Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան. «Օլիգարխների մեջ կան ներկրողներ, որոնց թիկնապահները գնում են, սրան-նրան սպառնում են». «Ժողովուրդ»

Մայիս 20,2016 12:11

«Ժողովուրդը» զրուցել է ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ։

– Պարոն Մակարյան, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրեր առաջ հայտարարել էր մենաշնորհների դեմ պայքարի մասին, իսկ նախօրեին նա նշեց, որ Հայաստանում մենաշնորհ չկա։ Այս երկու հակասական հայտարարություններն ինչպե՞ս պետք է հանրությունը հասկանա։

– Ֆորմալ առումով ճիշտ է ասել վարչապետը։ Օրենսդրորեն մեզ մոտ դրանք պատժելի են, եւ որեւէ մեկը ինչ-որ մեկին արտոնություն չի տվել կամ ասել, որ դու ես միայն սրանով զբաղվելու։ Բայց մեզ մոտ իրականում կան այնպիսի երեւույթներ, որ արդեն չգրված օրենքներ են։ Ինչ-որ մարդկանց հանդեպ աչքը փակել եւ լինել այդ պրոցեսներում ինտեգրված։ Այսինքն՝ այդ ներկրվող ապրանքների համար արտոնություններ տալ ինչ-որ մարդկանց՝ մյուսներին արհեստականորեն խանգարելով։ Այդ մոնոպոլիաների, օլիգարխների մեջ կան ներկրողներ, որոնց թիկնապահները գնում են, սրան-նրան սպառնում են, ասում են՝ էլ չբերես, եթե բերես, քո հետ էս կլինի, էն կլինի, եւ ինչ-որ հետեւանքներ են լինում, եթե չի լսում։

Կան շատ տարբեր թաքնված մոնոպոլիաներ, շատ պաշտոնյաների, պատգամավորների, նախկին նախարարների երեխաները, քույրերը, եղբայրները, հարսները, փեսաները, ընկերները բիզնեսների մեջ են մտել, եւ նրանք, քանի որ գիտեն՝ ով ով է, ստուգումները անհավասարաչափ են կատարվում նրանց հանդեպ։ Կարող են նրանց չստուգել, ստուգել՝ չտուգանել կամ շատ քիչ ստուգումներ անել։

Սա անհավասարության մրցակցության մի երետւյթ է, որը արհեստականորեն մոնոպոլիա է առաջացնում, որովհետեւ նրանք, ովքեր ազնիվ աշխատում են՝ սկսում են քիչ-քիչ թուլանալ եւ շուկայից դուրս թռնել, նրանց տեղերը սկսում են գրավել։ Սա էլ է մոնոպոլիայի ձեւ, որը թաքնված է, եւ այդպիսի կազմակերպությունները Հայաստանում հազարավոր են։ Սրանք տնտեսության շատ օղակներում են մտնում, ե՛ւ Երեւանում, ե՛ւ մարզերում են, քանակապես շատ են ու քանի գնում՝ շատանում են։

Քանի որ հիմա վարչապետը խոսում է մոնոպոլիաները վերացնելու կամ կոռուպցիայի խնդիրների մասին, ապա լավ կլիներ այնպիսի պրոցես սկսել Հայաստանում, որտեղ պետռեգիստրը, պետական եկամուտների կոմիտեն եւ այլ մարմինները, որոնք որ առնչվում են գործատուների հետ, կարող են չգրված ինֆորմացիաները դասակարգել, լուրջ բազա ստեղծել, թե մենք ինչ պետք է անենք, որ այս համակարգը կարգավորենք։

Մենք առարկություն չունենք, որ պաշտոնյաների երեխաները կամ ընկերները բիզնես ունենան, բայց պետք է լինեն հավասար պայմաններ, չպետք է նրանք իրենց դիրքը չարաշահեն, սրան-նրան զանգելով՝ հարցեր լուծեն։ Սա ավելի լուրջ պրոցես է եւ շատ ավելի մեծ, համախառն ներքին արդյունքի, ստվերի, բյուջեի հարկերի եւ բիզնեսին դուրս մղելու առումով ավելի վտանգավոր երեւույթ է։

Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031