Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք իշխանությունների անօրինություններն արդարացնող բացառիկ կարողություններ ունեցող դատավոր եք»,- փաստաբանն այսպես բնորոշեց Մնացական Մարտիրոսյանին

Մայիս 20,2016 14:20

Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Գեւորգ Սաֆարյանի գործով դատաքննությանն այսօր տուժող ոստիկանը չէր ներկայացել՝ դատարանին տեղեկացնելով, որ գործուղման մեջ է:

Մեղադրողը միջնորդեց տուժողի բացակայության պատճառով հետաձգել դատական նիստը՝ պատճառաբանելով, որ առանց տուժողի մասնակցության իմաստ չունի շարունակել նիստը: Իսկ պաշտպանական կողմը պնդեց, որ տուժողի մասնակցությունը անհրաժեշտ է հարցաքննության ժամանակ:

«Որեւէ խոչընդոտ չկա, քանի դեռ չկա ծայրահեղ անհրաժեշտություն նրա ներկայության, գտնում ենք, որ պետք է գործի քննությունը շարունակվի: Տուժողի ներկայությունն անհրաժեշտ է այնքանով, երբ գա նրա հարցաքննության անհրաժեշտությունը»,- ասաց Գեւորգ Սաֆարյանի պաշտպան՝ փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Գեւորգ Սաֆարյանն էլ միացավ պաշտպանի դիրքորոշմանը, ասաց՝ նիստը հետաձգելու որեւէ պատճառ չի տեսնում:

Ապա Տիգրան Հայրապետյանը ներկայացրեց իր միջնորդությունը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի ինքնաբացարկի վերաբերյալ:

«Յուրաքանչյուր ոք ունի անկախ եւ անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի քննության իրավունք:

Գործի արդար քննությունը նշանակում է, որ գործը քննող դատարանը, այսինքն նախագահող դատավորը պետք է արդար ու անաչառ քննություն իրականացնի»,-նկատեց փաստաբանը, ապա հավելեց, որ ոչ հանրության, ոչ էլ իր պաշտպանյալի ընկալմամբ, նախագահող դատավորը անաչառ ու արդար չէ: Նա մամուլից իր առանձնացրած մի քանի հոդվածների պատճեններ կցեց իր միջնորդությանն ու հանձնեց դատարանին, որոնք, իր կարծիքով, կասկած էին հարուցում դատարանի անաչառության հարցում. «Նախագահող դատավորը ամենաշատը քաղաքական հնչեղություն ստացած գործեր քննող դատավորն է, չափազանցություն չի լինի ասել, որ հարգելի դատարան, դուք այն եզակի դատավորներից եք, որոնք քննում են նմանատիպ գործեր: Հասարակության մեջ ձեւավորվել է մոտեցում, որ դուք իշխանությունների անօրինություններն արդարացնող բացառիկ կարողություններ ունեցող դատավոր եք: Դուք քննել եք «Մարտի մեկի» դեպքերով բազմաթիվ գործեր, այդ թվում հանրահայտ «7—ի գործը», քննել եք Ժիրայր Սեֆիլյանի, Շանթ Հարությունյանի, Նիկոլ Փաշինյանի, ՀԱԿ ակտիվիստների, հանրաքվեի ժամանակ այլ անձանց փոխարեն քվեարկած դեպքերով գործեր, ներկայացնում եմ մամուլի վեց հոդված, որոնք հաստատում են իմ ասածը…»:

Փաստաբանը, մեկ առ մեկ մատնանշելով Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ կատարված հարձակումները, որոնցով նա տուժող էր ճանաչվել, հարուցվել էին քրեական գործեր, բայց հանցագործություն կատարած անձինք այդպես էլ չէին բացահայտվել, ասաց, որ իր պաշտպանյալը համարվում է քաղբանտարկյալ ըստ ԵԽԽՎ-ի համապատասխան սահմանման:

Եվ իր միջնորդության մեջ, որպես դատավորի ինքնաբացարկի հիմք, փաստաբանը նաեւ ներկայացրեց այն, որ իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց, ընդունել էր այս դատարանի դատավոր Գագիկ Խանդալյանը. «Դատավոր Խանդալյանը կեղծել էր միջազգային պայմանագրի բովանդակությունը, որին հղում էր տվել որոշում կայացնելիս ու կեղծելով հարմարեցրել իր որոշմանը, գոյություն չունեցող նախադասություններ էր մտցրել իր ցանկալի արդյունքը ստանալու համար…Գեւորգ Սաֆարյանի պաշտպանը արդարադատության խորհուրդ բողոք էր ներկայացրել դատավար Խանդալյանին պատասխանատվության ենթարկելու համար: Արդարադատության խորհուրդը պաշտպանի բողոքն ուղարկել էր ՀՀ դատարանների, դատավորների ընդհանուր ժողովի, էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին, որի նախագահը դատավոր Մարտիրոսյանն է: Նա, քննելով պաշտպանի բողոքը, որոշել էր, դատավորը խախտումներ թույլ չի տվել: Փաստորեն նախագահող դատավորը միջազգային պայմանագրի բովանդակության կեղծումը չի դիտել դատավարական իրավունքի կոպիտ խախտում»:

Դատավոր Մարտիրոսյանն էլ բացատրեց, որ փաստաբանը թյուրիմացության մեջ է ընկել, ինքը Խանդալյանի հարցով միանձնյա որոշում չի կայացրել, այլ որոշումը կայացվել է հանձնաժողովի անդամների գաղտնի քվեարկությամբ:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031