Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսեյ Պավլովսկի. Իսկ Երեւանը պահանջո՞ւմ է, որ ԼՂՀ-ն վերադառնա բանակցությունների սեղանին

Մայիս 20,2016 10:36

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը հայաստանցի լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԼՂՀ հարցի կարգավորմանն՝ ասաց, որ իր համոզմամբ, շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայումը պարտադիր է:

Ընդհանրապես, դաշնային խորհրդի պատգամավորը գտնում է, որ հարցի համապարփակ եւ ամբողջական լուծումը պետք է թողնվի հաջորդ սերունդներին, քանզի այս սերնդի ներկայացուցիչների համար բանակցելը բավական բարդ է`վերքերը թարմ են: Բայց որ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի` Ջաբարովի համար միանշանակ է: Այս համատեքստում նա կարեւորում է Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, այնտեղ ձեռք բերված պայմանավորվածություններն ու դրանց պարտադիր կատարումը:

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ-ի բաժնի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին եւս հայաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարեւորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթակում ընթացող գործընթացը, համանախագահ երկրների միակարծությունն այդ հարցում`ԼՂՀ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայության եւ 1994 թվականի հրադադարի համաձայնագրի ուժի մեջ լինելու մասով: Մինսկի խմբի գործընթացին զուգահեռ, ըստ ռուսաստանցի չինովնիկի, ՌԴ-ն կշարունակի հավելյալ ջանքեր գործադրել հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ, քանի որ ՌԴ-ն մյուս համանախագահների համեմատ հակամարտության կողմերի հետ բավական մտերմիկ հարաբերություններ ունի, ինչը ոչ ոք չի վիճարկում եւ վերապահումներ չեն արտահայտում, երբ ՌԴ-ն «սեփական քայլերն» է անում:

Հայաստանցի մի քանի լրագրողներ այս օրերին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում են գտնվում ԶԼՄ-ների համագործակցության «Նոր հայացք» ծրագրի շրջանակներում:

Ինչ վերաբերվում է խաղաղապահ ուժերի տեղակայմանը, ռուսաստանցի չինովնիկը նկատում է, որ այդ հարցը մշտապես եղել է բանակցային փաթեթներում, բայց այն արդիական կդառնա եթե հարցի կարգավորման գոնե ժամանակավորման տեսլական համաձայնեցվի:

ԼՂՀ-ի բանակցային սեղանի շուրջ վերադառնալու մասին էլ, ռուսաստանցի չինովնիկն ասաց. «Ես չեմ տեսել, որ մասնակիցներից որեւէ մեկը պաշտոնապես դնի այդ հարցը»:

Դիտարկումներին, որ քառօրյա պատերազմի օրերին պաշտոնական Երեւանն, ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, առաջ քաշեց այդ հարցը, նաեւ ԼՂՀ պաշտոնյաները քանիցս հայտարարեցին այդ մասին, Ալեքսեյ Պավլովսկին ասաց, որ տեղյակ է`հարցը քննարկվեց, բայց արդյոք Երեւանն այն պաշտոնապես առաջադրե՞ց ու նկատեց, որ համենայնդեպս Վիեննայի համաձայնություններում այդ հարցը տեղ չգտավ:

«Հասկանալի է, որ Երեւանը հավանաբար ցանկալի կհամարեր, դա ակնհայտ է, բայց ձեւակերպո՞ւմ է դա իբրեւ բանակցային պահանջ, մի փոքր այլ մակարդակ է»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը բանակցային գործընթացի մանրամասներին չի տիրապետում, ուստի իր դիտարկումները կարող են նաեւ «աբստրակտ» բնույթ կրել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031