցանքս, որից 1943 հա-ն՝ գարնանացան: Ցանվել է 8525հա ցորեն, 7868հա գարի և 949հա հաճար, իսկ հյուսիսային թևում գարնանացանի աշխատանքները դեռ շարունակվում են:
Մայիսի 17-ից շրջանի հարավային թևում սկսվել է գարու բերքահավաքը: Ինչպես անցած տարիներին՝ շրջանի Իշխանաձոր գյուղում գործում է հակահրդեհային օպերատիվ շտաբ:
Մայիսի 19-ին այստեղ հարավային թևի համայնքների ղեկավարների և գյուղոլորտի, այլ պատասխանատու մարմինների աշխատակիցների մասնակցությամբ կայացավ շրջխորհրդի նիստ, որը վարեց շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը:
Ողջունելով ներկաներին՝ Ս. Խաչատրյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել ապրիլյան պատերազմի օրերին նահատակված հայորդիների հիշատակը: Հայտնեց, որ հանրապետության նախագահի հրահանգով՝ բոլոր շրջաններում բերքահավաքը պետք է կազմակերպվի պատշաճ կարգով, բերքը հավաքվի ժամանակին ու անկորուստ:
Կարդացեք նաև
Խորհրդակցությանը ներկա էին նաև հարևան զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Պողոսյանը և շրջանում տեղակայված սահմանապահ ջոկատի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Լ. Կնյազյանը: Ս. Խաչատրյանը տեղեկացրեց՝ բերքահավաքի օրերին բանակը նույնպես կցուցաբերի աջակցություն:
Ներկայացնելով օրակարգը՝ խոսքը տվեց շրջվարչակազմի ղեկավարի օգնական Արտավազդ Ալեքսանյանին, որն անդրադարձավ գարնանացանի աշխատանքներին: Ապրիլյան պատերազմական գործողություններն իրենց բացասական ազդեցությունն ունեցան այս աշխատանքների կատարման վրա. բոլոր համայնքներից տղամարդիկ կամավոր մեկնեցին առաջնագիծ, այնուամենայնիվ, բավականին աշխատանքներ իրականացան. ընդհանուր կատարվել է 2515հա հերկ, ցանվել է ցորեն՝ 35հա, գարի՝ 468հա, հաճար՝ 474հա, եգիպտացորեն՝ 226հա, մնացածը՝ բանջարաբոստանային այլ մշակաբույսեր, առվույտ, կորնգան:
Շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանը ներկայացրեց աշնանացանի և գարնանացանի ընդհանուր վիճակը, անդրադարձավ հողերի պարարտացման, վնասատուների դեմ պայքարի, բերքահավաքի իրականացման և այլ աշխատանքների կատարմանը:
Խոսելով հակահրդեհային կանոնների պահպանման մասին՝ ասաց.
-ԼՂՀ կառավարության կողմից 2016թ. նախատեսվել է Քաշաթաղի շրջանում կատարել հակահրդեհային պաշտպանիչ շերտի սրսկման աշխատանքներ. ապրիլ ամսվա ընթացքում սրսկվել է 550կմ միակողմանի ճամփեզրով 5-6մ լայնությամբ տարածք: Գյուղվարչության կողմից մշակվել է ծրագիր հակահրդեհային պաշտպանիչ շերտի հերկ կատարելու համար:
Ապա ավելացրեց, որ այս նպատակով ներգրավված է շուրջ հերկ կատարող 10 անուն տեխնիկա: Բերքահավաքի եռուն շրջանը կսկսվի հիմնականում հունիս ամսին: Այս առումով կա պայմանավորվածություն Սյունիքի մարզի՝ համապատասխան տեխնիկա՝ կոմբայն, հերկ կատարող տրակտոր, բեռնատար ավտոմեքենա ունեցողների հետ, որ օժանդակեն բերքահավաքի ժամանակին և անկորուստ իրականացմանը:
Լ. Սիմոնյանը տեղեկացրեց, որ կոմբայններով ապահովելու հարցում կա պայմանավորվածություն նաև ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հետ:
ԼՂՀ պետական փրկարար ծառայության((ՊՓԾ)) Քաշաթաղի բաժանմունքի պետ, փոխգնդապետ Քերոբ Մովսեսյանը տեղեկություններ տվեց հակահրդեհային աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ: Քարտեզի վրա ցույց տվեց այն հատվածները, որտեղ իրականացվելու է բերքահավաքը, նշեց, որ կտեղակայվեն 5 հենակետ՝ հրշեջ մեքենաներով, հերկ կատարող տրակտորներով: Կիրականացվի շուրջօրյա հերթապահություն նաև ոստիկանության և բնակիչների հետ:
Խորհրդակցությանը ներկա էր նաև Կովսականի տարածքային հիվանդանոցի տնօրեն, բժշկուհի Լուսինե Սարգսյանը, որը ներկայացրեց՝ ինչպես գործել թունավոր օձերի խայթման դեպքում: Տեղեկացրեց, որ այս տարի դեռ նման դեպք չի գրանցվել, սակայն հնարավոր դեպքերում հիվանդանոցն ապահովված է համապատասխան շիճուկներով և հորդորեց խնդրի դեպքում անմիջապես դիմել իրենց օգնությանը: Նույն պահին շտաբի մոտակա տարածքում տեղակայված մեքենաներից մեկի մեջ հայտնաբերվեց գյուրզա օձ, որը փաթաթվել էր շարժիչի խողովակներին, և դժվարությամբ հաջողվեց վնասազերծել սողունին:
Զեկույցներից հետո խորհրդակցության մասնակիցները հարցեր ուղղեցին շրջվարչակազմի ղեկավարին, պատասխանատուներին; Կարևորվեցին ոռոգման ջրատարների որոշ հատվածների վերջնական բարեկարգման և այլ խնդիր:
Ս. Խաչատրյանը համայնքների ղեկավարներին հանձնարարեց օրեր առաջ պայմանավորվել կոմբայնավարների հետ՝ բերքահավաքին արհեստական խոչընդոտներ չառաջանան: Նաև հայտնեց շնորհակալություն համայնքների ղեկավարներին, որ ապրիլ-մայիս ամիսներին կամավորականների առաջնագիծ մեկնելը կատարվեց պատշաճ:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ