Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Սոլովյովի դիտարկումները հայաստանյան քաղաքական համակարգի չկայացվածության վերաբերյալ

Մայիս 20,2016 08:09

«Ես ՌԴ-ում Հայաստանի դեսպանին չեմ ճանաչում»,- հայաստանցի լրագրողների հետ հանդիպում-քննարկման ժամանակ հայտարարեց հայտնի լրագրող, հեռուստատեսային եւ ռադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովը:

Հայաստանցի մի քանի լրագրողներ այս օրերին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում են գտնվում ԶԼՄ-ների համագործակցության «Նոր հայացք» ծրագրի շրջանակներում:

Խոսքն այն մասին էր, որ հայկական լոբբին Ռուսաստանում չի աշխատում: Ավելի ուշ, նաեւ այլ պետական գերատեսչությունների տարբեր պաշտոնյաների հետ տարբեր զրույցներում պարզ դարձավ, որ հիմնականում պետական, դիվանագիտական հատվածն էլ, մեղմ ասած, լիարժեք չեն կատարում իրենց աշխատանքը կամ կիսատ-պռատ են ամեն ինչ անում:

Հանդիպումներից մեկի ժամանակ ռուսաստանցի բարձրաստիճան չինովնիկներից մեկն էլ նկատեց, որ վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը որեւէ առիթով որեւէ միջոցառում կամ ընդունելություն չի կազմակերպել: Մինչդեռ ադրբեջանական դեսպանատունը բավական ակտիվ գործունեություն է ծավալում. տարբեր մշակութային միջոցառումներ, հրավերներ եւ հյուրընկալություններ են լինում, որոնց ամենատարբեր ազգերի տարբեր ոլորտներից մարդիկ են մասնակցում, որոնք անցած ճանապարհ, հասարակական դիրք եւ որոշակի կշիռ ունեն:

Մոսկվայի հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ էլ տարբեր զրույցներում նկատեցին, որ անգամ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը սրբորեն պահպանեց իր «լռության ուխտը»

Բավական ուշագրավ էին Վլադիմիր Սոլովյովի դիտարկումները հայաստանյան քաղաքական համակարգի չկայացվածության վերաբերյալ: Հայտնի վերլուծաբանը զարմացած էր, որ վերջին խորհրդարանական ընտրություններում ասպարեզում մի կողմից իշխող ուժի ներկայացուցիչ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր, մյուս կողմում` «սպիտակ կոստյումով, ուժեղ ձեռքերով արմռեսթլինգում հաջողության հասած մարդը» (նկատի ունի ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին-Ն. Գ.): Նաեւ`մի քանի հոգի, ովքեր «ավելի լավ անգլերեն են խոսում, քան հայերեն»:

Վլադիմիր Սոլովյովին ոչ պակաս զարմացրել է այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսությունը, մասնավորաբար, ռազմարդյունաբերությունը չի զարգանում, ինչը ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ բավական վատ վիճակի մեջ դրեց Հայաստանին: «Ի՞նչ է ուղեղներ չունե՞ք»,- զարմացավ Սոլովյովը:

Ի դեպ, և ՌԴ պետդումայում, եւ ՌԴ դաշնային խորհրդում հանդիպումների ժամանակ, ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով զրույցների ժամանակ, ի պատասխան հայկական պատվիրակության ներկայացուցիչների`ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինության մասին տարբեր հարցադրումների, միեւնույն հարցերն էին ուղղվում. «Ռուսաստա՞նն էր մեղավոր, որ ձեր զինվորները զրահաբաճկոններ չունեին, որ ձեր զինվորները սաղավարտներ չունեին, տաք գուլպաներ չունեին, փամփուշտներ չունեին, կապ չունեին…»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Սվետլանա says:

    Սոլովյովի դիտարկումները կարդալիս զգացի որ կամաց-կամաց կարմրում եմ… Ցավոք, այս ամենը ճշմարտություն է և խայտարակություն միևնույն ժամանակ: Այնպես չէ, որ Սոլովյովի փաստարկները հայտնագործություններ են, պարզապես մենք համակերպվել ենք այս ամենի հետ, որովհետև “ժամանակը չէ”, կամ ևս մեկ փաստարկ` մենք համախմբվում ենք միայն օրհասական պահերին, երբ լինելու/չլինելու խնդիր է լուծվում: Փորձեք որև է տեղ` փոխոցում կամ Ազգային ժողովում, կարգազանցի դեմ ձայն բարձրացնել, տեսեք քա՞նի հոգի կհայտնվի ձեր կողքին: Սրանք լինելով մասամբ մշակութային, միևնուն ժամանակ, խիստ համակարգային խնդիրներ են: Մենք պետք է փաստենք, որ այս համակարգի ներքո, ամենուրեք` սկսած կոշկակարի կրպակից մինչև ամենավերին ատյանները գործում են նույն սկզբունքները: Այդ նույն պատճառով է, որ բանակի իրական վիճակը բացահայտվեց ոչ թե բանակի համակարգի ներքո (բացառված է, որ այնտեղ ազնիվ մարդիկ չկան ), այլ մարտի դաշտում: Այսօր մեր երկիրը ներկայացնում են Հովիկ Աբրահամյանները, Շարմազանովները, Ծառուկյանները…և դա փաստ է: Չբացառելով իրենց հնարավոր արժեքը ԻՐԵՆՑ համապատասխան տեղում, անզեն աչքով երևում է, որ մարդկային այս տեսակը, երկիր և ժողովուրդ ներկայացնելու իրավունք չունի, այն էլ էս տեսակ ժողովուրդ:

  2. Սվետլանա says:

    Ինչ վերաբերում է ուղեղներին… Մեր հասարակության, իր մտավոր անսպառ կարողություններով, վիճակը ինձ մոտ ասոցիացվում է Հյուգոյի “Փարիզյան Աստվածամոր տաճար” վեպից մի դրվագի հետ, որտեղ դատապարտյալին նստեցնում էին կղանքով լի տակառի մեջ և սայլը շրջում էր ամբողջ քաղաքով մեկ: Ժամանակ-առ-ժամանակ տակաքի վրայով դահճի սուրն էր անցնում: Եթե դատապարտյալը չհասցներ սուզվել այդ կղանքի մեջ, նրա գլուխը կթռներ: Այսօր մեր ուղեղները այս վիճակում են, նրանք չեն երևում: Վերջերս կարդացի Ռուսաստանի նախքին ՊԱԿ-ի գործակալի մի վերլուծություն, որտեղ նա այսպես է արտահայտվում, որ նմանատիպ համակարգերի ներքո, զարմանալիորեն “на поверхности оказывается дерьмо”. Ներողություն եմ խնդրում ոչ բարեհաճ օրինակներիս համար:
    Եվ վերջապես, մեկ դիտարկում ևս: Լինելով որոշակի ոլորտի, որոշակի մակարդակի մասնագետ, մի օր ականատես լինելով, թե ինչպիսի հմտությամբ է մեր կազմակերպության հավաքարարը կատարում իր գործը, մտածեցի -”Եթե մի օր, ինչ-ինչ պատճառով, հարկ լինի կատարելու այս աշխատանքը, պետք է համապատասխան հմտություններ ձեռք բերել”: Զարմանում եմ և զայրանում մեր երկիրը ներկայացնող իշխանավորների անսահման սահմանափակության առումով, որ նման բարոյական կարողություններով, երկիր կառավարելու հավաքնություններ ունեն:

  3. Երբ ուղտին հարցրեցին ինչու է մեջքդ ծուռ,ասաց,իսկ որտեղս է ուղիղ…Խեղճ Հայաստան…

  4. Գեւորգ says:

    Բա էս շան տղեն ի՜նչն է սխալ ասում: Իսկ իրական խնդիրն այն է, որ թե տնտեսական թե քաղաքական հարցերով մերոնց լուրջ չեն ընդունում, դիտելով որպես մարդակապիկների, որոնց հետ միայն խաբելով ու ծեծելով պետք է աշխատել: Իսկ խորքային պատճառն այն եղավ, որ մենք ջանասիրաբար գլխատեցինք տարիներով ձեւավորված մեր ղեկավար էլիտան (թեկուզ կոմունիստական) իսկ նորի փոխարեն … գիտենք ինչ եկավ: Նայենք շուրջներս: Պուտիով սկսաց՝ նազարբայ, լուկաշ, թուրքմենբաշի, հեյդար ու իլհամ, գույներն ու կաշիները փոխած՝ նույն հին գվարդիան են: Իսկ մեզ մոտ ազգային հոսանքի վրա նստած, մատենադարաններից ու սրճարաններից զանազան անգործ լիրիկներ ու ֆիզիկներ հայտնվեցին ու սկսեցին ճամարտակություններով ու վերլուծություններով զբաղվել, զուգորդելով այն անտաղանդ թալանով ու քար ու քանդով: Երեւի հիշողներ կլինեն անթրաշ հավատացյալ խաչիկ Ստամբոլցյանին որը գոռում էր – այդ ատոմակայանը, այդ, այդ հրեշ նաիրիտը եւ էլի ինչեր … ուր է հիմա, տեսնես մորուքը կա թե թրաշել է?

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031