2016թ. մայիսի 20-ից 21-ը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այցով կլինի Իտալիայում, որտեղ տեղի ունենալիք հանդիպումների շրջանակներում նախատեսված է նաև, որ Լուկաշենկոյին կընդունի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Այս մասին տեղեկացնում է բելառուսական CTV հեռուստաընկերությունը։
Լուկաշենկոյի այցն Եվրամիության անդամ երկիր կլինի առաջինը, երբ ընթացիկ տարվա փետրվարին եվրոպական այդ կառույցը հանեց Բելառուսի հանդեպ սահմանված պատժամիջոցները։
Բելառուսի նախագահի այցի շրջանակներում նախատեսվում է նաև նրա հանդիպումը Իտալիայի նախագահ Սերժիո Մատարելիի հետ, որի ընթացքում նախատեսվում է քննարկել Բելառուսի և Իտալիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունները, երկու երկրներում ներդրումներ կատարելու հնարավորություններն ու նպատակահարմարությունները։
Հիշեցնենք նաև, որ Լուկաշենկոն արդեն մեկ անգամ հանդիպել է Հռոմի պապին։ 2009թ. իր որդի Նիկոլայի հետ Լուկաշենկոն կրկին այցելել էր Վատիկան, որտեղ հանդիպել էր ժամանակի Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հետ։