Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է, որ Ադրբեջանն առնվազն դեմ չէ, որ ԼՂՀ ներկայացուցիչը մասնակցի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներին. «Հայոց աշխարհ»

Մայիս 20,2016 08:28

Haqqin.az-ի «ստեղծագործական խումբը» դիմել էր արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւին, որն էլ «իր արեւին» մեկնաբանել էր Արտակ Դավթյանի ասածը՝ հիմար վիճակի մեջ դնելով ադրբեջանական իմաստուն դիվանագիտության գլխավոր գերագույն հրամանատարին։

«Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Դավթյանի խոսքերը, թե Լեռնային Ղարաբաղի քրեականացված ռեժիմի ներկայացուցիչը Վիեննայում տեղի ունեցած հանդիպմանը չի մասնակցել, որովհետեւ Ադրբեջանը դա չէր ուզում, լիակատար անհեթեթություն է եւ չի համապատասխանում իրականությանը»։

Ավելին՝ «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը ղարաբաղցի անջատողականների մասնակցության առաջարկ որեւէ մեկի, այդ թվում՝ Հայաստանի ներկայացուցիչների կողմից չի եղել»,- հայտարարել է Հաջիեւը՝ կրկնելով ադրբեջանական քարոզչության «ֆիրմային» թեզը Հայաստանի կողմից «օկուպացված» տարածքների մասին։

Երեկ, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի սենսացիոն հայտարարությանը, ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆՆ իր գոհունակությունը հայտնեց՝ առ այն, որ հակառակորդը սկսում է խելքի գալ. «Ըստ էության, սա այն դեպքն է, երբ անչափ ուրախ ես, որ քո ասածը պաշտոնապես հերքվում է։ Ստացվում է, որ Ադրբեջանն առնվազն դեմ չէ, որ ԼՂՀ ներկայացուցիչը մասնակցի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներին, այսինքն՝ այն, ինչին տարիներ շարունակ ձգտում է Հայաստանը։

Սա այն զիջումներից մեկն է, որին հայկական կողմը գնացել է խաղաղ գործընթացի շարունակականությունն ապահովելու համար՝ մշտապես նշելով, որ բանակցությունների իրական ձեւաչափը խախտված է, եւ Ղարաբաղը վաղ թե ուշ պետք է վերադառնա բանակցային սեղանի մոտ որպես հակամարտության լիարժեք կողմ։ Համանախագահները նույնպես բազմիցս նշել են, որ ինչ-որ պահից Ղարաբաղը պետք է ներգրավվի բանակցային գործընթացում։ Փաստորեն այդ ժամանակն արդեն եկել է»։

Արտգործնախարարության խոսնակն արտահայտում է պետության պաշտոնական տեսակետը, հետեւաբար, ըստ նրա, նախագահների հետագա հանդիպումներին անպայման պետք է հրավիրվի նաեւ ԼՂՀ ներկայացուցիչը. «Միայն կարող եմ ողջունել այս աննախադեպ հայտարարությունը։ Վիեննայում կայացած հանդիպումից հետո սա, ըստ էության, առաջին ավետիսն է՝ ե՛ւ մեզ, ե՛ւ եռանախագահներին, ե՛ւ միջազգային հանրությանը. փաստորեն Ադրբեջանը պատրաստ է էական առաջընթաց արձանագրել բանակցային գործընթացում՝ ոչ թե միջնորդավորված, այլ ուղղակի բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի հետ։ Սա պետք է ընդունենք որպես բարի կամքի դրսեւորում՝ արձանագրելով, որ սառույցը կոտրվել է»։

Փորձեցինք ստանալ նաեւ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ մեկնաբանությունը։

«Այնպես չէ, թե մեր «պռոշը ճաքում է» ադրբեջանցիների հետ հանդիպելու, ինչ-որ հարցեր քննարկելու համար։ Ուղղակի հակամարտության բնույթն է այնպիսին, որ, ուզենք-չուզենք, պետք է նստենք սեղանի շուրջ եւ փորձենք համաձայնության եզրեր գտնել։ Եվ ինչքան շուտ Ադրբեջանը դա հասկանա, այնքան լավ բոլորի, առաջին հերթին՝ իրենց համար, եթե իհարկե ուզում են լուծել խնդիրը»:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031