Լրահոս
Օրվա լրահոսը

3 նախագահներից ով է պատրաստ եղել հող հանձնել. Արմեն Ռուստամյանի մեկնաբանությունը

Մայիս 20,2016 12:44

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին հարցրեց՝ համաձա՞յն եք Զարուհի Փոստանջյանի այն տեսակետի հետ, որ 3 նախագահներն էլ սպասարկել են հող հանձնելու քաղաքականությունը:

Նա պատասխանեց. «Ես համաձայն չեմ, որ եղել է նույն քաղաքականությունը, բացարձակապես անտեղյակ մարդը, որը տեղյակ չի՝ ինչ է կատարվել կարգավորման օրից մինչեւ հիմա, նման բան կասի: Եղել են բազմաթիվ տարբերակներ՝ փուլային, փաթեթային փաստաթղթեր: Եթե այդ ամենը դնենք համեմատենք, կտեսնենք, որ տարբերությունն ակնհայտ է: Ակնհայտ է տարբերությունը նաեւ, թե ով ինչին է համաձայնել:

Հայտնի է, որ հենց առաջին նախագահի հրաժարականը եղավ ԼՂՀ հարցով, այդ հրաժարականի հիմքում ընկած էր, ըստ էության, այն առաջարկը, որը չընդունվեց ոչ միայն ժողովրդի, այլեւ իր շրջապատի մարդկանց կողմից:

Բնականաբար վաղ է խոսել, թե վերջին իրադարձությունների արդյունքում ինչպիսի տարբերակ կառաջարկվի վերջնական, բայց որ հստակ դրված է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման սկզբունքը հավասար մյուս երկու սկզբունքների հետ, արդեն խոսում է այն մասին, որ համեմատելու եզր չկա 97-98-ի ժամանակվա հետ: Համեմատությունը կոռեկտ չէ:

Մենք երկար ժամանակ ունեցել ենք երկու սկզբունքների կիրառում, այն էլ՝ շատ աղավաղված: Մեկը ենթադրում էր տարածքների վերադարձ՝ հանուն խաղաղության, որը մերժվեց, ըստ էության, մեր կողմից՝ ՀՀ եւ ԼՂՀ-ի կողմից, որովհետեւ դա ենթադրում էր, որ պետք է մեծ նվաճում համարենք խաղաղությունը, որը մեզ պետք է պարգեւի Ադրբեջանը»:

Արմեն Ռուստամյանն ասաց, որ հակահայկական քարոզչություն սկսվեց այդ ժամանակ Ադրբեջանում, ինքը համարեց, որ իր կողմից ամենամեծ զիջումն է, որ ինքը պատերազմ չի սկսում. «Հետո տարածքներ կարգավիճակի դիմաց սկզբունքը շրջանառության մեջ դրվեց, բայց հակառակ տրամաբանությամբ՝ սկզբից տարածքներ, հետո կարգավիճակ, որը միջազգային փորձի խախտում է: Ենթադրվում է սկզբում կարգավիճակ, հետո՝ տարածքներ: Բնականաբար, այս տրամաբանության մեջ են փոփոխությունները տեղի ունեցել: Եթե ուզում եք կոռեկտ վերլուծենք, պետք է հարազատ մնանք մինչեւ հիմա հրապարակված մոտեցումներին, տեսակետներին:

Ներկա փուլում մենք իսկապես հարց ունենք, որը մի մասով լուծվեց Վիեննայի հանդիպման ժամանակ: Չպիտի տպավորություն ստեղծվեր, որ Ադրբեջանը կողմ է խաղաղ կարգավորման գործընթացին: Ադրբեջանն իրեն դուրս է դրել այդ գործընթացից, որովհետեւ չի կարելի սեղանի շուրջ նստել, բայց մարտի դաշտում անընդհատ հրահրել իրավիճակն ու պատերազմ սկսել: Այս աննորմալ վիճակից պետք է ազատվել: Մեր դիվանագիտական սխալն է եղել, որ մենք թույլ ենք տվել որ Ադրբեջանն այս աննորմալ վիճակը առաջ տանելով՝ իր քաղաքականությունը տանի: Հիմա պետք է հրետանիները լռեն, մարտի դաշտում պետք է լինի խաղաղություն: Եթե դա այդպես չլինի՝ բանակցությունները անիմաստ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031