Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ունենք ոչ թե 800 հա կորցրած տարածք, մենք ունենք այսօր կորցրած գյուղ». Զարուհի Փոստանջյան

Մայիս 20,2016 11:55

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նախ քննադատեց նախագահ Սերժ Սարգսյանին, որ իրեն հարազատ ԶԼՄ-ներին է հարցազրույց տալիս: Ըստ նրա՝ դա ժողովրդավարության բացակայության մասին է խոսում. «Նրա ասածը, որ 800 հա տարածք է բռնազավթվել ապրիլին Ադրբեջանի կողմից եւ նրա վերաբերմունքը, որ դա նշանակություն չունի, շատ ցավալի փաստի մասին է խոսում: Թալիշն անմիջապես ռմբակոծության տակ է, բնակիչները տեղահանվել են եւ չգիտեն երբ են վերադառնալու իրենց մշտական բնակավայր: Մենք ունենալու ենք նահանջներ եւ նահանջներ, Մարտակերտն է արդեն վտանգվելու: Մենք պետության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից դավաճանության ենք հանգել: Դավաճանության վերաբերյալ պետք է սկսվեն գործընթացներ: Նրանք պետք է դատապարտվեն: Հողեր հանձնելու վերաբերյալ բանակցել են այս տարիներին ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, իսկ Սերժ Սարգսյանը դրա շարունակողն է եղել: Այն արդարացումը, որ մենք միայն բանակցում ենք, այսօր հասկանում ենք, որ առանց Արցախի իշխանությունների մասնակցության մեր առաջխաղացումը կասեցվել է՝ հենց ՀՀ-ի կողմից:

Խաչատուրովը հենց այնպես չէր մեկնել: Մենք կասեցրել ենք մեր հաղթական առաջընթացը: Հիմա էլ հայտարարվում է, թե այդ 800 հա-ն նշանակություն չունի: Այդ 800 հեկտարի պատճառով մենք ունենք խոցելի Մարտակերտ, դատարկված գյուղ, դա արդեն անվտանգության խնդիր է: Այս բեկումը տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի միջոցով»:

Նա վստահեցրեց, որ եթե բանակը չկանխեր, աղետը հասնելու էր միանշանակ մինչեւ Ստեփանակերտ:

Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ ամեն ինչից ավելի մեծ վտանգ հայ ժողովրդի համար ներկայացնում է Սերժ Սարգսյանը. «Ինքը սպասարկում է հող հանձնելու քաղաքականությունը»:

Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանը նախ խոսում էր 200 հա-ի մասին, հետո ասաց 800, հետո բացատրեցին, որ 200 հա ասելով՝ նկատի է ունեցել խորությունը, ինչպե՞ս եք վերաբերվում այդ փոփոխությանը, ինչո՞ւ էր սկզբում 200, հետո դարձավ 800՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանի խոսքերը երբեք պետք չէ լուրջ ընդունել եւ հավատալ իր խոսքերին: Այդ անձը մշտապես ստել է: Մենք փաստացի ունենք կորցրած Թալիշ գյուղ: Այնտեղի բնակչությունը հնարավորություն չունի այնտեղ ապրելու: Մենք ունենք ոչ թե 800 հա կորցրած տարածք, մենք ունենք այսօր կորցրած գյուղ: Գյուղ հիմնադրել, բնակավայր ստեղծել շատ դժվար է այս օրվա տնտեսական պայմաններում, հետեւաբար դա կորցնելը նշանակում է, որ մենք կորցրել ենք բնակավայր եւ Մարտակերտում անվտանգ ապրելու հնարավորությունը: Դա դարձնում է ամբողջ մեր արեւելյան հատվածը խոցելի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031