Սերժ Սարգսյանին դավաճան համարո՞ւմ եք 800 հա տարածք ապրիլին կորցնելու համար, եւ ընդհանրապես ձեր կարծիքը Սերժ Սարգսյանի մասին: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս հարցին ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Ես էդպիսի ձեւակերպումներ չեմ տալիս: Բոլորս գիտենք դա ոնց է տեղի ունեցել՝ անսպասելի էր, հետախուզությունը պետք էր տվյալներ ունենար եւ պատրաստ լիներ»:
Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանի նախաձեռնած այս կրճատումների մասին, ասում են, նույնիսկ հավաքարարների են ուզում կրճատել՝ Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Կոռուպցիայի հետ կապված նախ էնպիսի տպավորություն էր, որ ասում էին՝ չկա, չկա, հետո հանկարծ սկսվեց կոռուպցիայի դեմ պայքար: Գործադիր մարմնում ձեւավորված մարմինը չի կարող պայքարել գործադիրում, օրենսդիրում կոռուպցիայի դեմ: Լավ, ասենք, ինչ-որ աշխատատեղեր կրճատվեցին, բայց սա՞ է խնայողություններ անելու խնդիրը: Մեքենաների կրճատումը հասկանալի է, միգուցե վաղուց էր պետք անել, բայց ֆինանսական խնդիրներ կան բազմաթիվ տեղերում՝ կոռումպացված չինովնիկների մոտ»:
Հարցին՝ Հովիկ Աբրահամյանը ԱԺ-ում ասաց, որ ՀՀ-ում մենաշնորհներ չկան, հավատո՞ւմ եք դուք՝ Մհեր Շահգելդյանը հարցին հարցով պատասխանեց՝ իսկ դուք հավատո՞ւմ եք: Հարց ուղղողը «Երկիր մեդիայի» լրագրողն էր, երբ պատասխանեց, որ այո, հավատում ենք՝ Մհեր Շահգելդյանը կատակեց՝ էլ չհարցնեմ, թե երբվանից եք հավատում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ