Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տարածքների կորուստը նախընտրական պայքարում օգտագործվելու է Սերժ Սարգսյանի դեմ»

Մայիս 20,2016 17:00

Ալիեւ-Սարգսյան հունիսյան հանդիպումը կանխորոշիչ կլինի

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը համոզված է, որ տարածքների կորուստը նախընտրական պայքարում օգտագործվելու է Սերժ Սարգսյանի դեմ:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպումից հետո հայաստանյան որոշ հեռուստաընկերությունների ինքնաթիռում տված հարցազրույցում հստակեցում էր մտցրել քառօրյա պատերազմից հետո հայկական կողմի տարածքների կորուստների ծավալների մասին: Նա մասնավորապես հայտարարել էր. «Եթե մետրով չափենք, ապա ասեմ, որ հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 000 հեկտար, կորցրել են 800 հեկտարի չափով. դա մեկ հազարերորդն է: Բայց հաշվի առեք, որ մեկ զոհ եւ երկու վիրավոր է ունեցել ադրբեջանական կողմը յուրաքանչյուր հեկտարի համար: Համեմատեք, տեսեք, թե այդ ութ հարյուր հազարը գրավելու համար ինչքան զոհ պիտի տային»:
«Առավոտը» պարոն Ենոքյանից հետաքրքրվեց՝ արդյոք այդ տարածքում մեկ մետր հողի կորուստն էլ լուրջ նշանակություն չունի՞ մեզ համար, պարոն Ենոքյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ այդտեղ ցանկացած մեկ մետրի կորուստն էլ Սերժ Սարգսյանի համար վտանգավոր է, քանի որ արդեն իսկ հնչում են ձայներ, որ այդ կորուստները օգտագործվում են նրա դեմ: Նախագահական պայքարն է սկսվում, եւ մեկ մետրի կորուստն անգամ էական նշանակություն կունենա զուտ ներքաղաքական առումով»: Աղասի Ենոքյանը վստահ է, որ տարածքների կորուստը հաղթաթուղթ է դառնալու այն բոլոր ուժերի ձեռքին, որոնք ուզում են գալ իշխանության:

Մեր այն դիտարկմանը՝ արդյոք Վիեննայում ձեռք բերված համաձայնությունը՝ մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման հարցում, չի՞ խոչընդոտի ՀՀ-ին ետ բերել ապրիլյան պատերազմի օրերին կորցրած տարածքները, պարոն Ենոքյանը պատասխանեց. «Այդ մեխանիզմները եւ տեխնիկան թե՛ կազմակերպչական, թե՛ տեխնիկական առումով բավականին ժամանակ կտեւի, մինչեւ բերեն այդ գոտի հասցնեն: Այնպես որ՝ մենք դեռեւս որոշակի ժամանակ ունենք»:
Մեր այն հարցին՝ արդյոք այդ պայմանավորվածությունը իրական երաշխիքներ պարունակո՞ւմ է, թե՞ կկրկնվի նույն սցենարը, երբ ժամանակին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը Փարիզում համաձայնություն էր ձեռք բերում, վերադառնում Բաքու՝ այլ հայտարարություն անում, պարոն Ենոքյանը դժվարացավ կանխատեսումներ անել, բայց հիշեցրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հայտարարությունը, թե դա պարզապես համանախագահների առաջարկն է, եւ պարտավորություն չեն տեսնում: Ըստ քաղաքագետի՝ սա արդեն իսկ նրանց կողմից թեական մոտեցում է. չեն մերժել, բայց չեն էլ հաստատել: Աղասի Ենոքյանի համոզմամբ՝ Ադրբեջանը, խորհրդակցելով Ռուսաստանի հետ, սպասում է իրավիճակի զարգացումներին. «Ռուսաստանին այս իրավիճակը ձեռնտու է. նա չի ցանկանում, որ այդ սարքերը տեղադրվեն սահմանին»:

Հարաբերական հանգստի մասին երկարատեւ կանխատեսումներ պարոն Ենոքյանն անել չի կարող, միայն կարծում է, որ այդ դադարը կտեւի մինչեւ ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահների հունիսյան հանդիպում, երբ պարզ կդառնա, թե զարգացումները ինչ հունով են ընթանալու:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031