Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը ՌԴ-ի գործընկերն է, Ադրբեջանը`ռազմավարական դաշնակիցը»

Մայիս 20,2016 10:13

Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարեց, որ ՌԴ-ն շարունակելու է զենք վաճառել իր ռազմավարական գործընկեր երկրներին`Հայաստանին եւ Ադրբեջանին: Պատերազմական իրավիճակում զենքի վաճառքի մասին հայտարարությունից բացի, ՌԴ փոխվարչապետի դիտարկումներում ևս մեկ ուշագրավ նորույթ կար: Այն է, որ Ադրբեջանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է: Նման հայտարարություն, համենայնդեպս, ռուսաստանցի չինովնիկների կողմից չէր եղել:

Այս համատեքստում, Aravot.am-ի հարցին`ինչպե՞ս կանվանեք ռուս-ադրբեջանական հարաբերությունները, Ադրբեջանը ՌԴ-ի համար այնպիսի ռազմավարական գործընկեր է ինչպիսին Հայաստա՞նը, ՌԴ ԱԳՆ ԱՊՀ-ի բաժնի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին ասաց, որ իրենք հիմնվում են միջպետական փաստաթղթերի վրա, որոնցով փաստվում է հարաբերությունների բնութագիրը:

«Հայաստանի հետ հարաբերությունները…դուք ասում եք այդպիսի՞ն են… այդպիսին չեն: Հայաստանի հետ հարաբերությունները գործընկերային են: Ադրբեջանի հետ հարաբերությունները, դրանք գործընկերային չեն, մենք դրանք բնութագրում ենք ինչպես ռազմավարական համագործակցություն: Երկու բառերն էլ հասկանալի են. գործընկերությունը նշանակում է փոխգործակցություն, ռազմավարականը նշանակում է, որ փոխգործակցությունը երկարատեւ բնույթ ունի`օբյեկտիվ հիմքով: Ռուս-ադրբեջանական փոխգործակցության օբյեկտիվ հիմքերը հասկանալի են`աշխարհագրական դիրքը, տնտեսական կապերը, ՌԴ-ում հսկայական ադրբեջանական սփյուռքի գոյությունը: Դա այն ամենն է, ինչը մենք կոչում ենք ռազմավարական գործընկերություն: Դե իհարկե, Ադրբեջանը չի հանդիսանում ՌԴ-ին այնպիսի գործընկեր, ինչպիսին Հայաստանն է: Հայաստանի հետ մենք ռազմաքաղաքական միություն ենք, բազմաթիվ համաձայնագրեր ունենք, այդ թվում նաեւ փոխգործակցության: Ահա տարբերությունը: Եվ ասել, որ այդ հարաբերությունները ՌԴ-ում ընկալվում են հավասարազոր`ճիշտ չէ»:

Ռուսաստանցի չինովնիկը նկատում է, որ ոչ բոլորն են նման նրբությունների մեջ մտնում ու այդ պատճառով էլ Ռոգոզինի հայտարարությունը սվիններով ընդունվեց`«ինչպե՞ս կարող է նման բան լինել»:

Նա համամիտ է`հասարակությունը չի կարդում միջպետական փաստաթղթերը, բայց նկատում է, որ այդտեղ են նրբությունները, որոնց թիկունքում որոշակի քաղաքական բովանդակություն կա:

Հայաստանցի մի քանի լրագրողներ այս օրերին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում են գտնվում ԶԼՄ-ների համագործակցության «Նոր հայացք» ծրագրի շրջանակներում:

Պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ամեն դեպքում չինովնիկների հայտարարությունները միանշանակ չեն ընկալվում հասարակության կողմից և, ըստ այդմ, էլ անդրադառնում են հասարակական կարծիքի վրա, Ալեքսեյ Պավլովսկին նկատեց քաղաքագետների եւ լրագրողների դերը հենց նման պարագաներում է կարեւոր դառնում, քանի որ նրանք նկատում են նրբությունները եւ պետք է հուշումներ անեն հանրությանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031